Ամփոփվեց հերթական դասընթացների շարքը

Ամփոփվեց հերթական դասընթացների շարքը

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով կրեդիտավորված քառօրյա անվճար դասընթացների շարքն ամփոփեց աշխատանքները Առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի` «Խտրականության դրսևորումներն առողջապահության բնագավառում և դրանց կանխարգելմանն ուղղված իրավական կարգավորումները» թեմայով:

Դավիթ Մելիք-Նուբարյանի խոսքով՝ դասընթացների շարքը ոչ միայն  լավ հնարավորություն էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բուժաշխատողների, այլև Լեռնային Ղարաբաղից տեղափոխված ավագ և միջին բուժաշխատողների համար:

«Արցախի մեր գործընկերները կարիք ունեն շարունակական մասնագիտական կրեդիտների, որոնք պարտադիր են Հայաստանի օրենսդրությամբ, բացի այդ, հաշվի առնելով օրենսդրությունների մեջ առկա տարբերությունները, այս գիտելիքը նրանց կօգնի ավելի լավ կողմնորոշվել իրավակարգավորման հարցերում: Դասընթացը կարևորվում են բուժաշխատողների  իրավական պաշտպանվածության, ինչպես նաև պացիենտներին մատուցվող բուժօգնության որակի բարելավման տեսանկյունից»,- նշում է Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոսը:

Հաջորդիվ դասընթացները շարունակվելու են «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցային համալիրների բուժաշխատողների համար.

«Հաջորդ տարվա համար ևս ծրագրում ենք դասընթացների անցկացում:  Ավարտին իրականացնում ենք սոցիոլոգիական հարցում մասնակիցների շրջանում, որի ընթացքում գնահատվում է նյութի արդիականացումը, մատուցման ձևը, մատչելիությունը, հասանելությունը, նաև խնդրում ենք յուրաքանչյուր մասնակցի նշել առնվազ 4 դասախոսության թեմա, որը ըստ նրանց կարևոր կլինի  մասնագիտական գործունեության ընթացքում, և հաջորդ տարի՝ հիմք ընդունելով նաև մասնակիցների կարծիքը, մենք կկազմենք դասացուցակ»,-մանրամասնում է հերացիականը՝ գործընկերներից ակնկալելով ավելի ակտիվ մասնակցություն:

«Սա գեղեցիկ մշակույթ է, որը նպաստելու է պացիենտ-բուժաշխատող փոխհարաբերությունների, մասնագիտական աշխատանքների լավացմանն ու ամրապնդմանը»,-ամփոփելով մանրամասնեց Դավիթ Մելիք-Նուբարյանը: