Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Առավել արդյունավետ է «ես այսօր կանեմ սա…», քան «անթիվ գործեր ունեմ անելու» միտքը. Կարինե Թաթարյան

Առավել արդյունավետ է «ես այսօր կանեմ սա…», քան «անթիվ գործեր ունեմ անելու» միտքը. Կարինե Թաթարյան

Ամանորյա տոների առիթով հանգստյան կարճ օրերը և աշխատանքի վերադառնալու փաստը մարդկանց մեծ մասն ընդունեց դժկամությամբ:

Հոգեբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Կարինե Թաթարյանը կարծում է, որ հիմնական պատճառն է, որ մենք ապրում ենք տարիների ընթացքում ձևավորված և սովորություն դարձած կենսակերպով, պարտավորվածություններով, «անելիք-չանելիքներ»-ով։

«Ցանկացած շեղում այդ կարծրատիպերից առաջացնում է լարվածություն, ներքին անհարմարություն և դիմադրում՝ նոր ձևաչափին առավելապես հարմարվելու առումով։ Այն ինչ պետք է հիշել, որ կյանքում, հատկապես, մեր օրերում, կայուն ոչինչ չկա։ Կարելի է ասել, որ կայուն են միայն փոփոխությունները, որոնց հանդիպում ենք յուրաքանչյուր օր, ժամ…»,- նշում է Կարինե Թաթարյանը:

Նրա խոսքով` այդ փոփոխությանն է վերաբերում նաև այս տարվա կրճատված հանգստյան օրերը, ինչը հակառակ էր մեր ձևավորված կենսակերպին։

«Իսկ արդյո՞ք այդ օրերը տրամադրեցինք լիարժեք հանգստին, արդյո՞ք անհրաժեշտ ժամանակ տրամադրեցինք մեր հարազատներին, երեխաներին, կյանքի անդառնալի պահերով հագենալուն և, վերջապես, աշխատանքային առօրյայից կտրվելուն։ Կարծում եմ՝ ոչ։ Շատերը ծանրաբեռվեցին լրացուցիչ կենցաղային հոգսերով, որոնք նույնպես կարևոր և ոչ պակաս հոգնեցնող էին։ Հետևանքը՝ չհասցնել հանգստանալն էր… Առաջին աշխատանքային օրը, բնականաբար, բոլորս էլ տրամադրված չենք լինում աշխատելու՝ անկախ հանգստյան օրերի տևողությունից, ինչը նորմալ է։ Բայց ինչքան շուտ սկսենք հունի մեջ մտնել, այդքան շահած կլինենք»,-մանրամասնում է հոգեկան առողջության մասնագետը:

Այս ամենից ելնելով՝ նա ընդգծում է, որ ցանկալի է, որ վերանայենք ձևավորված սովորությունները, որոնք մոտիվացիան իջեցնող ամենաանտեսված պատճառներից են։ Պլանավորենք հատկապես առաջին աշխատանքային օրերը, քանի որ արդյունավետ է «ես այսօր կանեմ սա…», քան «անթիվ գործեր ունեմ անելու» միտքը։

Փորձենք սովորականից շուտ լինել աշխատանքի վայրում, ինչը կօգնի օրը սկսել ոչ կարևոր գործերից և տրամադրվել արդյունավետ աշխատանքին։

«Օրինակ՝ կարգի բերել աշխատասենյակը, դասավորել աշխատատեղը: Եվ իհարկե, գիտակցել, որ այս տարի առավել մեծ եռանդով և հետևողականությամբ պետք է ձգտենք մեր նպատակներին, որում յուրաքանչյուրս ունենք մեր անելիքը, և յուրաքանչյուրիս ներդրումը չափազանց կարևոր է: Դրա համար՝ այսօրվա գործը անում ենք այսօր, հիմա և այստեղ. աշխատելիս՝ աշխատում ենք, հանգստանալիս՝ հանգստանում, երազելիս՝ երազում… և այդ բոլորը՝ գիտակցված: Անցյալը չենք խցկում ներկա, ներկան չենք զոհաբերում կասկածելի ապագային, ապագան չենք վտանգում անպատասխանատու վարքով»,- ասում է Կարինե Թաթարյանը` հավելելով, որ  ժամանակը և էներգիան պետք է ծախսել բացառապես մեզ վերաբերվող և մեր հասանելիության սահմաններում գտնվող խնդիրների լուծման համար։

Նա վստահեցնում է, որ վերոնշյալ կետերին հետևելով և դրանցով առաջնորդվելով, արդյունքը սպասեցնել չի տա: