Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա դեղագետը ծննդավայրում դեղագիտական ոլորտը զարգացնելու ծրագրեր ունի

Ապագա դեղագետը ծննդավայրում դեղագիտական ոլորտը զարգացնելու ծրագրեր ունի

Տավուշի մարզի Տավուշ գյուղի դպրոցի շրջանավարտ Ծովինար Արզումանյանը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան է ընդունվել ակտիվ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հեռանկարով:

Նա սովորում է Դեղագիտական ֆակուլտետի 1-ին կուրսում: Ծովինար Արզումանյանը Բերդ խոշորացված համայնքից այս ֆակուլտետ 2021 թվականին ընդունված միակ ուսանողն է:

«Որքանով հասցրել եմ տեղեկանալ այս ամիսների ընթացքում՝ մեր տարածաշրջանից քչերն են ընտրում դեղագետի մասնագիտությունը, այդ պատճառով ցանկությունս է ավարտելուց հետո վերադառնալ ծննդավայր՝ այդ ոլորտում իմ ներդրումն ունենալու համար: Կարող եմ բժշկական կազմակերպություններում բժիշկ-դեղագետ աշխատել, շատ կցանկանայի նաև աշխատել դեղագործական լաբորատորիաներում՝ դեղարտադրության ոլորտում, մարդկանց առողջության համար օգտակար դեղեր ստանալ»,-նշում է ապագա դեղագետը:

Ծովինարի համար բժշկական մայր բուհ ընդունվելը, առավել ևս սովորելը մեծագույն պատասխանատվություն է, իսկ սպիտակ խալաթ կրելն արդեն իսկ պարտավորեցնող է.

«Հետագայում մարդու առողջության հետ ենք գործ ունենալու, ինչը չափազանց մեծ պատասխանատվություն է: Պետք է շատ լավ սովորել, ջանքեր գործադրել ՝ դառնալու լավագույնը: Ես այդ գիտակցումով եմ ձեռքս վերցնում բուհական դասագրքերը՝ պատրաստվելու քննություններին, հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու»:

Ուսանողուհին նշում է՝ անհամբեր սպասում է գործնական պարապմունքներին, երբ կսկսեն հմտանալ մասնագիտական գործունեության նրբություններին:

«Դեղագիտությունը շատ հետաքրքիր ոլորտ է,դրա միջոցով տարբեր հիվանդությունների մասին ընդհանուր տեղեկություններ ունենալու հնարավորություն են ստանում: Այս պահին, թեև առաջին կուրսում ենք, բայց արդեն փորձում ենք մեզ տեսնել այդ ոլորտում, բժշկագիտության մեջ»,-ընդծում է ապագա դեղագետը:

Գաղտնի չէ, որ Տավուշի մարզը հարուստ բուսականություն ունի, նաև հարուստ է դեղաբույսերով:

«Երբ ստանամ անհրաժեշտ տեսական ու գործնական գիտելիքներ, շատ կցանկանայի առավել խորությամբ ուսումնասիրել այդ բույսերի քիմիական կազմը, կենսաբանական հատկությունները՝ դրանց դեղաբանական ազդեցության մասին առավել ընդգրկուն պատկեր կազմելու համար: Եվ որպես արդյունք այդ աշխատանքների, կցանկանայի նաև կազմել Տավուշի դեղաբույսերի ժողովածու՝ որտեղ ընդգրկված կլինեն Տավուշի տարածաշրջանում աճող բոլոր բուսատեսակները՝ իրենց մանրամասն նկարագրերով և օգտագործման ցուցումներով»,-իր ծրագրերի մասին է մանրամասնում ապագա դեղագետը: