Կլինիկական խորհրդի օրակարգը մեկնարկեց Կլինիկական խորհրդի կազմի փոփոխության ներկայացմամբ և հաստատմամբ` ելնելով համալսարանական կլինիկաների կառուցվածքային և կադրային փոփոխություններից:
«Հերացի», «Մուրացան» և «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցների 2023թ. կատարած աշխատանքների ամփոփիչ համեմատական հաշվետվությունն էր հրավիրված նիստի օրակարգային գլխավոր հարցը:
Հաշվետվություններում ներառված թվային ցուցանիշներին, ձեռքբերումներից ու առաջիկա ծրագրերից բացի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը առաջնահերթ կարևորեց հիվանդանոցներում առկա խնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկումը` ըստ ոլորտների լսելով պատասխանատուների կարծիքներն ու տեսակետները, համադրելով ու տալով հստակ հանձնարարականներ:
Ստացիոնար և ամբուլատոր պացիենտների թիվ, բուժման տևողություն, ֆինանսական մուտքեր, նախորդ տարի կատարված վիրահատությունների ծավալ, ներհիվանդանոցային վարակների հսկողություն, նոր սարքավորումների ձեռքբերում, ծառայությունների ստեղծում և հետագա անելիքներ. սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնք ներառված էին հիվանդանոցների գլխավոր բժիշկների զեկույցներում:
Այսպիսով, համառոտ` ծավալուն հաշվետվություններից:
«Հերացի» համալիրում գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանի փոխանցմամբ` հաշվետու տարվա ընթացքում հիվանդանոցային համալիրի կլինիկաներում իրականացվել է 4858 վիրահատություն, որը 2,4%-ով կամ 114-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Վիրահատական ակտիվությունը կազմում է 78,5 %: 2023թ. ընթացքում կատարվել է անգիոգրաֆիկ վիրահատարանի և ռենտգեն կաբինետի կապիտալ վերանորոգում։
Հիվանդանոցային համալիրը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆոֆ, թվային ռենտգեն սարքով, 4k գերժամանակակից լապարոսկոպիկ հավաքծուով: Կրկին նորագույն սարքով համալրվելու արդյունքում առաջին անգամ Ակնաբուժական կլինիկայում ներդրվել է վիտրեոռետինալ վիրաբուժության ծառայությունը: Առաջին անգամ Ուրոլոգիական կլինիկայում սկսել է իրականացվել երիկամի ավազանի և բաժակների քարերի կոնտակտային լազերային քարափշրումներ։ Այս և շատ այլ հաջողությունների ու ընթացիկ աշխատանքների թվում է շտապօգնության համար նոր մուտքի ձևավորումը, ինչն առավել կդյուրինացնի պացիենտների մուտքը բուժհաստատություն:
«Մուրացան»-ում գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի զեկուցմամբ` Էնդոկրինոլոգիայի կլինիկայից անջատվել է մանկական էնդոկրինոլոգիայի դիսպանսեր ծառայությունը, որն իրականացնում է Հայաստանում էնդոկրին պաթոլոգիաներով երեխաների հաշվառում և հսկողություն: Լաբորատոր մասնաշենքի վթարային լինելու պատճառով կատարվել է լաբորատորիայի, դեղատան և այլ ստորաբաժանումների տեղափոխում, նորենթակառուցվածքների, այդ թվում 3 նոր նմուշառման ծառայությունների ստեղծում: Վիզիոգրաֆը, 1 նոր սոնոգրաֆ 3 տվիչով (նվիրատվությամբ) և օրթոպանտոմոգրաֆը այն սարքավորումներն են, որոնցով համալրվել է հիվանդանոցը:
Ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվել: Հանրապետության մասշտաբով կարևորագույն առաքելություն իրականացնող սանավիացիայի կանչերի թիվը 2022-ի համեմատ գրեթե նույնն է` կազմելով 682: Կատարվել է 2024 վիրահատություն:
«Մուրացան»-ում են տեղակայված նաև Մուկովիսցիդոզի հանրապետական կենտրոնը, Բժշկական գենետիկայի հանրապետական, ինչպես նաև Մանկական թունաբանության կենտրոնները:
Բարոթերապիայի ծառայության ներդրումը հաջողություններ է գրանցել, կատարվել է 720 բարոսեանս:
Տնօրեն Էդուարդ Բարսեղյանի խոսքով` 2022թ․ «Միքայելյան» հիվանդանոցում կատարվել է 4969 վիրահատություն, իսկ 2023թ․՝ 5449, 10 տոկոս աճ է արձանագրվել:
Պաթանատոմիայի կլինիկայում կատարվել է 4530 հյուսվածքաբանական հետազոտություն, 2022. այդ թիվը կազմել է 3034, մոտ 50 տոկոս աճ ունենք։ 2023թ. կատարված աշխատանքների թվում է Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքը՝ 11 մահճակալ կարդիոբիտով, որտեղ անգիոգրաֆը հնարավորություն է տալիս իրականացնել էնդովասկուլյար և սրտային միջամտությունների գրեթե ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ կորոնարոգրաֆիաները, ստենտավորումները, էմբոլիզացիաները և այլն։ Վերակենդանացման բաժինը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ, վերանորոգված տարածք: Բաժինը համալրվել է հիպերբարիկ օքսիգենացիայի սարքով։ Ստեղծվել է ՊՇՌ լաբորատորիա։Լաբորատոր բաժնում ներդրվել է արտաքին որակի գնահատման համակարգ։ Մեկնարկել է ներհիվանդանոցային էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկումը:
«Միքայելյան» հիվանդանոցի որպես բուժհաստատության բրենդային զարգացումը ակնառու է ու թռիչքային:
Արմեն Մուրադյանը մեծապես կարևորեց վիրաբուժության ինստիտուտի գիտահեն գործունեությունը` հաշվի առնելով, որ 261 բժիշկներից 117-ը ամբիոնական են և առկա է չափելի գիտություն իրականացնելու մեծ ներուժ:
Նշենք, որ յուրաքանչյուր շաբաթվա վերջին համալսարանական հիվանդանոցներում բժիշկների, ամբիոնականների և կլինիկական օրդինատորների մասնակցությամբ կազմակերպվում են գիտագործնական կոնֆերանսներ` տարբեր արդի մասնագիտական թեմաների ու ուշագրավ կլինիկական դեպքերին նվիրված:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բժիշկներ, միջին ու կրտսեր բուժաշխատողներ են միացել երեք հիվանդանոցների թիմերին: Արդի է էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, արտերկրի կլինիկաների հետ համագործակցության սերտացման, այլ հարցերը:
Ռեկտորը շեշտադրեց, որ ԵՊԲՀ կազմում գործող հիվանդանոցներում, բուժական ծավալների բարելավումից զատ, խիստ կարևոր է համալսարանական բժշկական կազմակերպություններում ուսումնական և գիտական ուղղությունների առաջմղումը, մասնագետների վերապատրաստումը, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
«Բուժօգնության որակը համալսարանական բոլոր հիվանդանոցներում առաջնահերություն է, առավել ևս երբ այն վերաբերում է երեխաներին»,- ընդգծեց նա` հետաքրքրվելով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում մանկաբուժական դպրոցի ստեղծմամբ:
Հռիփսիմե Ապրեսյանի գնահատմամբ` իրականացվող նախաձեռնությունները կհանգեցնեն նրան, որ վաղվա մանկաբույժը, մանկաբույժների նոր սերունդը իր ապագան տեսնի հենց այս մանկական հիվանդանոցում»: Որոշ ծառայությունների միավորումները «Մուրացան»-ում ևս միտված են որակի բարձրացմանն ու ծախսերի օպտիմալացմանը:
Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը տեղեկացրեց, որ ապրիլի վերջին կայանալիք Գիտական խորհրդին ներկայացվող իր զեկույցում կներկայացնի բոլոր այն դիտարկումները, որոնք հնչեցին այսօր:
Նա, որպես բժշկական համալսարանի կլինիկական աշխատանքները համակարգող, շնորհակալություն հայտնեց ոլորտի ներկայացուցիչներին` քրտնաջան աշխատանքի համար:
Մի շարք ընթացիկ հարցեր ու խնդիրներ պրոռեկտոր Մինասյանի անմիջական ղեկավարմամբ լուծումներ են ստանում ամեն շաբաթ անցկացվող գործակարգավարական, աշխատանքային հանդիպումներում:
Ամփոփելով նիստը` Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց համալսարանական երեք համալիրների բուժաշխատողներին կատարած մեծ ծավալի, վիթխարի և մարդասիրական, ակադեմիական բնույթի աշխատանքի համար.
«Սկսած պրոռեկտորից, որը հսկայական աշխատանք է իրականացնում և մեծ պատասխանատվություն կրում, մինչև անձնակազմի կրտսեր գործընկերներ, որոնք իրականում աննկատ, ամեն օր ազնվագույն և մարդասիրական սխրանքներ են կատարում: Այսօր խոսեցինք խնդրահարույց կողմերի, աշխատանքային հարցերի մասին, համոզված եմ, որ այս խստապահանջությունը միմիայն ի նպաստ կլինի այն մեծ աշխատանքին, որը դուք իրականացնում եք: Հպարտություն եմ ապրում, որ ձեզնից մեկն եմ, աշխատում եմ ձեզ հետ և երբ խոսում են համալսարանական հիվանդանոցների մասին, անկախ հանգամանքներից, բացի հպարությունից որևէ զգացում չի առաջացել: Աշխատանքները իրականացնելիս, մենք պետք է նպաստենք, որ ավելին իրականացվի նաև հաջորդիվ եկող սերունդների կողմից, մեզնից լավը պատրաստելը պետք է լինի համալսարանական հիվանդանոցների հիմքում: «Կլինիկական խորհրդի նիստը առիթ է ասելու, որ այս աշխատանքը ծայրահեղ կարևոր է ինչպես մեր երկրի, այնպես էլ ժողովրդի համար: Մենք բոլոր տեսակի իրադարձություններից դուրս, բայց և բազմաթիվ իրադարձությունների արդյունքւոմ ձևավորված խնդիրների պատասխանատուն ենք: Շարունակենք նույն կերպ, շարունակել և շտկել բոլոր այն հարցերը, որոնք բարձրացվեցին` նպաստելով համալսարանի և աստվածահաճո գործունեությանը»,- եզարափակելով շեշտեց պրոֆեսոր Մուրադյանը: