ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Արյունաբանական կետում ընթացիկ տարում հաստատված արյան դոնորների թիվն ավելի քան 540 է: Արյունաբանական կետն այսօր նշում է հիմնադրման 2-ամյակն ու արյան դոնորի միջազգային օրը:
Արյան դոնորը կամովին հիվանդներին փոխներարկման, ինչպես նաև բուժման պրեպարատների պատրաստման նպատակով արյուն հանձնող մարդն է: Արյան դոնորներ կարող են դառնալ 18-60 տարեկան առողջ մարդիկ: Դոնորության համար գոյություն ունեն մի շարք բացարձակ և հարաբերական հակացուցումներ՝ քաշ, ինֆեկցիոն հիվանդություններ, անհրաժեշտ է ստուգել նաև ապագա դոնորի լյարդի ֆերմենտները: Եթե հակացուցումներ չկան, և դոնորն առողջ է` 400 մլ արյուն հանձնելը նրա առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնա, հակառակը` համարվում է, որ դա կնպաստի նրա արյան թարմացմանը: Արյուն հանձնելու գործընթացը տևում է 5-7 րոպե: Հայաստանում ավելի հաճախ է 2-րդ (դրական) խմբի արյան պահանջ է զգացվում: Կախված պահանջարկից՝ այս խմբի դոնորական արյունը ևս ամենաշատն է, հաճախ, սակայն, պակաս է առաջանում:
Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանի խոսքով՝ կամավոր դոնորների թիվը տարեցտարի ավելանում է: Դոնորության համար դիմում են 18-ից 25 տարեկան երիտասարդները, որոնք էլ դառնում են հաստատված կամավոր դոնորներ: «Եթե չլիներ դոնորությունը շատ կյանքեր հնարավոր չէր լինի փրկել: Դոնորության կարևորության մասին պետք է ավելի հաճախ խոսել՝ ցույց տալով այն մարդկանց օրինակը, որոնց կյանքը փրկվել է ինչ-որ մեկի մարդասիրական քայլի՝ արյուն տալու շնորհիվ»,- ընդծգեց Գայանե Պետրոսյանը:
Նշենք, որ հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում 2017 թվականի հունիսի 14-ին՝ Արյան դոնորի միջազգային օրը, բացվեց Արյունաբանական կետ: Կենտրոնում արյան նվիրատվություն առաջինը կատարեցին և կամավոր դոնորության կարևորության մասին բարձրաձայնեցին ԵՊԲՀ ուսանողներն ու համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը: Արյունաբանական կետում 2017 թվականին գրանցվել է 480 հաստատված դոնոր, 2018-ին՝ 980, ընթացիկ տարում՝ 540 արյան դոնոր:
Արյուն հանձնելը մարդասիրական կամավոր քայլ է, որը փրկում է կյանքեր: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի արյունաբանական կետում այսօր էլ մարդաշատ էր. դոնորները սպասում էին իրենց հերթին: Ձե՛ր հանձնած արյունը տրամադրվելու է անվճար: Միացե՛ք կամավորներին և փրկե՛ք կյանքեր: