Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ընտանեկան բժշկության ամբիոնի 1-ին կուրսի ուսանող Արսեն Ուտկինը սեպտեմբերի 27-ին՝ իր ծննդյան օրը, տեղեկանալով Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի մասին՝ հայրենիքի նկատմամբ և մասնագիտական պարտքը կատարելու մղումով կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ:
«2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրել եմ մանկության ընկերոջս՝ Տիգրան Աբգարյանին: Դա այն պատճառներից է, որի համար կամավորագրվեցի»,- պատմում է ԵՊԲՀ սովորողը:
Սկզբում մեկնել է Գորիս, ապա մի խումբ բժիշկների հետ մեկնել Ստեփանակերտ:
«Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց հասնելուց հետո մենք տեղափոխվեցինք գաղտնի բունկեր, որտեղ պետք է ծավալեինք մեր հոսպիտալը: Մեզանից 3-4 օր պահանջվեց անհրաժեշտ բոլոր սարքավորումներով 2 վիրահատարան, 10 մահճակալով հետվիրահատական սենյակ, 8 մահճակալով վերակենդանացման բաժին, ընդունարան պատրաստելու համար: Բունկերում տեղակայված հոսպիտալը նախատեսված էր արտակարգ իրավիճակում հիվանդանոցի տարհանման համար, որպեսզի բժիշկները կարողանային անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին»,- նշում է սովորողը, որը պատերազմի ընթացքում բուհում ստացած մասնագիտական հմտություններին ավելացրել է նաև արագ որոշումներ կայացնելու կարողությունը:
Պատերազմը խորը հետք է թողել…. «Քանի որ մենք չգիտենք, թե վաղը մեզ ինչ է սպասվում, ինչպես բժիշկները, այնպես էլ մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է համախմբել և ամենակարևորը` սիրել մեր հայրենիքը»,-շեշտում է նա:
Արսեն Ուտկինը, որը մինչ պատերազմը Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկական վիրաբուժության ամբիոնի ուսանող էր, մի շարք նպատակների կողքին ունի երազանք, որն անկատար է մնացել պատերազմի հետևանքով. փոխել է մասնագիտությունը, քանի որ ինչպես ինքն է նշում՝ չի կարողանում վիրահատություն կատարել` ձեռքերը դողում են:
«Աշխատում եմ երազանքս իրականություն դարձնելու ուղղությամբ: Մանկական վիրաբույժ դառնալն իմ ամենամեծ երազանքն է, որն իրականություն դարձնելուց հետո, կյանքի կկոչեմ հիվանդանոց բացելու ցանկությունս, որտեղ երեխաները կվիրահատվեն հիվանդանոցի միջոցներով»,-նշում է պատերազմին կամավորագրված հերացիականը:
Արսեն Ուտկինի ընտանիքում բժիշկներ չկան: «Ամեն անգամ, տեսնելով բժշկի մասնագիտություն ունեցող մարդկանց, ցանկանում էի լինել նրանցից մեկը: Ես այժմ մասնագիտական կայացման ճանապարհին եմ, իսկ ցանկություններս իրականացնելու հնարավորություն անպայման դեռ կունենամ»,-նշում է Գյումրիի շտապօգնության ծառայությունում բժշկի առաքելություն իրականացնող ապագա ընտանեկան բժիշկը: