Ամեն տարի՝ ապրիլի 17-ին, ամբողջ աշխարհում նշվում է Հեմոֆիլիայի համաշխարհային օրը։
Միջազգային օրացույցում այս օրն իր տեղը գտավ Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ՝ սկսած 1989 թվականից: Ապրիլի 17-ն ընտրվել է Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադիր Ֆրենկ Շնաբելի պատվին, ում ծննդյան օրը նշվում է հենց այդ օրը:
Բազմաթիվ երկրներում այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով հիվանդների դեղորայքային ապահովման և կյանքի որակի բարելավման, նորագույն բուժման ներդրումների հետ կապված խնդիրների լուսաբանմանը:
Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման սպիտակուցների պակասով և անցնում է ժառանգաբար` X քրոմոսոմի հետ շղթայակցված: Այսինքն՝ կանայք գենը փոխանցողներն են, նրանց արական սեռի երեխաները հիվանդանում են։ Կրող կանանց մոտ արյունահոսական բարդություններ հաճախ են գրանցվում, հատկապես՝ ծննդաբերությունների դեպքում։
Ըստ էության, բուժման ենթակա են այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը: Բուժման միակ միջոցը հանդիսանում է մակարդման անբավարար սպիտակուցի ներարկումը: Վաղ տարիքից պատրաստուկի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը:
Այսօր հեմոֆիլիայի տեսակներ ունեցող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մինչև 400 հազ. մարդ (8-10 հազար տղամարդուց մեկը):