Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա դեղագետը ցանկանում է ոլորտը «զինել» նորագույն տեխնոլոգիաներով

Ապագա դեղագետը ցանկանում է ոլորտը «զինել» նորագույն տեխնոլոգիաներով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարե Ղազարյանը Արմավիրի մարզի Լենուղի գյուղից է: Ապագայի ծրագրերով զինված նա վստահությամբ է անցնում մասնագիտական կայացման բարդ և պատասխանատու ուղին:

«Մանկության տարիներից երազել եմ սովորել բժշկական համալսարանում, կրել սպիտակ խալաթ: Այդ հարցում ինձ ոգեշնչել, մասնագիտական ընտրության հարցում մեծ դեր է ունեցել պապս: Նրա երազանքն էր տեսնել ինձ բժշկական համալսարանում: Շատ խոչընդոտների հանդիպեցի, բայց չկոտրվեցի և առաջ շարժվեցի՝ ընդունվելու այստեղ: Թե ինչու դեղագետի մասնագիտությունն ընտրեցի, կարծում եմ, պատճառներից մեկը անհնարինը հնարավոր դարձնելու իմ ձգտումն է, հանդես գալ նորարական գաղափարներով, ոլորտում ստեղծել նորություն: Հիմա 2-կուրսում ձեռք բերած գիտելիքները, կիրառում ենք պրակտիկայում և արդեն 3-րդ կուրսում նախատեսված է, որ անցնենք մասնագիտական առարկաները՝ ավելի խորացված»,-նշում է ապագա դեղագետը:

Ուրախությամբ է խոսում բժշկական համալսարանում ուսումնառության մասին:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանողական կյանքը անցնում է շատ հետաքրքիր, վառ իրադարձություններով, շատ անգամներ մասնագիտական բանավեճեր ենք ունենում, հայտնում միմյանց մեր կարծիքները մասնագիտական տարբեր հարցերի վերաբերյալ: Մեր բուհի դասախոսական կազմը, իմ կարծիքով, լավագույնն է: Նրանց դասավանդմամբ՝ մենք ձեռք ենք բերում ոչ միայն գիտելիք, այլ նաև սովորեցնում կիրառական հմտություններ»,-ընդգծում է Նարե Ղազարյանը:

Նա խոստովանում է, որ բուհ ընդունվել է մասնագիտական ապագայի մեծ հեռանկարով:

«Բժշկական համալսարանը կարևոր դեր ունի ուսանողներին մոտիվացնելու հարցում, ուսումնասիրելու նաև այս ոլորտում միջազգային փորձը: Դեղագետի մասնագիտությունը շատ հետաքրքիր է, քանզի առանց դեղի, չկա բժշկություն, իսկ դու քո ձեռքերով կարող ես ստեղծել «հրաշքներ»»,-ընդգծում է Նարեն:

Ապագա դեղագետի ցանկությունն է իր ներդրումն ունենալ դեղագիտության զարգացման մեջ, դեռևս դպրոցական տարիներից երեխաներին կողմնորոշել մասնագիտության ընտրության հարցում, ներկայացնել դեղագիտության ոլորտը, ինչպես նաև այն «զինել» նորագույն տեխնոլոգիաներով: