Քաղցկեղի դեմ պայքարում շարունակական արդյունավետություն ապահովելու և հաջողություններ գրանցելու համար որակյալ մասնագետների առկայությունը պարտադիր պայման է:
Մարիամ Մաիլյանը Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կլինիկական օրդինատուրա է անցնում:
Ուռուցքաբանի մասնագիտության ընտրության շուրջ երկար չի մտածել, քանի որ հստակ գիտեր, որ ընտրելու է այն ճյուղը, որտեղ, որ կարեկցելու կարողությունն առանձնակի արտահայտված կլիներ:
«Ես ծայրահեղ քաղցկեղաֆոբ եմ եղել, նույնիսկ քաղցկեղի մասին կարդալը ինձ մտովի տանում էր դեպի կորցրածս հարազատների կյանքի վերջին օրերի դժվար իրավիճակներ, սակայն վախերին ընդառաջ գնալն իսկապես մեզ ավելի ուժեղ է դարձնում։ Վախերը հաղթահարելու համար նախ պետք էր հասկանալ պատճառը, և ցանկացա մասնագիտանալ այս ոլորտում: Ի վերջո, նոր կյանք ստեղծելու համար նախ հին կյանքը պահպանել է պետք»,- ասում է ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի երկրորդ կուրսի սովորողը:
Դեռ 2-րդ կուրսից երազում էր դառնալ ռեպրոդուկտոլոգ։ Վերարտադրողական խնդիրներ ունեցող ընտանիքում նոր կյանք ստեղծելու և ընտանիքը լիարժեք դարձնելու գործընթացը միշտ գրավել է իրեն:
Ընտանիքում բժիշկներ չեն ունեցել, սակայն բժշկությունը իրեն դեռ մանկուց էր գրավում:
«Բակային խաղերում բժիշկը ես էի։ 13 տարեկանում հաճախում էի առաջին բուժօգնության խմբակների։ Իսկ իրական սերը դեպի բժշկագիտություն իմ մեջ արթնացրեց անատոմիայի ուսուցչուհիս, ում համար բժիշկ դառնալը չիրականացած երազանք էր մնացել։ Դպրոցական տարիներից Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում սովորելը կարմիրով ընդգծված նպատակ էր, որ նույնիսկ մտածելիս տախիկարդիա էր սկսվում. անկեղծ այդպես էր, չեմ չափազանցնում»,- հիշում է ապագա ուռուցքաբանը:
Իր գնահատմամբ` այն, որ բժիշկը պետք է լինի բարի, խելացի, աջակցող, այդ մասին բոլորը գիտեն, իսկ իր սահմանած չափանիշներով լավ բժիշկ լինելու համար նախ պետք է սիրել կյանքը ու լինել պայքարող տեսակ.
«Եթե բժիշկը կյանքն իր բոլոր վայրկյաններով արժևորի, ապա կգտնի իր մեջ այն ուժը, որը կմղի միշտ պայքարի հանուն այդ կյանքի։ Այս պարագայում հօգուտ հիվանդի, քանի որ մենք միշտ գտնվում ենք կյանքի ու մահի մեջտեղում։ Ես դա համեմատում եմ ավազի ժամացույցի հետ։ Հաճախ մենք ի զորու ենք լինում դանդաղեցնել ժամանակը կամ հավելյալ ժամանակ տալ հիվանդին վերապրելու իր չապրած կյանքը»:
Կլինիկական աշխատանքի ընթացքում դեմ առ դեմ կանգնում է բժիշկ լինելու գրեթե բոլոր դժվարությունների հետ, որն, իհարկե, կոփում է։
«Շրջապատված եմ այնպիտի մարդկանցով, ովքեր հաճախ են լքում իրենց «կոմֆորտ զոնան» ու չեն բավարարվում կամ պարծենում ստեղծած անունով, այլ մշտապես աշխատում են ինքնազարգացման վրա։ Լինելով նման թիմի մի փոքր մասնիկ՝ մշտապես անելիք կա, միշտ կա մի բարձունք, որը դեռ նվաճված չէ»,- շեշտում է Մարիամը։
Առհասարակ, հաջողությունների հասնելու համար նա կարևոր է համարում խելացի ու նպատակասլաց մարդկանցով շրջապատված լինելը, որոնք իրենց օրինակով ստիպում են առաջ գնալ, որոնք վերաբերվում են դիմացինին ոչ որպես մրցակից, այլ համախոհ, ում անմնացորդ սովորեցնում են, որ հետագայում նաև վստահեն: Մասնագետներ, որոնք ոչ թե մատնանշում են սխալը, այլ ճիշտ ուղին են ցույց տալիս։
Ուռուցքաբանությունը խորությամբ ուսումնասիրող ապագա մասնագետը վստահ է, եթե յուրաքանչյուրս գիտակցենք մեր կատարած գործի ու, առհասարակ, մեր առկայության կարևորությունը, ավելի լուրջ կվերաբերվենք այն ամենին, ինչ անում ենք, որը պատասխանատու կդարձնի մեզ առաջին հերթին հենց մեր առաջ։
Առաջիկայի նպատակները շատ են, որոնց իրագործման, նոր կապերի ստեղծման համար նա ընդլայնում է նաև լեզուների իմացությունը:
Ծրագրում է սկսել նոր լեզու սովորել, որը և նոր դռներ բացելու բանալիներից է համարում: