Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արհեստական բանականության դերը առողջապահության ոլորտում

Արհեստական բանականության դերը առողջապահության ոլորտում

Վերջին տասնամյակում առողջապահության բնագավառում սրընթաց զարգանում և ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնցից թերևս առավել նորարարականներից է արհեստական բանականությունը:

Արհեստական ​​բանականությունը (ԱԲ)` տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս համակարգին ալգորիթմների միջոցով կատարել ինտելեկտուալ կարողություններ պահանջող առաջադրանքներ, այդ թվում՝ մտածել, սովորել, վերլուծել տվյալներ, ճանաչել պատկերներ, լուծել բարդ խնդիրներ, որոշումներ կայացնել, հասկանալ խոսքը և ընդօրինակել մարդկային բանականությանը: Ստեղծվելով 1950-ականներին`  ԱԲ-ն այսօր այնքան  արագ է զարգանում, որ արդեն ներկայումս ձեռքբերված արդյունքները գերազանցում են մարդկանց սպասելիքները և էապես ազդում նրանց կյանքի և գործունեության վրա:

          Արհեստական ​​բանականության վրա հիմնված տեխնոլոգիաները, հանդիսանալով բժշկական անձնակազմի կարևորագույն օգնականներ, ավելի ու ավելի պահանջված են դառնում մերօրյա բժշկության և առողջապահության ոլորտում: Կարելի է պնդել, որ դրանց ներդրումը ժամանակակից առողջապահության հիմնական միտումներից է: Փորձագետները շատ բարձր են գնահատում ԱԲ ներուժը՝ սկսած լուրջ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման կարողությունից մինչև նոր դեղամիջոցների մշակումը:

          Բժշկության ոլորտում արհեստական բանականությունն ունի մի շարք հիմնական գործառույթներ, որոնցից են բժշկական ախտորոշումը,  կանխատեսող վերլուծությունը և բուժման պլանավորումը, աշխատանքային գործընթացի օպտիմալացումը, նոր դեղերի մշակումը, ԱԲ հիման վրա աշխատող վիրտուալ օգնականների և չատ-բոթերի ստեղծումը, հիվանդի մոնիտորինգը,  բժշկագիտական հետազոտությունները և այլն:

          Թվարկվածը միայն մի փոքր մասն է այն ամենի, ինչ ունակ է անել ԱԲ-ն։ Ամենայնիվ, դրական կողմերի հետ մեկտեղ կան նաև ԱԲ օգտագործման հետ կապված որոշ խնդիրներ, մասնավորապես` ԱԲ արագ զարգացումը և դրա ներդրումը էապես կազդի կադրային կառուցվածքի վրա: Որոշ աշխատատեղեր կվերանան, կհայտնվեն նորերը: Դրա հետ կապված՝ կփոխվեն մասնագետների հմտությունների նկատմամբ ներկայացվող պահանջները: Համաձայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալների՝ արդեն այսօր աշխատատեղերի 27%-ն ավտոմատացման բարձր ռիսկի տակ է: Հետևաբար, հրատապ անհրաժեշտություն կա այնպիսի քաղաքական  գործողությունների, որոնք թույլ կտան երկրներին, ընկերություններին և անհատներին օգուտ քաղել ԱԲ-ից՝ միաժամանակ վերացնելով ռիսկերը:

          Ըստ 2022թ-ին նույն ՏՀԶԿ կողմից յոթ երկրում իրականացված հետազոտության տվյալների` արտադրության ոլորտում գործատուների 71%-ն արձագանքել է ԱԲ ներդրմանն աշխատողների վերապատրաստման կամ որակավորման բարձրացման միջոցով, 53%-ը` գնելով ծառայություններ այլ ընկերություններից, 48%-ը` վարձելով նոր աշխատողներ, 14%-ը` կրճատումներով:

           ՏՀԶԿ կողմից իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ ԱԲ-ի օգտագործումն աշխատավայրում կարող է նաև դրական արդյունքներ ունենալ՝ կապված մարդկանց՝ աշխատանքից բավարարվածության և աշխատավարձի հետ: Պարզվել է, որ այն աշխատատեղերում, որտեղ ԱԲ արդեն իսկ ներդրվել է,  մարդկանց 63%-ը նշել է, որ ավելի մեծ բավարարվածություն են ստանում իրենց աշխատանքից:

          Կանխատեսելի է, որ ԱԲ ներդրումը բժշկության և առողջապահության ոլորտում նույնպես կհանգեցնի բժիշկների և ավտոմատացված համակարգերի միջև աշխատանքների և պարտականությունների բաշխման փոփոխությունների:  Ուստի, թեև ԱԲ-ն կարող է բարելավել առողջապահական համակարգի արտադրողականությունն ու արդյունավետությունը, կարևոր է հասնել այնպիսի հավասարակշռության, որի դեպքում ԱԲ-ն կաջակցի առողջապահության ոլորտի մասնագետներին, այլ ոչ թե կփոխարինի նրանց: Նշված խնդիրը լուծելու համար շատ կարևոր է բժշկական ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերի ադապտացումը բժշկության ոլորտում ԱԲ օգտագործմանը: Վերանայված ծրագրերի շրջանակում բժշկական ուսումնական հաստատությունների շրջանավարտները պետք է ձեռք բերեն ԱԲ և հարակից տեխնոլոգիաների հետ աշխատելու համար անհրաժեշտ գիտելքներ և հմտություններ: Դա թույլ կտա նրանց հարմարվել փոփոխություններին և մրցունակ լինել աշխատաշուկայում՝ կանխելով հնարավոր գործազրկությունը։