ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանում առողջապահության դպրոցական ծառայությունների համակարգի վերլուծության վերաբերյալ Մոսկվայում կայացել է եզրափակիչ աշխատաժողով, որին մասնակցել է 9 երկիր:
Հայաստանի պատվիրակության անդամների թվում էր նաև «Հերացի» պոլիկլինիկայի դպրոցի և նախադպրոցական հաստատությունների բաժնի պատասխանատու, բժիշկ Մարինե Նազարյանը
Անցկացված միջազգային միջոցառման նպատակը դպրոցներում գործող ազգային չափորոշիչների հիման վրա մատուցվող բժշկական ծառայությունների գնահատումը, աջակցումն ու բարելավումն էր:
«Բարձրացված խնդիրների մեծ մասը նույնն էր մասնակից բոլոր երկրների համար: Դրանք են՝ դպրոցներում անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակասը, բուժկետի անբավարար պայմանները, սպասարկող բուժքույրերի մասնագիտական ցածր մակարդակը, նրանց գործնական և տեսական անբավարար գիտելիքները, ուղեցույցերի բացակայությունը, թերի կապը հաստատությունների միջև (հաճախ՝ բացակայությունը)` դպրոց, դպրոցը սպասարկող, աշակերտի տեղամասային պոլիկլինիկաներ , հատուկ կարիք ունեցող երեխաների համար պայմանների բացակայությունը, նրանց հետ աշխատելու մասնագետների և հմտությունների պակասը, բուժանձնակազմի ցածր վարձատրությունն ու պաշտոնի ցածր հեղինակությունը, պոլիկլնիկաներում դպրոցների պատասխանատուների թերի լիազորությունները»,- նշում է Մարինե Նազարյանը:
Մեր երկրում կատարվող աշխատանքները ղեկավարում և ներկայացնում էր ծրագրի համակարգող, մանկաբույժ, դեռահասային բժիշկ Մարինա Մելկումովան: Հայաստանում առողջապահական դպրոցական ծառայությունների համակարգի վերլուծության արդյունքում որպես թույլ կողմեր նշվեցին նաև երեխաների մասնակցության բացակայությունն իրենց սեփական առողջությանը, դպրոցներում անձնակազմի թերի գիտելիքներն առողջությանը վերաբերող հարցերում ու դրանից բխող որոշակի անտարբերության մթնոլորտը կրթական հաստատություններում:
Ուժեղ կողմերից են խնդիրերի շուրջ տարվող աշխատանքների դրական արդյունքները, ինչպես նաև դեռահասների իրազեկվածությունը բարձրացնող www.teenslive.am կայքը, որտեղ երեխաները կարող են գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները՝ նույնիսկ անանուն տարբերակով:
«Որպես համալսարանական պոլիկլինիկա մեր կողմից սպասարկվող դպրոցներից երկուսը մասնակցել են պիլոտային ծրագրին՝ անցկացվել են սեմինարներ բուժքույրերի, զրույց-դասեր՝ երեխաների և ուսուցչական անձնակազմի հետ, տրամադրվել են ուսուցողական նյութեր: Ի ուրախություն մեզ՝ պետք է նշել, որ համալսարանական պոլիկլինիկաների կողմից սպասարկվող բոլոր դպրոցները, ապահովված են անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների, գործիքների Առողջապահության նախարարության սահմանված ողջ ցանկով»,- ընդգծում է Մարինե Նազարյանը` հավելելով, որ համալսարանական պոլիկլինիկայի բուժքույրերը պարբերաբար անցնում են մասնագիտական վերապատրաստում, յուրաքանչյուր մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ ունենում են սեմինարներ պոլիկլինիկայում (այժմ նաև zoom-հարթակում), որտեղ քննարկում են առաջացած խնդիրները և վերլուծում մասնագիտական հարցեր:
Նշենք, որ տարիների ընթացքում աշակերտների հետ ավանդույթ դարձած զրույցներն առողջության մասին, որոնք ընդհատվել էին համաճարակի պատճառով, վերականգնվել են:
Մասնագետը փաստում է, որ սահմանված հանրակրթական հաստատություններում ՀՀ ԱՆ չափորոշիչներով մատուցված ծառայությունները շատ ավելի ծավալուն են մյուս երկրներում նախատեսած ազգային չափորոշիչների համեմատ:
Նշենք, որ հանրակրթական դպրոցներում բաժնի պատասխանատուների կողմից իրականացվում է դպրոցներում մատուցած ծառայությունների մշտական վերահսկողություն: