Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա մանկաբույժը ողջ կյանքում երազել է բժիշկ դառնալու մասին

Ապագա մանկաբույժը ողջ կյանքում երազել է բժիշկ դառնալու մասին

ԵՊԲՀ  2019-2020 թթ. ուսումնական տարվա շրջանավարտ Լիլի Կարագյոզյանը  ծնվել և մեծացել է Վանաձորում։ Բժշկական բուհում ուսումնառության տարիները, ինչպես ինքն է բնորոշում,  իրեն տվել են կյանքի ամենատպավորիչ հուշերը, ամենահետաքրքիր ու ոգեշնչող մարդկանց՝ թե՛ ընկերներ,  թե՛ դասախոսներ։

«Ուսումնառության ընթացքում սովորեցի երբեք չհանձնվել, հավատալ աշխատանքի ու ձգտելու ուժին,վստահ լինել, որ անկախ քո ընդունակություններից կյանքի ցանկացած իրավիճակում միայն աշխատելու և նվիրումի միջոցով կարող ես հասնել արդյունքի։ Ուսանողական կյանքը կոփեց ինձ և տվեց ինձ ինքնուրույնության հաճելի զգացում»,- պատմում է սովորողը։
Նա ընդգծում է, որ բժշկի մասնագիտությունն իր համար ապրելակերպ է, որն ուղղված է  մարդկանց օգնելուն ոչ միայն բուժումներ նշանակելով, այլև նրանց մեջ առողջ ապրելու ցանկություն ստեղծելով։

«Իմ ողջ գիտակցական կյանքում ես երազել եմ բժիշկ դառնալ, և գտնում եմ, որ այդ ընտրությունը կյանքիս ամենաշրջադարձային ու ճիշտ որոշումն էր»,- շեշտում  է նորավարտ բժիշկը։

Դեռ վերջնական չի  կողմնորոշվել նեղ մասնագիտացման հարցում,  բայց մեծ հավանականությամբ կընտրի մանկաբուժությունը. երեխաներն իր թուլությունն են։ Այն միտքը, որ ամեն օր աշխատանքի վայրում տեսնելու է երեխաների դեմքեր և օգնելու է նրանց, իրեն երբեք չեն թողնի հանձնվել կամ հոգնել առօրյայից։

Խոսելով այս տարվա տարբերվող ավարտական երեկոյի մասին, Լիլին նկատում է, որ թե՛ ինքը, թե՛ իր համակուրսեցիները միշտ հոգու խորքում երազել են այդ օրվա մասին, երդման արարողությունը ամենագեղեցիկ ու միևնույն ժամանակ ամենապատասխանատու պահերից մեկն է իր համար։

«Երբ  այս տարի ամեն ինչ այլ կերպ ստացվեց,  հասկացա, որ իրականում կարևորը ձևաչափը չէ ու կարևոր չէ, որ այդ օրը միասին չէինք, գլխավորը զգացումը ներքին պատասխանատվությունն է ինքդ քո հանդեպ։ Դու բժիշկ ես արդեն և քեզնից ու քո գիտելիքներից միայն դու չես կախված։ Այդ զգացումը բնավ կախված չէ երեկոյի անցկացման ձևից»,- նշում է ապագա մանկաբույժը։

Նրա կարծիքով՝ բժիշկը և, առհասարակ,  յուրաքանչյուր մասնագետ պետք է սիրի իր աշխատանքը: Բժշկի համար կարևոր են ոչ թե սառնասրտությունը, ինչպես շատերն են կարծում, այլ մեծ սրտացավությունը, հոգատարությունը, ամեն օր կատարելագործվելու անհագ ծարավը և մարդկանց նկատմամբ սերը։

Ապագա բժիշկներին նա խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել, փորձել ծանրաբեռնված առօրյայում ժամանակ գտնել կյանքը զգալու և վայելելու համար, և վստահ լինել, որ ցանկացած մարդ իր աշխատասիրությամբ և նվիրումով կարող է հասնել մեծ հաջողությունների։