ԵՊԲՀ-ում այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից կմեկնարկեն վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելուն ուղղված ծրագրեր:
Վիրաբուժությամբ հետաքրքրված սովորողները, «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի շրջանավարտները վիրաբուժական դպրոցում սովորելու առաջնահերություն կունենան` գործուն քայլերով մոտենալով ընտրած բժշկագիտական ուղղությանը:
Բժշկական բուհի պատմական 1-ին լսարանում հրավիրված հանդիպման ընթացքում մեկնարկող դպրոցի պատասխանատուները` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, հանդիպեցին «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի առաջին շրջանավարտներին ու մենթորներին:
«Վիրաբուժության դպրոցը նախատեսված է լինելու նրանց համար, որոնք ոչ թե ցանկանում են վիրաբույժ դառնալ, այլ նրանց, որոնք չեն կարող վիրաբույժ չլինել»,- ներկայացնելով ծրագրի հիմնական նպատակը՝ ընդգծեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ մեր երկրում վիրաբուժության զարգացմանը խթանելն ու ոլորտում բարձրակարգ մասնագետների պատրաստումը ժամանակի հրամայական է:
Ռեկտորն անդրադարձավ դպրոցի ստեղծման նախապատմությանը՝ օրինակ բերելով ՀՍՍՀ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնը՝ ներկայիս «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտը, որտեղ թրծվել է հայաստանյան վիրաբուժական սերուցը՝ մասնագետներ, որոնք այսօր աշխատում են հանրապետության, արտերկրի առաջատար բժշկական կենտրոններում, որոնց խոսքն ու գրանցած հաջողություններն առավել քան խոսուն է ապագա վիրաբույժների համար:
Նշենք, որ «Վիրաբուժության դպրոցը» նախատեսվում է անվանակոչել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի նախկին ղեկավար, անվանի բժիշկ-գիտնական Համլետ Թամազյանի անունով, քանի որ 1990-ականներին հենց պրոֆեսոր Թամազյանն էր նման նախաձեռնություն կյանքի կոչել վիրաբուժության ինստիտուտում: Նրա ղեկավարման տարիներին վիրաբուժական այս խոշոր դարբնոցում գործնական գիտելիքներ ձեռք բերողները՝ իր աշակերտները, ակտիվորեն մասնակցել են վիրաբուժական միջազգային գիտաժողովների, համագումարների։
Բժշկական բուհի ղեկավարն էլ իր մասնագիտական գործունեության մեկնակետը համարում է հենց վիրաբուժական խոշոր այս կառույցը:
1987-1993թթ. նա համամիութենական գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, վիրահատարանում աշխատել է որպես սանիտար, ֆելդշեր:
Արմեն Մուրադյանը նշեց, որ վիրաբույժ դառնալու ուղին ընտրելիս պետք է հիշել, որ հիասթափությունը, դժվարությունները, որոշակի դրամատիկ իրադարձությունները, հիվանդի հարազատների երբեմն անարդար մեղադրանքները, առաջին չփրկված պացիենտն անխուսափելի են, սակայն հենց այդ ուղին անցնելն է թրծում մասնագետին:
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ շատ բան կախված է պրոֆեսիոնալիզմից: Չխուսափե՛ք դժվարություններից»,- հորդորեց պրոֆեսոր Մուրադյանը՝ կարևորելով նաև ծրագրին մասնակցող ուսանողների առաջադիմությունը ու կարգապահությունը:
Կլինիկական ոլորտի խոսուն օրինակներ ներկայացնելով` նա շեշտեց, որ որակյալ վիրաբույժ կարող է դառնալ այն մարդը, որը սովորել է կլինիկական, հիվանդանոցային մթնոլորտում, որին ծանոթ է բուժհաստատության արժեհամակարգը, այլ կերպ ասած՝ հիվանդանոցի «համն ու հոտը»:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը նշեց, որ լավագույն արդյունքն ուսուցչի համար իրեն գերազանցող աշակերտն է: Ինվազիվ-սրտաբանը փաստեց, որ հաջողելու համար պետք է 24-ժամյա համառ աշխատանք: Նա հիշեցրեց բժշկական ոլորտում հայտնի դեպքերից մեկը, երբ մեծանուն բժիշկ, սրտաբան Հրայր Հովակիմյանին վիրահատել է հենց իր աշակերտը: «Չկա ավելի մեծ գնահատական քան այն, որ մենք վստահենք ձեզ մեր առողջությունը»,- ասաց Միքայել Ադամյանը:
Մեկնարկող ծրագրի համակարգող «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հարությունյանն ընդգծեց, որ նախանշված նախաձեռնությունը կծառայի նպատակին` պատրաստելով կայացած մասնագետներ:
Նա ևս հիշեց այն տարիները, երբ ինքը, իր շատ գործընկերները, բառի բուն և փոխաբերական իմաստով, ապրել են հիվանդանոցում:
Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի խոսքով` «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի մեկնարկից առաջ էլ շատ սովորողներ արտերկիր մեկնելու ցանկություն ունեին, սակայն սեփական երկրում կայանալու և ձեռք բերած գիտելիքները, ներուժն ու փորձը հայրենիքին ծառայեցնելու ցանկությունը գերիշխեց:
Միջազգային մակարդակի վիրաբույժների պատրաստման գաղափարը թե՛ «Լանցետ», թե՛ «Վիրաբուժական դպրոց» համալսարանական նախաձեռնությունների հիմքում է:
«Վիրաբուժական դպրոց»-ի աշխատանքների մեկնարկը կտրվի գարնանը: Նախատեսվում է տարեկան պատրաստել դպրոցի շրջանակում կլինիկական ոլորտում գործնական գիտելիքները հարստացրած և կատարելագործած 12 ապագա վիրաբույժ:
Առաջիկայում ֆոկուս խմբային հանդիպման ձևաչափում կքննարկվեն և կմշակվեն ծրագրի մանրամասները:
Նախատեսվում է, որ վիրաբուժական դպրոցը կլինի ո՛չ միայն ուսանողական նախաձեռնություն, այլև վերապատրաստման դասընթացներ կանցկացնի նաև գործող վիրաբույժների համար, կունենա օտարերկրա մասնագետներից ձևավորված խումբ: