Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա դեղագետներն արժանացան ԱՀԿ վկայականների

Ապագա դեղագետներն արժանացան ԱՀԿ վկայականների

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի չորրորդ և հինգերորդ կուրսի ուսանողները՝ Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարթա Սիմոնյանի և նույն ամբիոնի դասախոսներ Անուշ Բարսեղյանի և Լուսինե Նազարյանի ղեկավարությամբ, մասնակցեցին «Երիտասարդները՝ հանուն առողջության» խորագրով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած գիտաժողովին, որտեղ հանդես եկան իրենց հետազոտական և վերլուծական աշխատանքներով։

Բժշկական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում ապագա դեղագետներն ԱՀԿ-ի կողմից ստացան վկայականներ և պարգևներ:

Միջազգային այս հեղինակավոր միջոցառման ընթացքում ուսանողների ակտիվ մասնակցությունը ոչ միայն արտացոլեց ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի բարձր ակադեմիական չափանիշները, այլև ցույց տվեց նրանց հետաքրքրությունը առողջապահության համաշխարհային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Ուսանողների համար գիտաժողովն անչափ կարևոր և մոտիվացնող  էր՝ կրթության և հետազոտության ոլորտում նրանց հետաքրքրությունը խթանելու գործընթացում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Երիտասարդները՝ հանուն առողջության» նախաձեռնությունը մեկնարկել էր 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին․ Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողները՝ բժիշկ մասնագետների հետ համագործակցությամբ, աշխատել են Երևանի և հարակից մարզերի առաջնային առողջության պահպանման կենտրոններում և տարեցների խնամքի կենտրոններում՝ բարձրացնելով շահառուների շրջանում իրազեկվածությունը վարակիչ հիվանդությունների և պատվաստումների կարևորության վերաբերյալ՝ հատկապես ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները:

«Շատ կարճ ժամանակահատվածում՝ 8-10 օրվա ընթացքում, մեր ուսանողները կարողացան մասնակցել ԱՀԿ միջոցառմանը՝ համակողմանիորեն ներկայացնելով «Դեղազգոնությունը» (“Pharmacovigilance”) թեման», – հայտնեց Մարթա Սիմոնյանը։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի Իմունականխարգելման պորտֆոլիոյի ղեկավար Լյուդմիլա Նիազյանը, շնորհավորելով երիտասարդներին, նշեց․ «Լիահույս եմ, որ մենք կհանդիպենք 2024 թվականի սկզբին։ Դուք կշարունակեք ձեր հետազոտական աշխատանքները և այլ լրացուցիչ աշխատանքներ, որոնք վերաբերում են հատկապես կառավարելի վարակներին։ Հորդորում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել նաև տարբեր պատվաստանյութերի վրա»։

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը ողջունեց ուսանողների կատարած աշխատանքը։ «Բժշկական համալսարանի և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունը ոգևորիչ է։ Դա ձեզ հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր հմտություններ, գիտելիք, որոնք կարելի է կիրառել գործնական դաշտում», – ընդգծեց դեկանը։