ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում անցկացվեց հերթական գիտափորձը։
Կենտրոնի լաբորանտ Համլետ Թորոսյանի փոխանցմամբ՝ կատարվեց էքսպերիմենտալ կենդանու ուղեղի անջատում՝ դեկապիտացիայի (գլխատման) միջոցով։
«Գիտափորձի նպատակն ուղեղի հյուսվածքի անջատումն է և նյարդային բջիջների հետագա կուլտիվացիան։ Այսինքն՝ ստեղծվելու է բջջային կուլտուրա այն բջիջներից, որոնք կստանանք մեր կողմից հեռացված ուղեղի հյուսվածքից», – նշեց Համլետ Թորոսյանը՝ ընդգծելով, որ կենդանին էֆթանազիայի է ենթարկվում միջազգային բոլոր էթիկական չափանիշներին և պրոտոկոլներին համապատասխան։
«ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի կրտսեր գիտաշխատող Գոհար Կարապետյանը մանրամասնեց, որ գիտափորձի նպատակն է ստանալ նեյրոնալ բջջային կուլտուրա, որի վրա կմոդելավորվի Ալցհեյմերի տիպի նեյրոդեգեներացիա։
«Ընդհանրապես բջջային մոդելները հարմար են ազդող գործոնի էֆեկտի և դրանով հարուցված բջջի անմիջական պատասխանի ուսումնասիրման համար։ Մենք ուսումնասիրում ենք մոնոցիտների դերն Ալցհեյմերի տիպի նեյրոդեգեներացիայի գործընթացում։ Փորձում ենք հասկանալ, թե ինչքանով են մոնոցիտները ներգրավվում գլխուղեղում կուտակված բետա-ամիլոիդի՝ հիվանդության առաջացման պատճառներից մեկի «մաքրման» գործընթացի մեջ», – մանրամասնեց Գոհար Կարապետյանը։