«Ուսանողներին պետք է կրթել ոչ միայն գիտելիքով, այլ պետք է կրթել նաև նրանց սիրտը: Սիրտը կրթելու ուրիշ եղանակ չկա, պետք է շփվել արվեստի հետ»,-այս համոզմանն է ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, UNESCO-ի բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը, որը բժշկական մայր բուհի ուսանողներին հաճախ է մշակութային տարբեր միջոցառումների մասնակիցը դարձնում:
Գրող, հրապարակախոս, երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսի հիման վրա Հենրիկ Մալյանի անվան թատրոնում բեմադրված «Ատամնաբույժն…նորե՞ն» ներկայացմանը Սուսաննա Դավթյանի գլխավորությամբ ներկա էին բժշկական համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները:
«Տարիներ շարունակ բժշկական համալսարանի ուսանողներին ուղեկցում եմ թատրոն, հիմնականում կազմակերպում եմ այնպես, որ ներկայացման թեման առնչվի բիոէթիկայի հետ: Նախկինում նրանց տանում էի ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Տրամվայի ցանկություն» ներկայացմանը, որտեղ հարկադրական հոսպիտալացման դրվագ կար, կամ իսպանացի բանաստեղծ և դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդան և իր աղջիկները» ներկայացմանը, որտեղ էթիկական հարցեր էին շոշափվում: Այժմ ես ապագա ստոմատոլոգներին տանում եմ «Ատամնաբույժն…նորե՞ն» ներկայացումը դիտելու, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում լինել վատ բժիշկ, որը չի կարողանում տարբերել նույնիսկ առողջ ատամը հիվանդ ատամից, բայց մեծ կարծիք ունի ինքն իր մասին: Ես նաև պարտադրում եմ նայել «Պատչ Ադամս», «Ջուզեպպե Մոսկատի. բժշկող սեր» ֆիլմերը, որպեսզի տեսնեն լավ բժիշկների օրինակներ»,-նշում է Սուսաննա Դավթյանը՝ ընդգծելով, որ այսպես ուսանողները և թեման են սահուն յուրացնում և գեղագիտական դաստիարակություն ստանում:
Պրոֆեսորի խոսքով՝ բժիշկները պետք է նաև արվեստից գաղափար ունենան: «Ներկայացումից առաջ պատմում և ծանոթացնում եմ պիեսների հեղինակներին, ինչպես օրինակ, Հակոբ Պարոնյան մեծ երգիծաբանին, որն այնքան գեղեցիկ է կարողանում վեր հանել հասարակությունում, ընտանիքում եղած թերությունները՝ ծիծաղի, թեթև հումորի, սատիրայի, սարկազմի միջոցով, բայց, միևնույն է, դրանց հետևում լացն է, ողբն է, և այն հարցը՝ ինչո՞ւ է այսպես: Այս պիեսը նաև հորդոր էր ուսանողներին, որ սերն է կարևորը ընտանիք ստեղծելու գործում»,-շեշտում է Դավթյանը՝ ուրախությամբ նշելով, որ յուրաքանչյուր ներկայացումից հետո ուսանողները ոգևորվում են, միասին քննարկում և կիսվում են տպավորություններով, սովորում են նաև գեղագիտական կարծիք արտահայտել: