Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անվանի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Անվանի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

Գիտական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհվեց ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական մանկաբարձագինեկոլոգիական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսին:

«Համալսարանի Գիտական խորհրդի նախագահին դիմել էր պրոֆեսոր Օկոևը՝ միջնորդությամբ, որպեսզի Նոմինացիոն կոմիտեն քննարկի աշխարհահռչակ գիտնական, Ֆրանսիայի և աշխարհի գինեկոլոգիայի ասպարեզում մեծ ավանդ ունեցող պրոֆեսոր Ֆերնանդեսին պատվավոր դոկտորի կոչում տալու հարցը», – նշեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը` հավելելով, որ Հերվե Ֆերնանդեսը ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և վերարտադրողական բժշկության ամբիոնին օժանդակել է վերարտադրողական բժշկության բնագավառում օպերատիվ վիրաբուժական նոր մեթոդների ներդրման գործում:

Նոմինացիոն կոմիտեն միջնորդեց պրոֆեսոր Գեորգի Օկոևի` արտերկրի գործընկերոջը պատվավար դոկտորի կոչում շնորհելու առաջարկը:

«Այնպես ստացվեց, որ 13 տարի առաջ մեր աշխատակիցներից մեկը մեկնել էր Ֆրանսիա, իրեն հյուրընկալել էր պրոֆեսոր Ֆերնանդեսը և այնպես էր հյուրընկալել, որ հետագայում հաճախակի դարձան նրա այցերը Հայաստան: Ամեն տարի, բացառությամբ քովիդային տարիների, նա գալիս էր վիրահատությունների նորագույն մոտեցումների ներդրման ցանկությամբ», – գործակցության մանրամասները ներկայացնելով՝ ասաց Մանկաբարձության և վերարտադրողական բժշկության հետբուհական ամբիոնի վարիչ  Գեորգի Օկոևը:

Շնորհավորելով անվանի բժիշկ-գիտնականին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց․

«Մեզ համար, անշուշտ, հիշարժան օր է․ ևս մեկ անգամ բժշկական համալսարանը հաստատեց նորությունների և նորարարությունների ստեղծարար միտքը հարգելու իր որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև հայ-ֆրանսիական ամուր բարեկամական կապերին իր նվիրվածությունը»։

Ռեկտորը հույս հայտնեց, որ պրոֆեսորի այցերը բժշկական բուհ և վիթխարի փորձի փոխանակմանն ուղղված քննարկումներն ավանդական կդառնան, իսկ միջոցառմանը ներկա ապագա բժիշկները հետագա գործունեության մեջ ևս կամրապնդեն հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը:

ԵՊԲՀ արդեն պատվավոր դոկտոր Հերվե Ֆերնանդեսը նշեց, որ իր համար մեծ պատիվ է համալրել բժշկական մեկդարյա բուհի ներկայացուցչական այս ցանկը:

«Տասը տարի շարունակ հայ գործընկերների հետ հնարավորություն եմ ունեցել քննարկելու ոլորտի խնդիրները և ապագայում ևս կշարունակեմ լավագույն խորհուրդներով նպաստել ձեր մասնագիտական առաջընթացին: Ես ինձ միշտ մոտ եմ զգացել հայ ժողովրդին` հաշվի առնելով իմ հունական արմատները», – ասաց պրոֆեսորը, որի  մոր հույն ընտանիքը շատ հայերի նման Թուրքիայից տեղահանվել և ապաստան է գտել Ֆրանսիայում:

Հերվե Ֆերնանդեսը վերահաստատեց ֆրանսիական «Կրեմլին-Բիսետրե» համալսարանի պատրաստակամությունը՝ շարունակելու բժշկական համալսարանի ու հայ գործընկերների հետ համագործակցությունը նոր մակարդակում:

Հանդիսավոր նիստին հաջորդեց պրոֆեսորի դասախոսությունը  մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի գործող և ապագա մասնագետների համար: