Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ալցհեյմերի հիվանդությունը՝ «Ուղեղի ճանաչման շաբաթվա» շրջանակում

Ալցհեյմերի հիվանդությունը՝ «Ուղեղի ճանաչման շաբաթվա» շրջանակում

«Ուղեղի ճանաչման շաբաթվա» (“Brain Awareness Week”) շրջանակում Կապույտ դահլիճում անցկացվեց պանելային քննարկում Ալցհեյմերի հիվանդության վերաբերյալ։

«Ալցհեյմերի հիվանդություն․ հայացք տարբեր տեսանկյուններից» խորագիրը կրող քննարկման մասնակիցներին ողջունեց Կենսաքիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը․ «Հաճելի է տեսնել, որ դահլիճը լեփ-լեցուն է այս օրերին։ Փոխվել է ուսանողների հետաքրքրությունը գիտության նկատմամբ։ Դա վկայում է այն մասին, որ ապագա բժիշկներն ավելի ճիշտ են հասկանում իրենց դերը հասարակության զարգացման մեջ, գիտության դերը իրենց՝ որպես մասնագետների հասունացման գործում։ Այսօր խոսելու ենք նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մասին։ Նեյրոդեգեներացիան այն թեման է, որը պայմանավորել է տարածաշրջանում առաջատար «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի ստեղծումը»։

Ալցհեյմերի հիվանդությունը, նրա խոսքով, պայմանավորված է մարդու օրգանիզմում նեյրոնների քայքայմամբ։

Պրոֆեսորը ներկայացրեց հիվանդության առաջացման պատմությունը, այս հիվանդությունն ունեցող մարդկանց դինամիկան տարիների ընթացքում։

«Ըստ կանխատեսումների՝ յուրաքանչյուր քսան տարվա ընթացքում պացիենտների քանակը կրկնապատկվելու է։ Այսօր աշխարհում 55 միլիոն մարդ ունի Ալցհեյմերի հիվանդություն։ 2050 թվականին ենթադրվում է, որ այդ թիվը կհասնի 135 միլիոնի», – հայտնեց Միխայիլ Աղաջանովը՝ հավելելով, որ պացիենտների թիվը հիմնականում ավելանում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հաշվին։

Պրոֆեսորն անդրադարձավ նաև Ալցհեյմերի հիվանդության ռիսկի գործոններին, ախտորոշմանը և բժշկական բուհում այդ ուղղությամբ արված հետազոտությունների արդյունքներին։

Քննարկմանը մասնակցող մասնագետները, որոնց թվում՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, Նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը, Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյանը և Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանը, վերլուծեցին հիվանդությունը բոլոր մակարդակներում` կլինիկական դրսևորումներից և ուղեղում կատարվող ախտաբանական փոփոխություններից մինչև սոցիալական նշանակություն։

Նյարդաբանության 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Անի Ղազարյանը ներկայացրեց Ալցհեյմերի հիվանդության վերաբերյալ զեկույց։

«Միասին վերծանենք մտքի քիմիական սիմֆոնիան» խորագրի ներքո անցկացվող «Ուղեղի ճանաչման շաբաթվա» երրորդ գիտական օրը եզրափակվեց «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ասպիրանտ Էլլա Բաղդասարյանի՝ «Գենոմի արձագանքները կողմնային փորոքներից ավելի դրսայնորեն» վերնագրով զեկույցով։