Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց անվանի բժիշկ-գիտնական, Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության նահապետ Արտաշես Ազնաուրյանին նվիրված միջազգային համաժողով՝ «Ազնաուրյանական լսումներ» խորագրով։
Երևանյան գիտական բժշկական դպրոցի առաջին համագումարը միջազգային մասնակցությամբ էր։
Միջոցառման կազմակերպիչն էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նախագահության և կազմակերպչական կոմիտեի կազմում էին բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները։
Ներկա էին պրոֆեսորի երկարամյա գործընկերներն ու Հյուսվածքաբանության ամբիոնի անվանի դասախոսները։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ համաժողովը միաժամանակ պատասխանատու և հուզիչ առիթ է, որովհետև «Ազնաուրյանական լսումներն», ավաղ, անցկացվում են առանց պրոֆեսոր Ազնաուրյանի:
«Համաժողովն անցկացվում է նրա մահվան տարելիցի նախաշեմին։ Ճիշտ է, նա մեզ հետ չէ, բայց նրա ընտանիքը մեզ հետ է, և, անկախ ամեն ինչից, ժառանգները վստահաբար կլինեն ԵՊԲՀ մեծ ընտանիքի գենետիկ ժառանգորդը։ Մեր սերունդը պարտավոր է միշտ ունենալ ինստիտուցիոնալ հիշողություն, որպեսզի կարողանանք ավելի երիտասարդ սերնդին փոխանցել այն պատկերացումները և մտածելակերպը, որոնք ունեին մեր մեծերը», – ընդգծեց պրոռեկտորը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն՝ դառնալով ամենամյա։
Արտաշես Ազնաուրյանի որդին՝ Սմբատ Ազնաուրյանը, ընտանիքի անունից երախտիքի խոսք հղեց ներկաներին․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին, հատկապես՝ ռեկտոր Արմեն Մուրադյանին, որը հերթական անգամ ընդգծեց ավագ սերնդի և իր ուսուցիչների հանդեպ ունեցած հարգանքը։ Չեմ կարող չընդգծել ակտիվ և տաղանդավոր երիտասարդ գիտնական Աշոտ Ավագիմյանի դերը։ Պետք է ուրախանալ, որ, բացի գիտական ոլորտում տաղանդներից, կա նաև մարդկային վեհ արժեքներով օժտված երիտասարդ սերունդ»։
Մասնագիտական զեկույցներով հանդես եկան ՌԴ Ակադեմիկոս Ե. Ի. Չազովի անվան Սրտաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի՝ Գիտահետազոտական և կանխարգելիչ սրտաբանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, ԵՊԲՀ շրջանավարտ, ՌԴ առաջատար սրտաբան Նանա Պողոսովան (առցանց), ԵՊԲՀ շրջանավարտ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Աշոտ Ավագիմյանը, հեղինակավոր գիտնական, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լև Կակտուրսկին (առցանց), Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Աննա Խաչատրյանը, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ, պրոֆեսորներ Օլգա Ուրազովան, Վիկտոր Բանինը և Լյուդմիլա Միխայլովան (առցանց), Թբիլիսիի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորներ Դմիտրի Կորձայան և Լուիզա Գաբունիան, ՌԴ առողջապահության նախարարության «Սիբիրի պետական բժշկական համալսարանի» պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Չումակովան, ՌԴ առողջապահության նախարարության «Կուբանի պետական բժշկական համալսարանի» պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արտյոմ Տրոֆիմենկոն, ԵՊԲՀ պաթոլոգիական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի դասախոս Աննա Պետրոսյանը, Արտաշես Ազնաուրյանի կրտսեր եղբոր դուստրը՝ Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետի տեղակալ, Հյուսվածաբանության ամբիոնի դասախոս, դոցենտ Անահիտ Ազնաուրյանը, իտալացի պրոֆեսոր Ագատի Լուցիանոն։
Քննարկվեցին հյուսվածքաբանության ոլորտի արդի հիմնախնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները։