Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Արտաշես Ազնաուրյանն այսօր կդառնար 85 տարեկան. անվանի գիտնականը` համալսարանականների հուշերում

Արտաշես Ազնաուրյանն այսօր կդառնար 85 տարեկան. անվանի գիտնականը` համալսարանականների հուշերում

Առաջին անգամ պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանն իր ծննդյան օրը ֆիզիկապես ներկա չէ: Անվանի բժիշկ-գիտնականի 85-ամյա հոբելյանը հարազատ բուհում կնշեն առանց նրա:

Անատոմիական մասնաշենքում տեղակայված Հյուսվածքաբանության ամբիոնի` նրա աշխատասենյակն ապագա բժիշկների համար այժմ դասասենյակ է, իսկ դռան վրա փակցված «Ազնաուրյան» ազգանունը կշարունակի լինել մեր երկրում բժշկության, բժշկական ակադեմիական միջավայրի ներկայանալի այցեքարտ:

Շուրջ մեկ տարի (մահացել է 2022թ. նոյեմբերի 18-ին) առանց բժշկագիտության նահապետի ֆիզիկական ներկայության, բայց, միևնույն ժամանակ, նրա մասին հուշերում, թողած խորհուրդներում համալսարանականները, պրոֆեսորադասախոսական կազմը հիշում է, հարգում ու մեծարում գործընկերոջը, ուսուցչին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Գիտական խորհրդի սեպտեմբերի 18-ի նիստին` անվանի բժիշկ-գիտնականի հոբելյանի նախօրեին, հիշատակի խոսք հղեց.

«Եվս մեկ անգամ մեծ հպարտությամբ կխոսեմ մեր նահապետներից, ուսուցիչներից, նվիրյալներից, ականավոր գործիչներից մեկի մասին, ում 85-ամյակն է, պրոֆեսոր Ազնաուրյանի, ով շուրջ մեկ տարի արդեն մեզ հետ չէ: Խորը ափսոսանք եմ հայտնում: Դժվար փորձությունների մեջ ևս մեկ իմաստուն խոսք պակաս է լսվում, մեկ իմաստուն ձայն, որը կարող էր և’ սաստել, և’ խորհուրդ տալ, ոգևորել: Բոլորիս համար այդ մեծ կորուստը մենք փորձում ենք մեր երիտասարդ սերնդի մեջ տեսնել, այն սերնդի, որ կերտել է Արտաշես Վարդանովիչը: Ես հպարտությամբ հիշում եմ մեր համատեղ աշխատանքը` ինչպես առողջապահության կազմակերպիչ, այնպես էլ համալսարանական: Մեծ կորուստ է ինձ համար անձամբ և համալսարանի, բոլորիս համար նրա ներկայությունը Գիտական խորհրդի նիստերին և, առհասարակ, համալսարանական կյանքում անփոխարինելի է, կան անձեր, որոնք անփոխարինելի են»: 

Բժշկի ուղին` պրոֆեսորից մինչև նախարար. պատմում են ընկերները 

Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովի ընկերությունն Արտաշես Ազնաուրյանի հետ վաղուց փոխակերպվել էր բարեկամության: Գիտության, ուսումնակազմակերպչական հիմնախնդիրներից մինչև թոռնիկներին դաստիարակման, կյանքի հարցերի շուրջ մտահոգությունները եղել են նրանց մշտական քննարկումների կենտրոնում:

«Ինձ համար մեծ պատիվ է, մեծ հաճույքով եմ խոսելու Արտաշես Վարդանովիչի մասին, որովհետև նա և՛ համալսարանի, և՛ ընկերության համար մի երևույթ էր: Այդպիսի մարդու ամեն օր չես հանդիպի: Մենք, փաստորեն, համարյա միասին էինք ընդունվել համալսարան, և երկուսս էլ այլ երկրից էինք եկել ընդունվելու ինստիտուտ` դպրոցն ավարտելուց հետո: Նրա ամբողջ կյանքը կապված էր համալսարանի հետ, գերազանցիկ ուսանող էր: Աչքի էր ընկնում ակտիվությամբ, նվիրվածությամբ: Ղեկավար դիրք էր զբաղեցնում նաև Կոմսոմոլի կազմակերպությունում, այն ժամանակ ինստիտուտի Կոմսոմոլի քարտուղար էր, այնուհետև նրան ընտրեցին որպես կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար. դրանք բավականին լուրջ պաշտոններ էին: Աշխատել է որպես համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, հաջորդիվ` որպես նախարար, և երբեք իր կապը չի թուլացրել բուհի հետ: Միշտ ուշադիր էր համալսարանի բոլոր հոգսերին, միշտ կապ էր պահպանում ռեկտորների հետ», – պատմում է պրոֆեսոր Աղաջանովը` մտաբերելով մի դրվագ, երբ տարիներ առաջ հրդեհ էր բռնկվել համալսարանի տարածքներից մեկում, այն ժամանակ ռեկտոր Վիլեն Հակոբյանը զանգահարել էր Ազնաուրյանին, և նա, կարծես հանգստացնելով, ասել էր, որ հրդեհ է, և երբեմն անհնար է խուսափել կամ կանխատեսել նման տարերային դրսևորումները:

Սա վկայում է այն, մասին որ ՀԽՍՀ առողջապահության նախարար (ի դեպ` Խորհրդային Միության փլուզումից առաջ մեր երկրի վերջին առողջապահության նախարարը) լինելու ընթացքում նա բուհի հոգսերի համար սրտացավ էր, շարունակում էր նաև պրոֆեսորի աշխատանքը հարազատ բուհում:

«Մեզ սկզբից ընկերությունն էր կապում, իսկ հետո` բարեկամությունը: Այնքան մտերիմ էինք, հարազատ, որ իմ կյանքի բոլոր լուրջ հարցերի շուրջ նրա հետ խորհրդակցում էի և խորհուրդներն ընդունում որպես անկեղծ, լավ ցանկություններ իմ անձի նկատմամբ: Նա ընկերության մեջ ևս առաջնորդ էր, լիդեր, բոլոր հարցերի շուրջ ուներ իր հստակ դիրքորոշումը` լինի Գիտական խորհուրդ, թե ընկերական հավաք: Միշտ իր տեսակետը հստակ արտահայտում էր, և նույնիսկ մի առիթով ռեկտորը` պրոֆեսոր Մուրադյանն, ասել էր, որ Արտաշես Վարդանովիչի ներկայությունը Գիտական խորհրդում նույնիսկ բուհի ղեկավարին վստահություն է հաղորդում: Նա գիտեր, որ անհրաժեշտ պահին նա հստակ կարծիք կհայտնի, որն ամեն ինչ իր տեղը կգցի: Նրա բացակայությունը ևս, եթե չասեմ ամեն օր, ապա շատ հաճախ եմ զգում, բոլոր հարցերում հարազատ մարդու պակաս եմ զգում», – պատմում է Կենսաքիմիայի ամբիոնի վարիչը` բոլորի կողմից հարգելի ընկերոջ աջակցությունը զգալով նաև իր ղեկավարած Կարգապահական հանձնաժողովի աշխատանքներում, որին Ազնաուրյանը մասնակցում էր իր հրավերով:

Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանը ևս կյանքից հեռացած ընկերոջ հոբելյանի առիթով նրա մասին խոսելու առաջարկը սիրով է ընդունում:

«Արտաշես Ազնաուրյանը եզակի անձնավորություն էր, թե՛ ընկերական, թե՛ մարդկային հարաբերություններում, թե՛ գիտական, թե՛ ուսումնակազմակերպչական առումով: Անցնելով շատ հետաքրքիր մանկություն և դաստիարակվելով ավանդապաշտ ընտանիքում, որը ես հիանալի ճանաչում էի, նա հետագայում այդ ամենը կիրառել է իր աշխատանքային կյանքում: Որպես ամբիոնի վարիչ` նա առաջինն էր, որ Հյուսվածքաբանության ամբիոնը դրել է գիտական հիմքերի վրա: Եթե նախքան այդ հյուսվածքանությունը դասավանդվում էր որպես առարկա, ապա այն այնքան գիտահեն չէր: Պրոֆեսոր Ազնաուրյանը խոշոր գիտնական էր և, փաստորեն, հենց հյուսվածքաբանության գիտական հիմքերը դրեց և պատրաստեց բազմաթիվ կադրեր, որոնք այժմ աշխատում են ամբիոնում», – ընկերոջ մասին խոսելիս ասում է պրոֆեսոր Խուդավերդյանը` հավելելով, որ ուսումնական գործընթացն առանց ժամանակակից գիտության հնարավոր չէ պատկերացնել, և հենց այդ առումով Ազնաուրյանը չափազանց ժամանակից անձնավորություն էր:

Մարդկային հատկանիշներով ևս նա աչքի էր ընկնում, օրինակելի էր, անդավաճան, նվիրված:

«Ծառայողական ֆունկցիաները մշտապես մաքսիմալ ներդնում էր ընկերական հարաբերությունների մեջ: Չէր զլանում բոլոր հնարավորությունները ծառայեցնել ընկերությանը: Մեր ընկերության հիմքում հենց ճիշտ մարդկային հարաբերություններն էին: Ամեն օր հանդիպում էինք: Նրա վերաբերմունքը կյանքի, մարդու, ընկերների նկատմամբ անսահման ջերմ էր, անսահման կարեկից, որը գալիս էր կյանքի փորձից, այն դաստիարակությունից, որը ստացել էր: Ժամերով ու օրերով կարող էր ծառայել ընկերներին, օրինակները շատ են», – պատմում է Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչը:

Հիշելով, թե ինչպես տարիներ առաջ, երբ ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում էին շնորհում տարբեր պրոֆեսորների՝ որոշ տեխնիկական հանգամանքներով, քանակի սահմանափակմամբ պայմանավորված` իրեն կոչումը շնորհելը չէր կայացել, Խուդավերդյանն ասում է.

«Իմանալով արժանիքներս և գնահատելով դրանք` նա անձամբ հանդիպում էր խնդրել երկրի նախագահի հետ` տանելով նամակ, որտեղ ներկայացված էին իմ կենսագրական մանրամասները, և ապացուցելով ինձ կոչում չտալու չհիմնավորվածությունը: Երկու օր անց ինձ շնորհեցին ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում»: Պրոֆեսորը շեշտում է, որ այս քայլն օբյեկտիվ և նվիրված լինելու օրինակ է:

Նա շատ ցավում է, որ երկար տարիների ընկերը շուտ հեռացավ կյանքից, ինչը մեծ կորուստ էր բժշկական համալսարանի, ուսանողների համար.

«Նման մարդկանց առկայությունը իմաստություն է բուհի համար: Յուրաքանչյուր նման անձնավորության կորուստ մեծ հարված է համալսարանի և կոլեկտիվի համար»:

Բժշկական մանրէաբանության ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանը հիշում է.

«Ճանաչում էի Արտաշես Վարդանովիչին շուրջ 65 տարի: 1958 թվականին միասին ընդունվեցինք բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ, որն այն ժամանակ կոչվում էր Բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ, ռուսական բաժին: Մեր ընկերությունը սկսվեց այդ տարիներին, ես տարիքով փոքր էի այդ կուրսում 16 տարեկանում ընդունվեցի, մյուսներն ինձանից 3-ից 4 տարով մեծ էին: Մտերմացանք, նրա և մյուս ընկերների հետ: Մեր կուրսից էին հանրահայտ ուրոլոգ Յուրին Զոհրաբյան, կենսաքիմիիայի մասնագետ, դոցենտ Լիլիա Չիլինգարյանը, մյուսները: Լավ կուրս էր, մտերիմ էինք, բայց Արտաշես Վարդանովիչը առանձնանում էր ինձ համար: Նախևառաջ շատ ընկերասեր էր, բարիությունը լիաթոք հորդում էր իրենից, մարդկանց օգնության հասնելը, ամեն ինչ անելը, լիներ ուսանող, թե տարիքով մեծ: Բարիությունը շատ բնորոշ էր իրեն: Բարիության հետ մեկտեղ նաև սկզբունքայնություն ուներ»,- մանրամասնում է պրոֆեսոր Շեկոյանը, ով կողք կողքի 65 տարի անընդմեջ ճանաչել է հոբելյարին, միասին սովորել են, աշխատել բժշկական կրթօջախում:

«Շատ եմ զգում նրա պակասը: Մեկ տարի է, անընդհատ հիշում եմ նրան: Չի եղել վերջին 25 տարում մեկ ծննդյան օր, որը միասին չնշեինք: Անսովոր է, որ այս հոբելյանը կնշենք նրա ֆիզիկական բացակայությամբ: Նա մեր ընկերական շրջապատի ավագն էր, կազմակերպիչը, նրա կազմակերպչական ջիղը դեռ ուսանողական տարիներից էր արտահայտված, զուգահեռ բարձր առաջադիմությանը»,- ասում է զրուցակիցս՝ ամփոփելով, որ ծանր է ընկերոջ կյանքից հեռացման միտքը:

Միասին հաճախ էին զբոսնում Երևանի փողոցներում, հարևանությամբ էին ապրում:

Կենսագրական տվյալներ

Արտաշես Ազնաուրյանը 1964 թվականին ավարտել է Եր­ևա­նի բժշկա­կան ինս­տի­տու­տի բու­ժա­կան ֆակուլ­տետը: ­Մի քա­նի տա­րի անց բժշկա­կան ինս­տի­տու­տի ախ­տաբա­նա­կան ա­նա­տո­միա­յի ամբիո­նում պաշտպա­նել է թեկ­նա­ծո­ւա­կան, իսկ 1975-ին՝ դոկ­տո­րական ա­տե­նա­խո­սութ­յուն­ներ: 1977թ. Ա. Ազնաուր­յա­նին շնորհ­վել է պրո­ֆե­սո­րի կո­չում: 1975-77թթ. զբաղեցրել է բժշկա­կան ինս­տի­տու­տի գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով պրո­ռեկ­տորի պաշտոնը: ­33 տարի ղե­կա­վա­րել է Հյուս­վա­ծաբա­նութ­յան ամբիո­նը: 1989-90թթ. եղել է ՀԽՍՀ ա­ռող­ջա­պա­հութ­յան նա­խա­րարը: ՀՀ բժշկա­կան գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի հիմնադիրներից է: Ա.Ազնաուրյանը հեղինակ է 325 տպագիր հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն): Հա­յաս­տա­նի ­Լե­նին­յան կո­մե­րիտ­միութ­յան դափնե­կիր է, պարգ­ևատր­վել է «­Հե­րո­սա­կան աշ­խա­տան­քի հա­մար» և «Մ­խի­թար ­Հե­րա­ցի» մե­դալ­նե­րով: 2007թ. ՀՀ նա­խա­գա­հի հրա­մա­նով Ա. Ազ­նաուր­յա­նին շնորհ­վել է ՀՀ գի­տութ­յուն­նե­րի վաս­տակա­վոր գործ­չի պատ­վա­վոր կո­չում, 2011թ. ԼՂՀ նախա­գա­հի հրա­մա­նով ԼՂՀ ա­ռող­ջա­պա­հութ­յան ո­լոր­տի զար­գաց­մանն ա­ջակ­ցե­լու հա­մար նրան շնորհվել է «Ե­րախ­տա­գի­տութ­յա» մե­դալ:

ԵՊԲՀ հյուսվածաμանության ամբիոնի պրոֆեսորը ՀՀ մորֆոլոգների ասոցիացիայի նախագահն էր, մորֆոլոգների միջազգային ասոցիացիայի կորդինացիոն խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղի իսկական անդամ, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, բարձրագույն դպրոցի պատվավոր աշխատակից, ՀՀ հյուսվածաբանների գիտական ընկերության նախագահ, ԱՊՀ երկրների ձևաբանների միջազգային ընկերակցության համակարգող խորհրդի անդամ։ 

Ամբիոնականների հիշողություններում ևս հոբելյարի կերպարն ամբողջանում է բազմաթիվ դրական մարդկային և մասնագիտական հատկանիշներով:

Պարտաճանաչ էր, նվիրված, գործընկերների խնդիրներով մտահոգ:

Հյուսվածքաբանության ամբիոնը բժշկական մեկդարյա բուհի տարեկիցն է, հիմնադրվել է 1922 թվականին: Երեք տասնամյակից ավելի` 1975 թվականից մինչև 2008 թվականն այն ղեկավարել է պրոֆեսոր Ազնաուրյանը:

«Այդ տարիները մեր կոլեկտիվի համար անմոռանալի էին: Շատ խստապահանջ էր, կարգապահ և կոլեկտիվի նկատմամբ նույն պահանջներն էր ներկայացնում: Մինչև նրա ղեկավարումն ամբիոնն ուներ ընդամենը երեք ուսումնական սենյակ, տեխնիկապես այնքան հագեցված չէր: Արտաշես Ազնաուրյանը սրտացավ վերաբերմունք ուներ ամբիոնի նկատմամբ և այն ընդլայնվեց տարածապես, հագեցվեց տեխնիկապես, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը պաշտպանեց թեկնածուական, դոկտորական աշխատանքներ և իր պատշաճ տեղն ունեցավ բուհում: Նա ղեկավարել է ներկայումս ամբիոնում աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական աշխատանքները»,- պատմում է Կարմեն Սահակյանը, որը հաջորդեց Արտաշես Ազնաուրյանին Հյուսվածքաբանության ամբիոնի վարիչի պաշտոնում:

Նրա մասին խոսելիս՝ ընդգծում է, որ իրենց ուսուցիչը բարձր մարդկային արժանիքներ ունեցող մարդ էր, բարձր էր գնահատում ընտանիքը, ընկերությունը, հայրենիքի նկատմամբ նվիրվածությունը և շատ այլ արժեքներ:

«Նա ամբիոնում ներդրեց ավանդույթ` տոնելու բազմաթիվ առիթներ, որը մեզ դարձրեց մեկ ընտանիք: Որպես ամբիոնի վարիչ շարունակում եմ պահպանել այդ ավանդույթները: Շատ մարդկային անձնավորություն էր, նույնիսկ օգնում էր աշխատակիցների ընտանեկան, անձնական հարցերի լուծմանը: Երախտապարտ ենք նրան, միշտ կմնա մեր սրտերում` որպես մեր ուսուցիչ»,- ընդգծում է պրոֆեսոր Սահակյանը` հիշելով, ինչպես էր նա ամեն օր աշխատանքի գալիս օրվա թերթերը ձեռքին, գերպարտաճանաչ, ամեն ինչից տեղյակ, ոչ մի բանի հանդեպ անտարբեր չէր:

Հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտական քարտուղար Տաթևիկ Ավագյանը ճանաչել է Արտաշես Ազնաուրյանին նախ հայրիկի` Բորիկ Ավագյանի միջոցով, որի հետ հայրը երկար տարիներ ընկերություն է արել, որի հետ նույն տարում, նույն օրն է ծնվել:

«Այն, որ ես Հյուսվածքաբանության ամբիոնում եմ, այստեղ իր շնորհիվ է, նա բեկումնային, առանցքային որոշում կայացնելու գործում ինձ շատ է աջակցել: Այստեղ ամբիոնում էլ նա կարծես բոլորիս հայրը, ծնողը լիներ: Քանի նա կար մենք մեզ երեխա էինք զգում, երիտասարդ: Լավ կոլեկտիվ լինելու համար հենց նրան ենք պարտական»,- ասում է պրոֆեսոր Ավագյանը:

Նա կրկնում ու մեջբերում է պարոն Ազնաուրյանի նրա իսկ կողմից հաճախ ասված խոսքերը. «Я родился в рубашке», որ ռուսերենից թարգմանաբար հայերեն առավել դիպուկ բնութագրվում էր «Աստծո օրհնությամբ ծնված» արտահայությամբ:

«Ինքնուրույն հասնելով հաջողությունների և հարթելով իր ճանապարհը նա բժշկական գիտությունների թեկնածուից մինչև դոկտոր-պրոֆեսոր, նախարար մշտապես աջակցել է իր շրջապատի մարդկանց, հարզատներին: Կարծես կյանքի վերջում էլ եղավ այնպես, որ չնայած հիվանդությանը նա երկար չտանջվեց, չտառապեց և գուցե սա ևս Աստծո օրհնության պես բան է»,- հավելում է գործընկերը` համալսարանական մյուս բոլոր ավագներին մաղթելով առաջին հերթին երկար կյանք, առողջություն:

Հիշում է, որ մահվանից, վրա հասած հիվանդությունից կարճ ժամանակ` մոտ մեկ ամիս առաջ ճերմակ խալաթը հագին պրոֆեսոր Ազնաուրյանը մտնում էր լսարան` կրկին սովորեցնելու, կրթելու մեծ ձգտմամբ, որը նրան ուղեկցել է ավելի քան 50 տարի:

Հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ Գայանե Մկրտչյանը շարունակելով՝ նշում է, որ ամենամեծ առավելություններից մեկն այն էր, որ Արտաշես Ազնաուրյանը միշտ նպաստել է նոր կադրերի աճին.

«Մեծ մասն ամբիոնում սկսել է աշխատել բուհն ավարտելուց հետո և դասախոսական մեծ անձնակազմը գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր, բոլորի գիտական ղեկավարը եղել է Արտաշես Վարդանովիչը: Միշտ ասում էր` պետք է երիտասարդներին օգնել, նպաստել աճին, պետք է փոխարինող ունենալ: Ինքն էր հաճախ ուղղություն տալիս, որ զբաղվենք գիտությամբ: Միշտ տեղ է տվել երիտասարդներին, փոխանցել մասնագիտական հմտությունները: Ուրախանում էր մեր հաջողություններով: Սա շատ կարևոր առանձնահատկություն է, մարդկային հատկանիշ»: Գայանե Մկրտչյանի գնահատմամբ` դիմացինների, իր ենթակաների հանդեպ սրտացավ ու մարդկային լինելը վկայում էին իրենց ուսուցչի բարձր մարդկային հատկանիշների մասին:

«Անգամ մանրուքները կարող էր նկատել: Ծննդյան օրերին, տոներին միշտ շնորհավորում էր և այդ ուշադրությունը մեզ շատ հաճելի էր: Չենք կարող չհիշել այն ինչ մեզ համար արել է»,- ամբիոնի բոլոր դասախոսների անունից փոխանցում է դոցենտ Մկրտչյանը:

Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետի տեղակալ, Հյուսվածաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Անահիտ Ազնաուրյանը Արտաշես Ազնաուրյանի կրտսեր եղբոր դուստրն է: 2001 թվականից աշխատում է ԵՊԲՀ-ում, հենց այս ամբիոնում:

«Բոլոր հաջողությունների համար երախտապարտ եմ հորեղբորս, որը մեծ դեր ունեցավ իմ կյանքում՝ ուղղորդելով ինձ դեպի բժշկական աշխարհ` ղեկավարելով իմ գիտական աշխատանքը: Նա ինձ համար եղել է բացառիկ անձնավորություն, ում շատերը, մեր դասախոսական անձնակազմը լեգենդ են կոչում բժշկական աշխարհում: Աշխատասիրությամբ, խելացիությամբ, կազմակերպչական տաղանդով նա փայլուն օրինակ էր Ազնաուրյանների ողջ գերդաստանի համար: Մարդ մեծատառով, ընկերասեր, արժանի զավակ, լավ հայր, ընտանիքին նվիրված ամուսին, հիանալի հորեղբայր, անփոխարինելի բարեկամ»,- ասում է Անահիտ Ազնաուրյանը` հավելելով, որ աշխատանքում հորեղբայրը խստապահանջ էր:

Հյուսվածքաբանության ամբիոնն իր ղեկավարման տարիներին ունեցել է վերելք` գիտական և ուսումնական ուղղություններում:

«Հատկապես գիտական ոլորտում: Երկրաշարժից հետո իր շնորհիվ ամբիոնում նոր գիտական ուղղություն ձևավորվեց: Բոլոր գիտական աշխատանքները, որոնք նա ղեկավարում էր նվիրված էին երկարատև ճնշման համախտանիշի պայմաններում օրգանների և հյուսվածքների փոփոխություններին»,-հավելում է զարմուհին` ընդգծելով, որ ավագ Ազնաուրյանը բուհի հենասյուներից էր` նրա ղեկավարմամբ բժշկագիտության բնագավառ մուտք է գործել 20-ից ավելի գիտության թեկնածու և 4 դոկտոր:

Բժիշկ-գիտնականի աշ­խատանք­նե­րը վե­րաբե­րում են ի­մու­նա­յին խախ­տում­ներով շա­րակ­ցա­կան հյուս­ված­քի հի­վան­դութ­յուն­նե­րի ձևաբա­նութ­յա­նը, ի­մու­նաախ­տաբա­նութ­յան խնդիրնե­րի մշակ­մա­նը, մար­դու ի­մու­նա­յին հա­մա­կար­գի օր­գան­նե­րի հե­տա­զոտ­մա­նը, եր­կա­րատև գերճնշման պայ­ման­նե­րում կեն­սաբա­նա­կան կար­ևոր օրգան­նե­րի և­ իմու­նա­յին հա­մա­կար­գե­րի ձևաբա­նա-ֆունկ­ցիո­նալ փո­փո­խութ­յուն­նե­րի, իսկ 1988 թվականի երկրա­շար­ժից հե­տո` եր­կա­րատև ճնշման հա­մախ­տանի­շի ախ­տած­նութ­յան հի­մունք­նե­րի մշակ­մա­նը, դրանց վե­րաց­ման հնա­րա­վոր ու­ղի­նե­րին:

Պատմական ակնարկ

Պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի հայրը` Վարդան Ազնաուրյանը, ծնվել է Արևմտյան Հայաստանում: Հայոց ցեղասպանության տարիներին նա 12 տարեկանում քույրերի հետ Արդվին քաղաքից գաղթել է Բաթում: Ծնողազուրկ պատանուն վիճակված էր դժվար ժամանակաշրջան` ապահովել ընտանիքի բարեկեցությունը:

Վարդան Ազնաուրյանի երազանքն էր, որպեսզի իր երեխաներն ընտրեն բժշկի մասնագիտությունը: «Մանկությունից գիտեինք, որ պետք է բժիշկ դառնանք: Ես և չորս եղբայրներս, բոլորը բժիշկ են»,- պատմում էր Արտաշես Ազնաուրյանը՝ հավելելով, որ հայրը մեծապես կարևորում էր նաև երեխաների երաժշտական կրթությունը։

Քչերը գիտեն, որ բժիշկ Ազնաուրյանները նաև երաժշտական գործիքների են տիրապետում։ Ուսանոողական տարիներին Արտաշես Ազնաուրյանը նվագել է էստրադային նվագախմբում՝ որպես ջութակահար, իսկ դպրոցական տարիներին սպորտային հաջողություններ էր գրանցում՝ Աջարիայի հավաքականում հանդես գալով։

Հյուսվածքաբանության պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը մասնագիտական գործունեության երկար տարիները նվիրել է ապագա բժիշկներ կրթելու պատասխանատու կարևոր գործին:

ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարարի մասնագիտական ուղին կես դարից ավելին էր։ Հանրապետության տարբեր մարզերում նրա մասնակցությամբ բացվել են բժշկական կենտրոններ, ունեցել է հետաքրքիր հանդիպումներ, որոնք պրոֆեսորը հիշում էր բոլոր մանրամասներով:

Բուհի մեկդարյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղի» ակնարկաշարի շրջանակում պատմելով իր կատարած աշխատանքների մասին՝ Ազնաուրյանը երբեք չէր մոռանում իր ղեկավարներին նաև բոլոր այն գործընկերներին, որոնց հետ առիթ է ունեցել աշխատելու, որոնցից շատ բան է սովորել։

Լուսանկարներով, հետաքրքիր հուշանվերներով ու իրերով աչքի ընկնող աշխատասենյակի տեսանելի հատվածում իր կենդանության օրոք Արտաշես Ազնաուրյանի ուսուցիչների լուսանկարներն էին․ ինչպես ինքն էր ասում մարդիկ, որոնց պարտական է։ Ասում էր՝ սիրված դասախոս լինելու հարցում բանաձև չկա, պարզապես պետք է գիտելիքների փոխանցման գործընթացն ուղեցկվի նաև դաստիարակչական աշխատանքով։ Բուհում վերջին տարիներին նա ԵՊԲՀ ռեկտորի առաջարկով Նոմինացիոն կոմիտեի նախագահի պարտականություններն էր կատարում, ինչպես նաև Կարգապահական հանձնաժողովի անդամ էր:

Պրոֆեսոր Ազնաուրյանի հիշատակը վառ կմնա նրա կոլեգաների, բուհի նախկին շրջանավարտների, ուսանողների, նրան ճանաչողների սրտերում:

Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները` Ազնաուրյանների ընտանիքի, ինչպես նաև Հյուսվածքաբանության ամբիոնի աշխատակիցների արխիվից