Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Առողջ մարդու մաշկի անձնագիրը»․ բժշկական բուհը համախմբել էր մաշկաբանական համայնքի առաջատար ներկայացուցիչներին

«Առողջ մարդու մաշկի անձնագիրը»․ բժշկական բուհը համախմբել էր մաշկաբանական համայնքի առաջատար ներկայացուցիչներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 13-ին կայացավ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի (ՄՄՕԱԱ) և Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի նախաձեռնած «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային հոբելյանական XV գիտագործնական համաժողովը։

Միջոցառման մեկնարկին Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ողջունեց մաշկավեներաբանական համայնքի ներկայացուցիչներին՝ գոհունակություն հայտնելով, որ տարբեր հիվանդանոցների և բժշկական կենտրոնների մասնագետներ ժամանել են բժշկական համալսարան։ Պրոռեկտորի խոսքով՝ հենց համալսարանի շուրջ պետք է համախմբվեն ակադեմիական, կլինիկական շրջանակները։ «Մաշկաբանությունը շատ արագ զարգացող ուղղություն է, և մենք պետք է կարողանանք մեր գործընկերների հետ արդյունավետորեն աշխատել ինչպես կրթական, այնպես էլ գիտական հարթակներում, վարել համապատասխան մասնագիտական դիսկուրսներ, որոնք կհանգեցնեն ազդեցության բարձր գործակից ունեցող ամսագրերում գիտական հոդվածների տպագրման», – շեշտեց Կոնստանտին Ենկոյանը՝ լավ ընթացք մաղթելով համաժողովի մասնակիցներին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ Խաչիկ Խաչիկյանը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանը՝ միջազգային ֆորումի անցկացման հնարավորության համար։

Մասնագիտական զեկույցների մեկնարկը տրվեց բարձրագույն որակավորման մաշկաբան-ուռուցքաբան‚ Տյումենի պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության ամբիոնի դերմատոսկոպիայի հիմունքներով դերմատոօնկոլոգիայի դասընթացի ղեկավար, «Մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիան» գրքի հեղինակ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսաստանյան ընկերակցության փորձագիտական խմբի անդամ, Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ պատվավոր անդամ Ալեքսեյ Գետմանի՝ «Օրոլաբիալ մելանոզ. դերմատոսկոպիան‚ տարբերակիչ ախտորոշումը‚ բուժման ուղղությունները» խորագրով զեկույցով։ Ռուս մասնագետը նկարների տեսքով ներկայացրեց շուրթերի պիգմենտային վնասվածքների կլինիկական տարբերակներ, լորձաթաղանթի մելանոզի ախտանշանները, դրա առանձնահատկությունները կանանց և տղամարդկանց մոտ, բուժման մեթոդները։

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ նախագահ Խաչիկ Խաչիկյանը ներկայացրեց «Մելանոմայի դերմատոսկոպիական և ախտահյուսվածքաբանական առանձնահատկություններն ու դրանց համահարաբերակցությունը» զեկույցը, որի ընթացքում անդրադարձավ մելանոմայի բնորոշմանը, համաճարակաբանությանը։ «Աշխարհում մելանոմայով հիվանդացության աճի տեմպն անշեղորեն աճում է․ յուրաքանչյուր տասնամյակ գրեթե կրկնապատկվում է։ Չարորակ նորագոյացությունների մելանոման 5-րդն է տղամարդկանց և 7-րդը՝ կանանց շրջանում, ու կազմում է նոր հայտնաբերված քաղցկեղի դեպքերի համապատասխանաբար 5%-ը և 4%-ը։ Առաջին անգամ ախտորոշման միջին տարիքը 57-ն է, սակայն, ի տարբերություն այլ չարորակ նորագոյացությունների, այն հայտնաբերվում է նաև երիտասարդ տարիքում», – նշեց Խաչիկ Խաչիկյանը։

Մասնագետի հաղորդմամբ՝ մելանոման այլ քաղցկեղներից մահացության սանդղակում 3-րդն է։ «Բարեբախտաբար ցուցանիշը կտրուկ նվազել է։ Այս խնդրում շատ կարևորվում է մելանոմաների վաղ ախտորոշումը, որտեղ «առաջին ջութակի» դերը կատարում է դերմատոսկոպիան», – ընդգծեց Խաչիկ Խաչիկյանը։ Նա ցուցադրեց կլինիկական մի քանի դեպք, որոնց օրինակով բացահայտեց հիվանդության ախտորոշման մեթոդները։

ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ ԲԳԱ «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, «Ոսկե դերմատոսկոպի» ազգային մրցանակի դափնեկիր‚ մաշկավեներաբան-ուռուցքաբան‚ Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ Միխայիլ Ուստինովի զեկույցը կրում էր «Մելազմա. դերմատոսկոպիան և տարբերակիչ ախտորոշումը‚ բուժման ուղղությունները» խորագիրը։ Ռուս մասնագետը ներկայացրեց մելազմայի էթիոլոգիան, դասակարգումը և բուժման մեթոդները։

ՌԴ հետդիպլոմային կրթության ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դոցենտ‚ Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ պատվավոր անդամ Նատալյա Սիրմայսը խոսեց «Սև ականթոզ» հիվանդության մասին՝ նշելով դրա ձևերը‚ պատճառագիտությունը‚ դերմատոսկոպիական ախտորոշումը։

Մաշկավեներաբան‚ բժիշկ-կոսմետոլոգ Եկատերինա Կարպուշինան հանդես եկավ «Նեյրոֆիբրոմատոզներ. դերմատոսկոպիայի հնարավորությունները տարբերակիչ ախտորոշման և թերապևտիկ պարադիգմայի մեջ» զեկույցով, իսկ ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի ասիստենտ, ԱՄԱԿ մաշկավեներաբան-դերմատոսկոպիստ‚ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մաշկավեներաբան-դերմատոսկոպիստ‚ Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ Անահիտ Թոփչյանը ներկայացրեց «Մաշկի գերազանցապես կապույտ նրբերանգների մելանոցիտային և ոչ մելանոցիտային գոյացությունների բարորակության և չարորակության դերմատոսկոպիական պրեդիկտորները» զեկույցը։

ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր աշխատակից Վիտալի Օխլոպկովն անդրադարձավ սեբորեային մաշկաբորբին, ՌԴ նախագահի գործերի կազմակերպման կենտրոնական պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր‚ Օրդինատուրայի և ասպիրանտուրայի բաժնի պետ‚ Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի բժշկական գիտակրթական կենտրոնի գլխավոր գիտաշխատող‚ Մաշկաբանների և հոգեբույժների եվրոպական ընկերակցության կառավարման խորհրդի անդամ (ESDaP), Միջազգային մաշկաբանական խորհրդի կոմիտեի անդամ (ESD), Գերմանական մաշկաբանական ընկերացության թղթակից-անդամ (DDG)‚ Մաշկաբանների և կոսմետոլոգների ազգային ալյանսի անդամ‚ Պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և ՄՄՕԱԱ կառավարման խորհդի անդամ Անդրեյ Լվովը հանդես եկավ «Առողջ մարդու մաշկի անձնագիրը‚ ռացիոնալ լուսապաշտպանություն. բժշկական և սոցիալական կարիքները‚ իրականությունը և նորարարությունները» բազմաբովանդակ զեկույցով։

Մաշկավեներաբան‚ Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ Լուսինե Ամիրխանյանը մասնակիցներին ներկայացրեց «Մաշկի ֆիզիոլոգիական փոփոխությունները հղիության ժամանակ» զեկույցը, Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ, ՌԴ մաշկավեներաբանների և կոսմետոլոգների ազգային ալյանսի անդամ Անուշ Գոմցյանի զեկույցը վերաբերում էր պսորիազային օնիխոդիստրոֆիային և դրա ժամանակակից պատկերացումներին, մաշկավեներաբան‚ Պրոֆ. Հ.Ա. Քալամքարյանի անվան ՄՄՕԱԱ անդամ‚ Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի անդամ Աննա Աղաջանյանն անդրադարձավ վասկուլիտներին և դրանց ժամանակակից պատկերացումներին, մաշկավեներաբան‚ բժիշկ կոսմետոլոգ Աննա Գասպարյանը խոսեց պոստակնե համախտանիշի բուժման ժամանակակից մոտեցումների մասին, իսկ մաշկավեներաբան‚ բժիշկ կոսմետոլոգ Կարինե Շահվերդյանը կարևորեց լայնացած ծակոտիների ախտաբանության շտկման ժամանակակից մոտեցումները։

Համաժողովի շրջանակում անցկացվեց նաև ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ Խաչիկ Խաչիկյանի «Մաշկավեներաբանություն» երկհատորյա դասագրքի շնորհանդեսը։

Ամփոփելով բժշկական մեկդարյա բուհի տանիքի ներքո անցկացված միջազգային կարևոր համաժողովը՝ հարկ է փաստել, որ մաշկաբանների համաշխարհային հանրույթի հայտնի ներկայացուցիչները մասնակիցներին ծանոթացրին մասնագիտության առաջադեմ գիտական կոնտենտի` վերջին հետազոտությունների արդյունքներին‚ գիտությունից բխող ու շարունակաբար լրամշակվող լավագույն կլինիկական և գործնական մոտեցումներին։