Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անահիտ Զոհրաբյան. աշակերտներին կյանքի ճանապարհով քայլել սովորեցնող ուսուցիչը

Անահիտ Զոհրաբյան. աշակերտներին կյանքի ճանապարհով քայլել սովորեցնող ուսուցիչը

Բժշկական բուհի կազմում գործող «Հերացի» ավագ դպրոցի հաջողությունները շարունակական են ու բազմակի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից դպրոցի ուսումնամեթոդական գծով փոխտնօրեն Անահիտ Զոհրաբյանն արժանացել է շնորհակալագրի՝ կրթության ոլորտում երկարամյա և անբասիր գործունեության համար։ Սա դպրոցի հերթական ձեռքբերումների շարքից է, աշխատանքի համար արժանի գնահատականը:

«Միշտ աշակերտի հետ ու նրա կողքին պիտի լինենք, որ սովորի քայլել կյանքի ճանապարհով»,- ասում է  տիկին Զոհրաբյանը` ներկայացնելով  կոչմամբ ուսուցիչ լինելու իր գաղտնիքն ու կարգախոսը:

Դպրոցում վստահ են`  ուսուցչի աշխատանքի գնահատականը, անշուշտ, աշակերտների հաջողությունն է, սակայն միշտ էլ կարևոր է նաև, որ ուսուցիչն իր թիկունքում զգա պետության աջակցությունն իր գործունեության բարդ ու պատասխանատու ճանապարհին։

Շնորհակալագրի արժանանալու առիթով ուրախ տրամադրություն էր:  Անահիտ Զոհրաբյանն արդեն ոչ մեկ տասնամյակ հավատարիմ է մանկավարժի առաքելությանը։ Պատվով և պատվախնդրորեն լծվելով ապագայի ստեղծման գործին՝ իր կերպարում խտացրել է «ուսուցիչ» բառի բովանդակային խորությունը։

Անահիտ Զոհրաբյանն ունի մանկավարժական աշխատանքի շուրջ 5 տասնամյակի փորձ:

1974 թ. սկսած՝ նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում սկզբում Էջմիածնի շրջանի Այղր-լիճ և Արշալույս գյուղերում, ապա Երևանի միջնակարգ դպրոցներում։ Աշխատանքային գործունեության ընթացքում որտեղ էլ որ եղել է նա՝ ՀԼԿԵՄ կենտկոմում, Երևանի քաղկոմում, ժողկրթբաժնում, հեռուստատեսության և ռադիոյի հանրապետական կոմիտեում, «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում, ՀՀ սփյուռքի նախարարությունում և այլն, երբեք չի կտրել կապը դպրոցի հետ և շարունակել է դասավանդել։

Մեծ ներդրում ունի ՌԴ և Միջինասիական երկրների հայկական համայնքներում կիրակնօրյա հայկական դպրոցների կազմավորման և դրանցում հայոց լեզվի դասերին աջակցության հարցում. մշակել է դասերի պլաններ, ուսումնամեթոդական ուղեցույցներ, ուսումնաօժանդակ նյութեր և առաքել համայնք։ Հենց այդ տարիներին մրցույթային կարգով ընտրվել է «Խաղում ենք հայերեն» համակարգչային ուսումնական խաղը ստեղծող հեղինակային խմբի անդամ։ Խաղը մեծ տարածում գտավ մեր հանրապետության և սփյուռքի հայկական դպրոցներում և վերաթողարկվեց մի քանի անգամ։

Անկախ տարիքից և աշխատանքային փորձից՝ շարունակում է սովորել։ Կրթության մեջ ժամանակակից նորարական մոտեցումների կողմնակից է։  Մասնակցել է վե­րա­պատրաստման բազմաթիվ դասընթացների, մասնագիտական վերա­պատ­­րաստում անցել ԱՄՆ Ջորջ Մեյսոն և Ջորջ Վաշինգտոն համալսա­րան­ներում, ուսումնական այցով եղել Բելգրադում, Հայաստանի պատվիրակության կազմում  փորձի փոխանակման նպատակով մեկնել Սինգապուր, մրցութային կարգով մասնակցել «Այռեքս»-ի 3 կրթական ծրա­գրե­րի։

Ուսուցիչների համար նախատեսված բազմաթիվ հոդվածների և մեթոդական 5 ձեռնարկի համահեղինակ է։  Զբաղվում է ինքնակրթությամբ, ուսումնասիրում և տարածում է ոլորտի միջազգային փորձը։

2000 թ. սկսած՝ մասնակցել է շուրջ քսանհինգ միջազգային գիտաժողովների, կլոր-սեղան քննարկումների։  Որպես ուսուցիչ վերա­պատ­րաստող՝ 2002-2008 թթ. ամիսը երկու անգամ հաճա­խականությամբ դասըն­թաց­ներ է վարել Գավառի №1, Վար­դե­նիսի №1, Իջևանի  №2, Նոյեմբերյանի №4 դպրոց­ներում, իսկ ավագ դպրոցի հասա­րա­կա­գի­տական առարկաների ուսուցիչների վերապատ­րաստման շրջա­նակներում սեմինարներ է վարել Ջերմուկի, Գորիսի և Սիսիանի դպրոցներում։ 2021-2023 թթ. վարում է հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներ Երևանի հ. 65 ավագ, հ. 155 հիմնական դպրոցներում և ԿԱՍ հ/կ-ում։ 2023 թ. ստացել է մենթորի որակավորում և դասընթացներ է վարել Երևանի հ. 21 հիմնական և «Հերացի» ավագ դպրոցներում։

Ինչպես ասում են, վաստակն ըստ արժանվույն է գնահատվել։   2006 թ.  նրան շնորհվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայ առա­քելական եկեղեցու կողմից անցկացվող «Տարվա լավագույն ու­սու­ցիչ-2006» մրցույթի առաջին մրցանակ, պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նա­խարարության պատվոգրով (2013) և «Մայրենիի դեսպան» մեդալով (2018), Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի մեդալով (1999թ.)։ ԱՊՀ երկրների Մանկավարժական վարպետության միջազգային փառատոնի «Լավագույն ուսուցիչ» անվանակարգում նրան շնորհվել է 3-րդ կարգի դիպլոմ (2022)։

Անահիտ Զոհրաբյանի աշխատանքային հավատամքն ամփոփված է ամերիկյան գրող և փիլիսոփա Էլբերթ Հաբարդի հետևյալ ասույթում.   «Այն ուսուցիչը, որը կարողանում է իր սաներին օժտել աշխատանքի մեջ ուրախություն գտնելու ընդունակությամբ, արժանի է դափնեպսակի»: Հերացիականը հենց այդպիսի ուսուցիչ է: Թռիչքի թևեր է տալիս իր սաների երազներին, օգնում է սովորել սովորել, զարգացնում է նրանց ստեղծագործական ու քննադատական միտքը և մղում ինքնակատարելագործման: Ուսման ճանապարհին բացահայտումների մղելն ու մարդու մեջ նորի, անծանոթի նկատմամբ հետաքրքրություն և ոգեշնչում առաջացնելն ամենադյուրին գործը չէ, բայց հնարավոր է:

«Ուսուցիչը հավերժ աշակերտ է, նա պետք է շարունակ սովորել, որպեսզի իրավունք ունենա լինելու աշակերտի կողքին և սովորեցնելու նրան»,- իր մասին պատմող ակնարկաշարի շրջանակում նշում է «Հերացի» ավագ դպրոցի մանկավարժը:

«Հերացի» մեծ ընտանիքում մանկավարժական հաստիքով աշխատողների թիվը 60-ն է, որից 50-ը՝ ուսուցիչ: