Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բացահայտելով գիտության գաղտնիքները` Դեղագիտական ֆակուլտետի ուսանողը հետազոտական աշխատանք է իրականացրել

Բացահայտելով գիտության գաղտնիքները` Դեղագիտական ֆակուլտետի ուսանողը հետազոտական աշխատանք է իրականացրել

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Շառլոտա Դիլոյանը  հետազոտական աշխատանք է իրականացրել՝ կապված «Իզոինդոլինումային աղերի հականոցիցեպտիվ ազդության» հետ:

«Երկրորդ կիսամյակում, սեփական հետաքրքրությունից ելնելով, որոշեցի հետազոտական աշխատանք իրականացնել, և, դասախոսիս հետ քննարկելուց հետո, որոշեցի գիտական աշխատանք իրականացնել ամբիոնի թեմայի շրջանակում: Փորձի ընթացքում աշխատել ենք լաբորատոր առնետների հետ՝ պահպանելով էթիկայի կանոնները: Ունեցել ենք առնետների 7 խումբ: Խմբերից մեկին առանձնացրել ենք որպես համեմատիչ, իսկ մյուս 6 խմբին՝ որպես փորձարարական խումբ: Օգտվել ենք «պոչի հետձգման» (tail flick) մեթոդից, ինչն իրենից ներկայացնում է լույսի ճառագայթի ուղում կենդանու պոչի դորսալ մակերեսին, որի ժամանակ առաջանում է ցավ և գնահատել ենք զգայունության շեմ: Պոչի հետձգման լատենտային ժամանակը գնահատվել է վայրկյաններով՝ որպես ցավազգացողության չափման միավոր: Ներարկվել են 2 տարբեր դեղաչափերով (5մգ և 10 մգ) իզոինդոլիումային աղերի 3 տարբեր ածանցյալներ: Փորձերի վիճակագրական վերլուծությունները իրականացվել են «Anova» համակարգչային վերլուծական գործիքով, որի ընթացքում գրանցել ենք դրական արդյունքներ»,-մանրամասնում է ԵՊԲՀ ուսանողը:

Նրա խոսքով՝ նման փորձերը միանշանակ դրական արդյունքներ են գրանցում ուսանողի մոտ, ուսումնական պրոցեսը բավականին հետաքրքիր է դառնում, բուն տեսական գիտելիքից բացի, ձեռք են բերում նաև գործնական հմտություններ, զարգանում է գիտական մտածելակերպ, կողմնորոշում և սեր դեպի գիտություն:

«Բժշկության մեջ շատ է չբացահայտվածը և ո՞վ գիտի,միգուցե նմանատիպ փորձեր իրականացնող որևէ ուսանող մի նոր գյուտի հեղինակ դառնա: Այս փորձերը ոչ միայն կարող են ապագայում զարգացնել դեղագիտության ոլորտը Հայաստանում, այլև գրանցել հաջողություններ և ձեռքբերումներ միջազգային ոլորտում, ինչը կարծում եմ մեր երկրի համար միանշանակ արժեքավոր կարող է լինել:
Փորձերի ընթացքում ուսանողները տիրապետում են նաև նոր էլեկտրոնային գործիքների կիրառամանը: Գիտելիքները միանշանակ ավելի են ընդլայնվում և օգնում են ինչ-ինչ հարցերի այլ տեսանկյունից նայել»,-հավելում է Շառլոտա Դիլոյանը, ով նախորդ տարի լաբորատոր կենդանիների մասնակցությամբ նմանատիպ փորձեր ունեցել է, բայց այս տարի դրանք արդեն անհատական էին և բարդությունն ու պատասխանատվությունը կրկնապատկվել էր.

«Կցանկանայի շեշտել, որ իմ ղեկավարը՝ դոցենտ Աննա Մանջիկյանը,  շատ է օգնել ինձ և՛ իր գիտելիքներով, և՛ փորձով, ինչի համար շնորհակալ եմ: Իսկ «միայնակ» փորձեր իրականացնելու առանձնահատկությունները շատ են: Նախ կա էլ ավելի մեծ կենտրոնացում: Մենակությունը կարող է ստեղծել միջավայր, որտեղ հետազոտողները կարող են խորապես կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա՝ առանց շեղումների կամ ընդհատումների՝ թույլ տալով խորը վերլուծություն և քննադատական ​​մտածողություն:
Միայնակ աշխատելը թույլ է տալիս հետապնդել սեփական գաղափարներին ու վարկածներին ՝ խթանելով անկախությունն ու ստեղծագործ լինելը»:

Հերացիականի համոզմամբ՝ գաղափարների սեփականությունը ևս մեծ է անհատական հետազոտությունների մեջ, և հետազոտողը պատասխանատու է իր գաղափարներին և բացահայտումներին, որոնք կարող են գոհացուցիչ լինել և հանգեցնել իրագործման ավելի մեծ զգացողության:

«Բուն փորձերը տևել են մոտ 2 շաբաթ, իսկ ամբողջ ընթացքը, որը ներառում է փորձերը, գրականության տվյալների հավաքագրումը, վերլուծումը և մշակումը, վերլուծական ծրագրերի օգտագործումը, գծապատկերի կառուցումը, տևել է ավելի քան 2 ամիս: Հետազոտվող 3 միացություններն էլ ունեցել են հականոցիցեպտիվ ակտիվություն: Հետագայում իրականացվել է դոկինգային հետազոտություն, որը հաստատել է վերոնշյալ հիպոթեզը»,- ամփոփելով հավելում է ապագա դեղագետը:

Դեղագիտական ֆակուլտետի փոխդեկան, ֆարմացիայի ամբիոնի դոցենտ Աննա Մանջիկյանը ևս կարևորելով հետազոտական աշխատանքը մանրամասնում է.

«Դեղագիտական ֆակուլտետում ուսանողները 3-րդ կուրսից սկսած անցնում են մասնագիտական առարկաներ, որոնք ուսումնասիրելով  նրանց մոտ ի հայտ է գալիս հակվածություն՝ շարունակելու ավելի նեղ մասնագիտական ուղղվածություն: Դեղերի հայտնաբերման ամենահետաքրիր առարկաներից մեկի «Դեղերի քիմիայի» դասերի ընթացքում Շառլոտայի մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ նոր դեղերի հայտնաբերման և հետազոտական աշխատանքի նկատմամբ: Ուսումնառության երկրորդ կիսամյակում որոշեցինք «շեղվել» ամբիոնում առկա զեկույցների թեմաներից և ներկայացնել իր կողմից կատարված հետազոտական աշխատանքի արդյունքները: Ուսանողուհու ոգևորությունը մեծ է բացահայտելու գիտության գաղտնիքները, ինչպես նաև նրան բնորոշ է վերլուծելու և համադրելու կարողությունը, ինչը շատ կարևոր է հետազոտություններ իրականացնելիս»:

Փոխդեկանը ցանկանում է, որ շատ ուսանողներ ոգեշնչվեն Շառլոտայի օրինակով և ներգրավվեն հետազոտական աշխատանքներում, իսկ այն ուսանողները, որոնք չեն կատարում հետազոտական աշխատանք՝ համատարիմ մնան իրենց ընտրած ուղուն և իրենց աշխատանքը կատարեն սիրով և մեծ ոգևորությամբ: