Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ նյութում ապրիլը մի քանի տեղակայման քաղցկեղների իրազեկան ամիս է համարվում, այդ թվում նաև՝ կերակրափողի քաղցկեղի: Այն հնրավորություն է ընձեռնում ևս մեկ անգամ բարձրաձայնել տվյալ չարորակ նորագոյացության մասին, տեղեկացնել հիվանդության ախտանիշների, բուժման մեթոդների, ռիսկի գործոնների և դրանց կանխարգելման մասին:
Կերակրափողի քաղցկեղը չարորակ նորագոյացության տեսակ է, որը զարգանում է ըմպանը ստամոքսին միացնող մկանային խողովականման օրգանից՝ կերակրափողից:
Ամբողջ աշխարհում կերակրափողի քաղցկեղը տարածվածությամբ բոլոր չարորակ նորագոյացությունների կազմում ութերորդն է, և առաջինն է մարսողական օրգանների չարորակ նորագոյացությունների խմբում:
Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալության տվյալների համաձայն` 2020թ.-ին ամբողջ աշխարհում կերակրափողի քաղցկեղի շուրջ 604.100 նոր դեպք է գրանցել, որը քաղցկեղի հայտնաբերված բոլոր դեպքերի 3.1%-ն է։ Գրանցված դեպքերի թվով առաջատարը /79.7%/ Ասիական երկրներն են, որոնցից առաջնակի հիվանդացությունը ամենաբարձրն է Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Բանգլադեշում, Պակիստանում և Իրանում: Իսկ, օրինակ, Միացյալ Նահանգներում կերակրափողի քաղցկեղը այդքան էլ տարածված չէ, այն կազմում է ախտորոշված բոլոր քաղցկեղների միայն 1%-ը:
2020 թվականին այս հիվանդությունից ամբողջ աշխարհում մահացել է 544.076 մարդ:
Հայաստանում 2022թ.-ին գրանցվել է կերակրափողի քաղցկեղի 164 դեպք, որի գերակշիռ մասը` 69%-ը կազմել են տղամարդիկ:
Կերակրափողի քաղցկեղի ապրելիության մակարդակը կախված է մի քանի գործոններից: Դրանք ներառում են քաղցկեղի փուլը, բուժառուի տարիքը, ուղեկցող հիվանդությունների առկայությունը և բուժման ծրագրի արդյունավետությունը:
Միայն կերակրափողում տեղայնացված քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ 5 տարվա հարաբերական ապրելիության մակարդակը կազմում է 47%: 5 տարվա ընթացքում հարաբերական մակարդակը այն պացիենտների ում մոտ հիվանդությունը տարածվել է շրջակա հյուսվածքների կամ օրգանների և հարակից ավշային հանգույցների վրա, կազմում է 26%: Եթե հիվանդությունը տարածվել է մարմնի այլ ավելի հեռավոր մասերում, ապրելիության հարաբերական մակարդակը կազմում է 6%:
Կերակրափողի քաղցկեղը համարվում է տարեց մարդկանց հիվանդություն: Այն չափազանց հազվադեպ է հանդիպում 30 տարեկանից ցածր տարիքային խմբում: Հիվանդության ախտորոշման միջին տարիքը տղամարդկանց մոտ կազմում է 64, կանանց շրջանում` 70 տարեկան: Հիվանդության դեպքերի շուրջ 70%-ը գրանցվում է տղամարդկանց մոտ:
Ըստ հյուսվածաբանական կառուցվածքի, hիվանդության 2 հիմնական տեսակներն են` կերակրափողային տափակ-բջջային կարցինոման, որն ախտորոշվում է կերակրափողի չարորակ նորագոյացությունների 85% դեպքերում, և կերակրափողի ադենոկարցինոման:
Կերակրափողի քաղցկեղի հստակ պատճառները հայտնի չեն: Հետևյալ գործոնները կարող են մեծացնել մարդու մոտ կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Տարիք` 45-ից 70 տարեկան մարդիկ ունեն կերակրափողի քաղցկեղի զարգացման ամենաբարձր ռիսկը:
Սեռ` տղամարդկանց մոտ կերակրափողի քաղցկեղի զարգացման հավանականությունը 3-4 անգամ ավելի մեծ է, քան կանանց մոտ:
Ծխախոտ` ծխախոտի ցանկացած տեսակի օգտագործումը, ինչպիսիք են ծխախոտը, սիգարը, էլեկտրոնային ծխախոտները, փաֆերը մեծացնում են կերակրափողի քաղցկեղի, հատկապես սկուամոզային քաղցկեղի զարգացման ռիսկը:
Ալկոհոլ` ալկոհոլի չափազանց երկարատև և մեծ չափաբաժնով օգտագործումը բարձրացնում է կերակրափողի սկուամոզային բջիջների քաղցկեղի զարգացման ռիսկը, հատկապես, երբ զուգորդվում է ծխախոտի օգտագործման հետ:
Սննդակարգ` մրգերի և բանջարեղենի, ինչպես նաև որոշակի վիտամինների և հանքանյութերի ցածր պարունակությամբ սնունդը կարող է մեծացնել կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Ճարպակալում` ավելորդ քաշը և չափազանց շատ ճարպի կուտակումը կարող են մեծացնել կերակրափողի ադենոկարցինոմայի զարգացման ռիսկը:
Մարդու պապիլոմավիրուսային վարակ (ՄՊՎ)` հետազոտողները ՄՊՎ-ն ուսումնասիրում են որպես կերակրափողի քաղցկեղի հավանական ռիսկի գործոն, բայց կերակրափողի սկուամոզային բջիջների քաղցկեղի և ՄՊՎ-ի միջև հստակ կապը դեռ որոշված չէ, այդ իսկ պատճառով ռիսկը մնում է ցածր և շարունակվում են հետազոտական աշխատանքները:
Բարրետի կերակրափող կամ քրոնիկ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն ունեցող մարդկանց մոտ ավելի հավանական է, որ ախտորոշվի կերակրափողի ադենոկարցինոմա հիվանդացությունը:
Շատ տաք (65°C-ից բարձր) հեղուկների հաճախակի ընդունումը գրեթե 5 անգամ բարձրացնում է հիվանդության զարգացման ռիսկը:
Ժառանգակական գործոնը նույնպես կերակրափողի զարգացման հավանական ռիսկի գործոն է:
Հիվանդությունը բնութագրվում է ուշ հայտնաբերմամբ: Շատ դեպքերում այն վաղ շրջանում որևէ առանձնահատուկ ախտանիշներով չի ուղեկցվում, ուստի, հիվանդների մեծամասնությունը դիմում է բժշկի, երբ ուռուցքից առաջացած օրգանի նեղացումը կազմում է նրա լուսանցքի մինչև ⅔-ը։
Կերակրափողի քաղցկեղի ախտանիշներից են՝
Որքան վաղ հայտնաբերվի քաղցկեղը և որքան շուտ կազմակերպվի բուժումը, այդքան արդյունքները կարող են բարենպաստ լինել:
Եղե՛ք առողջ և իրազեկված: