Երևանում հունիսի 10-ից 12-ն առցանց անցկացվեց «Առողջություն և նորարարություն» 4-րդ համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) փորձագետ, «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրի փորձագետ Զիզիս Կոզլակիդիսը:
Մասնագետը ներկայացրեց քաղցկեղի հետազոտության ժամանակակից մոտեցումները, որոնք ենթադրում են կենսանիշների (biomarkers) օգտագործումը ոչ միայն քաղցկեղի հետազոտության, այլև քաղցկեղի ախտորոշման համար:
Նրա խոսքով՝ քաղցկեղի հետազոտության հետագա մարտահրավերները ներառում են կենսանիշների հետազոտության համալիր դաշտը և մուտք գործող կլինիկական տվյալների վավերացման և մշակման վրա կենտրոնացումը: Ապահովելով համապատասխան փորձ` ARICE նախագծի շրջանակում համագործակցությունը նպատակ ունի խթանել քաղցկեղի հետազոտությունը Հայաստանում` թույլ տալով ԵՊԲՀ-ին հաջողությամբ մրցակցել միջազգային հետազոտական ստանդարտների հետ:
Նշենք, որ քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը (IARC) Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի մասն է, իրականացնում և կազմակերպում է հետազոտություններ քաղցկեղի և քաղցկեղի կանխարգելման վերաբերյալ: Այս ոլորտի մասնագետները ակտիվորեն աջակցում են Հայաստանում քաղցկեղի հետազոտություններին՝ մասնակցելով ARICE նախագծին:
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև ARICE ծրագրի փորձագետ, Եվրոպայում ամենամեծ բիոբանկի հիմնադիր, Գրացի (Ավստրիա) բժշկական համալսարանի բիոբանկի տնօրեն, ԵՊԲՀ շրջանավարտ Կարինե Սարգսյանը: Նա վեր հանեց ժամանակակից գիտական մարտահրավերները՝ կենտրոնանալով այնպիսի կենսաբանական նմուշների վրա, ինչպիսիք են արյունը և հյուսվածքը: