«100 տարի` ժողովրդի թիկունքին» նախաձեռնության շրջանակում, համալսարանական բժիշկներին ամուր թիկունք դառնալով, բնակչությանը խորհրդատվություններ տրամադրելու աշխատանքների իրականացմանն աջակցում են նաև ապագա բժիշկները:
Ծրագրին մասնակցող ԵՊԲՀ 25 ուսանողներն ակտիվորեն ներգրավված են համալսարանական երեք բուժհաստատություններում մինչև հունիսի 18-ը կազմակերպվող աշխատանքներում:
Բժշկական 100-ամյա բուհի ուսանողները բոլոր ժամանակներում էլ իրականացրել են կամավորական աշխատանքներ՝ օգնելով բուժաշխատողներին և զուգահեռ ձեռք բերելով մեծ փորձ ու գիտելիքներ:
100-օրյա ծրագրի շրջանակում նույնպես ուսանողների կողմից իրականացվելու են տարբեր բնույթի կամավորական աշխատանքներ:
19-ամյա Յանա Բախշիյանը սովորում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ինչը մանկուց եղել է նրա երազանքը:
Հերթապահությամբ նա ևս «Հերացի» համալսարանական հիվանդանոցում կամավորական աշխատանքների պատասխանատուի աշխատանք է կատարելու:
«Ուրախ եմ, որ ծրագրի մի փոքրիկ մասնիկն եմ լինելու: Մեր՝ պատասխանատուներիս աշխատանքի բնույթն է կարգավորել ու ուղղորդել կամավորներին, որպեսզի նրանք կարողանան լինել առավելապես օգտակար և սովորել բժշկությունից ավելին, քան պատկերացնում են: Մեծ ոգևորությամբ եմ հետևում` ինչպես են կամավորները բավականություն ստանում իրենց կատարած յուրաքանչյուր հանձնարարությունից»,- իր նոր փորձառության մասին պատմում է ուսանողը:
Նրա կարծիքով՝ բժշկին անհրաժեշտ հատկանիշներից ամենակարևորը աշխատասիրությունն է, բացի դրանից շատ կարևոր է լինել նվիրված աշխատանքին, ծայրաստիճան պատասխանատու, մարդասեր, պատրաստ լինել անցկացնել անքուն գիշերներ՝ մտածելով հիվանդների մասին, ինչ-որ տեղ պետք է լինել նաև հանդուրժող ու ճկուն:
«Փոքրուց սիրել եմ բնագիտական առարկաներ և երազել եմ դառնալ բժիշկ: Երբ երեխա էի հագնում էի ապիտակ որևէ շապիկ, համոզում ընտանիքի անդամներին, որ բժշկուհի եմ և խնդրում էի ընդունել պացիենտի դերը: Բարեբախտաբար նրանք սիրով ու ուշադիր լսում էին ինձ և կատարում իմ հրահանգները: Այդպես էլ ձևավորվեց փոքրուց, որ հենց բժշկի մասնագիտությունն եմ ընտրելու ու չէի էլ ցանկանում ուրիշ ոլորտի կամ մասնագիտության մասին մտածել»- պատմում է Յանան, որն ավագ դպրոցում սովորելով բնագիտական թեքումով` երազանքը դարձրեց նպատակ՝ ձգտելով հասնել նախանշվածին:
Տնտեսագետների ընտանիքում բժշկի ուղին սկսելով՝ ցանկանում է, որ այդ ավանդույթը շարունակական լինի, քանի որ իր կարծիքով չկա ավելի վեհ մասնագիտություն, քան բժիշկ լինելն է:
Ուրախ է, որ ընտանիքն աջակցել է իրեն բժշկի ուղին ընտրելու գործում: