Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անհրաժեշտություն է դիտարկել Covid 19-ի հետևանքների կառավարման մասնագիտացված կենտրոն հիմնելու անհրաժեշտության հարցը

Անհրաժեշտություն է դիտարկել Covid 19-ի հետևանքների կառավարման մասնագիտացված կենտրոն հիմնելու անհրաժեշտության հարցը

«Հերացի» վերլուծականն ուսումնասիրել է Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2022 թվականի առաջին 4 ամիսների մահացության ցուցանիշները: Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է մահվան 10700 դեպք, որը 7.3%-ով ցածր է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, սակայն դեռևս 12.2%-ով գերազանցում է 2020 թվականի համանուն ցուցանիշից:

Թեև ընդհանուր մահացության թիվը կայունանում է, այնուամենայնիվ, մահվան պատճառների և կառուցվածքի առավել հանգամանալից վերլուծությունը վկայում է շարունակվող մարտահրավերների մասին, որոնք պետք է լուծվեն առողջապահության համակարգի մակարդակում:

Մասնավորապես, մահվան դեպքերը հիմնականում նվազել են Covid 19-ից, նորագոյացություններից, արտաքին պատճառներից` մահացության դեպքերի կրճատման հաշվին, իսկ ահա շնչառական օրգանների հիվանդություններից և արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահերը գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները համապատասխանաբար 17% և 2.1%-ով:

Նման իրավիճակի հավանական պատճառներից մեկը Covid 19-ի հեռահար ազդեցությունն է մարդու առողջության վրա: Այսպես, հեղինակավոր “The Lancet” գիտական պարբերականում վերջերս հրապարակված վերլուծության տվյալները վկայում են, որ նոր կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած մարդկանց մահանալու հավանականությունը՝ հիվանդությանը հաջորդող 12 ամիսների ընթացքում, 3 անգամ ավելին է, քան չհիվանդացածներինը:

Էական դերակատարում կարող է ունենալ նաև «երկարատև Covid համախտանիշը»:

Եվս մեկ գիտական հետազոտության համաձայն՝ վերջին 2 տարիների ընթացքում «երկարատև Covid համախտանիշ» ունեցող պացիենտները շարունակել են գանգատվել առողջության, այդ թվում նաև հոգեկան խնդիրներից, դեպրեսիայից, ցավից և հոգնածությունից:

Բացի այդ, հոսպիտալացման ընթացքում ավելի բարձր մակարդակի շնչառական աջակցություն ստացած պացիենտների ավելի մեծ մասն ունեցել է թոքերի այս կամ այն աստիճանի ախտահարում:

Ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային փաստագրական տվյալները վկայում են, որ Covid 19 համավարակի հետևանքները դեռևս հաղթահարված չեն և «երկարատև Covid համախտանիշը» շարունակում է ազդել մարդկանց կյանքի որակի վրա: Հետևաբար՝ հրատապ անհրաժեշտություն է դիտարկել Covid 19 հետևանքների կառավարման մասնագիտացված կենտրոն հիմնելու անհրաժեշտության հարցը: