Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 18-ին Գիտական խորհրդի նիստ անցկացվեց:
Այս ուսումնական տարվա առաջին նիստի մեկնարկը հանդիսավոր էր:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նախքան օրակարգին անցնելը խոսք հղեց Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, անվանի բժիշկ-գիտնական Արտաշես Ազնաուրյանի 85-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը լրանում է սեպտեմբերի 19-ին:
«Եվս մեկ անգամ մեծ հպարտությամբ կխոսեմ մեր նահապետներից, ուսուցիչներից, նվիրյալներից, ականավոր գործիչներից մեկի մասին, ում 85-ամյակն է, պրոֆեսոր Ազնաուրյանի, ով շուրջ մեկ տարի արդեն մեզ հետ չէ: Խորը ափսոսանք եմ հայտնում: Դժվար փորձությունների մեջ ևս մեկ իմաստուն խոսք պակաս է լսվում, մեկ իմաստուն ձայն, որը կարող էր և սաստել, և խորհուրդ տալ, ոգևորել: Բոլորիս համար այդ մեծ կորուստը մենք փորձում ենք մեր երիտասարդ սերնդի մեջ տեսնել, այն սերնդի, որ կերտել է Արտաշես Վարդանովիչը: Ես հպարտությամբ հիշում եմ մեր համատեղ աշխատանքը ինչպես առողջապահության կազմակերպիչ, այնպես էլ համալսարանական: Մեծ կորուստ եմ ապրում, ինձ համար անձամբ և համալսարանի, բոլորիս համար նրա ներկայությունը Գիտական խորհրդի նիստերին և, առհասարակ, համալսարանական կյանքում անփոխարինելի է, կան անձեր, որոնք անփոխարինելի են»,- նշեց պրոֆեսոր Մուրադյանը:
Ցուցադրվեց ՀՀ ԱՆ «Կոչումով բժիշկ» նախագծի շրջանակում 2015 թվականին նկարահանված տեսաֆիլմ` Ազնաուրյանների բժշկական դինաստիայի մասին։
Էկրանից պրոֆեսոր Ազնաուրյանը պատմելով իր անցած հարուստ ուղու մասին` շեշտում է` առողջությունը բացարձակ արժեք է, իսկ մարդկանց առողջությունը պահպանելը կարևոր առաքելություն։
Պրոֆեսորադասախոսական կազմի անունից ռեկտորը շնորհավորեց բոլոր բժիշկ-գիտնականներին, համալսարանականներին, որոնց ծննդյան հոբելյաններն էին ամռան ամիսներին, Գիտական խորհրդի համար արձակուրդային շրջանում։
Նա ծննդյան հոբելյանների առթիվ մաղթեց առաջին հերթին առողջություն և աշխատանքի շարունակականություն:
Հոբելյարներից մի քանիսը ելույթներ ունեցան։
Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը բժշկական համալսարանում երեք տասնամյակի գործունեության ընթացքում աշխատել է 7 ռեկտորի հետ, կարևորեց յուրաքաչյուր մասնագետի, ղեկավարի հայեցի նկարագիրը: Նա բարձր գնահատեց ավագներին, նվիրյալներին մեծարելու ավանդույթը:
Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը շեշտեց, որ համալսարանն անփոխարինելի հայրական, մայրական տուն է, որի և միմյանց առաջ հաշվետու է յուրաքանչյուր անդամ։
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Կարեն Լալայանն ընդգծեց, որ շնորհակալ է ճակատագրին բժշկական համալսարանի մի մասը լինելու համար և ուրախ է, որ իր գիտելիքը և գործնական հմտությունները ապագա մասնագետներին փոխանցելու հնարավորություն ունի։
«Բժշկական համալսարանը միայն բժշկական համալսարանի գմբեթով շենքը չէ, որը պարբերաբար իրականությանը չհամապատասխանող լուրերի հետ կարող են տեղադրել: Այս շենքի չի վաճառվել և չի վաճառվում: Պատկառանքը ավագների հանդեպ` ժողովրդի 100 տարվա ընթացքում կուտակված երախտագիտությունն է, որը մենք փորձում ենք հնարավորինս ներկայացնել»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը` հավելելով, որ մեկդարյա կրթագիտական այս հաստատությունում պահպանվում են անվանիներից թողած լավագույն ավանդույթները և փոխանցվում են սերունդներին:
Նիստի ընթացքում անբասիր, երկարամյա աշխատանքի համար բուհի ղեկավարությունը շնորհակալություն հայտնեց Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Աշոտ Հակոբյանին, ում սեփական դիմումի համաձայն այսօր ճանապարհեցին վաստակած հանգստի` արտերկիր մեկնելու հանգամանքով պայմանավորված:
Ռեկտորը փոխանցեց խոսքը սիրված դասախոսին, որն աշխատել է այս համալսարանում 1972 թվականից:
«Հուզված եմ և շատ շնորհակալ՝ իմ համեստ աշխատանքը նման ձևով գնահատելու համար: Կյանքի մեծ մասն անցկացրել եմ այստեղ, այստեղ եմ ընտանիք կազմել, երեխաներ ունեցել, թոռներ: Բժշկական համալսարանն իմ աշխատանքային մեծ ընտանիքն է: Եկավ ժամանակը, որ որոշեցի իմ կյանքի մյուս մասն անցկացնել երեխաներիս և թոռներիս հետ: Ուսանողներիս շատ անգամ ասել եմ, բժշկականն ունի միայն սկիզբ, այն երբեք չի վերջանում»,- ողջույնների ներքո համալսարանին ու գործընկերներին հանդիսավորությամբ հրաժեշտ տվեց դոցենտ Հակոբյանը` ռեկտորին ուսանողի ձեռքով գործած խորհրդանշական նվեր` Մխիթար Հերացու պատկերով գորգ փոխանցելով:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց բժշկական համալսարանի ծրագրային հավատարմագրման գործընթացի մանրամասները` տեղկացնելով ներքին և արտաքին շահակիցների հետ տարվող հանդիպումների, հավատարմագրման գործընթացի այլ կարևոր բաղկացուցիչների մասին, որտեղ կարևոր դեր ունի յուրաքանչյուր դասախոս:
Հաստատվեց 2023-2024 ուստարվա Գիտական խորհրդի աշխատանքային պլանը:
Գիտական խորհուրդը հաստատեց նաև ԵՊԲՀ անվանական կրթաթոշակի հավակնող ուսանողների թեկնածությունները:
Այսպիսով, Ընդհանուր բժշկության ֆակուլտետից Սամվել Բատիկյանը «Վահան Արծրունու անվան», Շուշաննա Աթաջանյանը «Գրիգոր Արեշյանի անվան», Ժասմենա Հայրապետյանը «Բարդուղիմեոս Ֆանարջյանի անվան», Ստոմատոլոգիական ֆակուլտետից Սոնա Գալստյանը «Ռուբեն Յոլյանի անվան», Լիլիթ Ստեփանյանը «Կառլեն Եսայանի անվան», Ռազմաբժշկական ֆակուլտետից Հայկ Գեղամյանը «Մերուժան Ստեփանյանի անվան», Դեղագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Ալվարդ Նասիբյանն էլ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրելյանի անվան» կրթաթոշակառու է:
Քննարկվեցին ուսումնական գործընթացին, բուհի գործունեությանը վերաբերող ընթացիկ այլ հարցեր:
Ամփոփելով Արմեն Մուրադյանը խոսքն ուղղեց ապագա բժիշկներին` հույս հայտնելով, որ ուսանողական միջոցառումներով հագեցած կլինի մեկնարկած ուսումնական տարին: