Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկները զեկույցներով բացահայտեցին «Ֆիզիոլոգիայի գույներ»-ը

Ապագա բժիշկները զեկույցներով բացահայտեցին «Ֆիզիոլոգիայի գույներ»-ը

ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի ֆիզիոլոգիայի ակումբը Ուսանողական խորհրդարանի և Ուսանողական գիտական ընկերության հետ հերթական միջոցառումն էր կազմակերպել, այս անգամ առավել լայն մասշտաբով ԵՊԲՀ կարմիր դահլիճում:

Մուտքի ամենամեծ պայմանը ժպիտն էր, որով ուսանողները՝ դասախոսների ղեկավարությամբ, պատրաստվել էին միջոցառմանը:

Ունկընդիրների թվում էին պրոֆեսորադասախոսական կազմի ավագ ներկայացուցիչները։

ԵՊԲՀ-ի ֆիզիոլոգիայի ամբիոնում արդեն 3-րդ տարին է, ինչ ամբիոնի ավագ դասախոս, ֆիզիոլոգ Կարինե Մելքումյանի ղեկավարությամբ գործում է ֆիզիոլոգիայի ակումբը:

Դասախոսի փոխանցմամբ` ուսանողական այդ կառույցը ոչ թե խմբակ է, այլ ակումբ, քանի որ այստեղ վերանում են ուանող-դասախոս պաշտոնական սահմանները և հավասարը հավասարին սկզբունքով ակումբային ձևաչափի տասնյակ հետաքրքիր քննարկումներ են անցկացվում։

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ ոչ առցանց հանդիպումները ուսանողների մեծաքանակ ներգրավածությամբ նշանակալից են։

«Ուրախ ենք, որ ապագա բժիշկները գիտական լայն գործունեության մասնակից են։ Ձեր գիտելիքներով պետք է քայլեք դեպի գիտություն»,-ասաց պրոֆեսոր Ենկոյանը` շեշտելով, որ ողջունելի է նաև ուղեղին նվիրված զեկուցումների առկայությունը։

Նա նշեց, որ ուսանողները հնարավորություն ունեն նաև գիտելիքներ ձեռք բերել ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնում, որը բաց է համագործակցության համար։ Նա հորդորեց գիտելիքները մարտահրավեր համարել։ Ինչպես նաև մաղթեց ապագա բժիշկներին վառ աչքերով ու փայլող մտքով ընթանալ առաջ։

ԵՊԲՀ ՈԻԽ Ուսումնամեթոդական հանձնաժողովի նախագահ Նարեկ Շալունցը ուսանողական կառույցի անունից ողջունեց մասնակիցներին, ինչպես նաև Ֆիզիոլոգիայի ամբիոնին՝ ղեկավար պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանի ղեկավարությամբ՝ կարևորելով բոլոր այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են ի նպաստ բուհում կրթության և գիտության զարգացմանը։ Ինչպես միջոցառման ընտրված խորագիրն էր հուշում, ֆիզիոլոգիայի հետաքրքիր գույներից մի քանիսը բացահայտվեցին ակումբական ուսանողների զեկույցներում: Մեկնարկը տրվեց 2-րդ կուրսի ուսանող Մհեր Կուրղինյանի «Սինապսային հաղորդում և շրջափակում» թեմայով զեկույցով։

3-րդ կուրսի ուսանող Արաքսի Գասպարյանը ներկայացրեց «Վախի առաջացման և ամրապնդման մեխանիզմները» , 4-րդ կուրսի ուսանող Սոնա Խաչատրյանը` «Մագնեզիումի դերը սրտի գործառույթում» զեկույցը։ 2-րդ կուրսի ուսանող Աննա Սարգսյանը խոսեց «Էլեկտրասրտագիր» թեմայի մասին, իսկ Էրիկ Հակոբյանը «Իմունիտետի գաղտնիքներ», Վաննեսա Համբարձումյանը «Հորմոնային ալեկոծություններ` հղիության ընթացքում» թեմայից: 4-րդ կուրսի ուսանող Ահարոն Ծատուրյանի «Բեղմնավորման հակաֆիզիոլոգիական կամ հակաբեղմնավորման ֆիզիոլոգիան» զեկույցով ուսանողական միջոցառումը եզրափակվեց։ Զեկուցողներին բազմաթիվ հարցեր ուղղվեցին, քննարկվեցին մասնագիտական արդի հարցեր։

Ակումբային հանդիպումները նախաձեռնողների խոսքով` շարունակական են լինելու։