Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անցկացվեց Բժշկական քիմիայի ամբիոնի տարեկան ուսանողական կոնֆերանսը

Անցկացվեց Բժշկական քիմիայի ամբիոնի տարեկան ուսանողական կոնֆերանսը

Բժշկական մայր բուհում երկար դադարից հետո անցկացվեց Բժշկական քիմիայի ամբիոնի տարեկան ուսանողական կոնֆերանսը։

Երևանի պետական բժշկական համալսարանի և Բժշկական քիմիայի ամբիոնի 100-ամյակներին նվիրված միջոցառումը ողողված էր գիտական շնչով: Այն ևս մեկ հնարավորություն էր ապագա բժիշկներին մոտենալ գիտությանը, ավելացնել գիտական աշխատանքով զբաղվելու ցանկությունը:

Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ Մագդալինա Մելքոնյանը ազդարարելով մեկնարկը՝ շեշտեց, որ նման միջոցառումների անցկացումն ամբիոնում տասնամյակների պատմություն ունի:

«Բավական երկար ժամանակ կորցրինք և մի քանի տարի չկարողացանք անցկացնել մեր տարեկան ուսանողական գիտական կոնֆերանսը՝ պատերազմով, համավարակով պայմանավորված: Ուրախությամբ պետք է ասեմ, որ այն ուսանողները, որոնք այսօր կներկայացնեն իրենց աշխատանքները շատ մեծ եռանդով սկսեցին աշխատել: Ի տարբերություն նախորդ տարիների կոնֆերանսների՝ այս տարի մենք չենք ունեցել որոշակի թեմա, այլ ուսանողները ըստ իրենց ցանկության և հետաքրքրության են ընտրել թեմաները, որոնք առնչվում են բժշկական քիմիայի այն բաժինների հետ, ինչն ուսանում ենք ամբիոնում»,-նշեց ամբիոնի վարիչը՝ ընդգծելով, որ ուսանողները մեծ աշխատանք են կատարել, մշակել են ժամանակակից և հետաքրքիր գրականություն, ծանոթացել են գիտական աշխատանք կատարելու մեթոդաբանությանը:

Ուսանողներին ողջունեց նաև ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:

«Ամեն անգամ, երբ բժշկական քիմիայի ամբիոնն իրականացնում է այսպիսի միջոցառումներ, ես հիշում եմ իմ երիտասարդ տարիները, երբ ես և իմ սերնդակիցներն էինք դասախոսություն կարդում: Տարբեր մարդիկ, որոնք այս դպրոցով անցնում էին, արդեն ուրվածգում էին իրենց նախասիրությունները, կարողանում էին հետազոտական աշխատանք կատարել, արդյունավետ սովորել: Սա շատ լավ փորձառություն է, որը դուք անցնում եք: Սա ինստիտուցիոնալ գործընթաց է, որը ես շատ եմ կարևորում: Այն շատ կարևոր է նաև ամբիոնի կենսակայունության համար: Բոլորիդ լավ տրամադրություն, վստահություն, հավատացեք ձեր ուժերին, դուք ամեն ինչ կարող եք»,-ընդգծեց Գիտության գծով պրոռեկտորը՝ արդյունավետ օր մաղթելով բոլորին:

Ողջույնի խոսքերից հետո ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներ հանդես եկան հետաքրքիր զեկուցումներով, ինչպիսիք են՝ «Բջջաթաղանթների կառուցվածքը, լիպիդային գերօքսիդացում» (Էլիզա Հարությունյան),  «Կենսաթաղանթներ» (Համլետ Կարայան), «Կոլագեն», (Արեն Հակոբյան) «Ռադիոիզոտոպներ» (Կոլյա Հովհաննիսյան),  «Կենսածին ամիններ» (Համլետ Խաչատրյան), «Մելատոնին» (Արաքսյա Հովհաննիսյան), «Քնի քիմիա» (Սոնա Գրիգորյան), «Ծերացում» (Սերինե Ադամյան), «Տաուպաթիաների բուժման նոր հեռանկարները» (Վարուժան Բզնունի), «Պարբերական հիվանդություն. համաշխարհային բժշկության առեղծվածը» (Մանե Գյուրջյան), «Ուբիքվիտին» (Վիկտորիա Մարտիրոսյան), «Ֆոսֆորի դերը և կենսաբանական նշանակությունը» (Էլլա Մովսիսյան), «Ուղեղի գաղտնիքների բացահայտում՝ լուսավորելով միտքը» (Արմեն Մարկոսյան), «Աուտիզմի էթիոլոգիա» (Սոնա Սարգսյան), «Նուկլեոպրոտեիններ» (Ալլա Ավետիսյան), «Գալվանիզմ» (Գևորգ Ներսիսյան), «Հիալուրոնաթթու» (Յանա Զաքարյան), «Հետադարձ օսմոս», (Անդրանիկ Անտոնյան),
«Սուպերբակտերիաների սպանիչը» (Աննա Գրիգորյան), “Orphan diseases, Gaucher disease” (Արթուր Բակունց), “Nanoparticles as chemical transports” (Ադրիանա Դավթյան):

Կոնֆերանսի ավարտին Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ Մագդալինա Մելքոնյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին, նրանց գիտական ղեկավարներին, ներկաներին և ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությանը՝ միջոցառումը նոր շնչով կազմակերպելու համար: Բոլոր զեկուցողներին հանձնվեցին շնորհակալագրեր: