ԵՊԲՀ-ում «Բեգլարյանական ընթերցանության օրերի» շրջանակում անցկացվեց «Մանկաբարձությունը և գինեկոլոգիան երիտասարդ բժիշկների տեսանկյունից» խորագրով գիտաժողովը:
Դեռ այս տարվա մարտին մանկաբարձ-գինեկոլոգների մասնակցությամբ հրավիրված հերթական գիտաժողովին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնել էր համալսարանի և «Բեգլարյան» բժշկական կենտրոնի հետ կազմակերպվող «Բեգլարյանական ընթերցանության օրեր» խորագրով միջոցառման գաղափարի մասին, որը կնվիրվի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Գագիկ Բեգլարյանին, ով կյանքից հեռացել է 2021 թվականին` թողնելով իր ղեկավարությամբ պատրաստած մասնագետների սերունդ, ձևավորված ավանդույթներ: Դեկտեմբերի 22-ը անվանի բժիշկ-գիտնականի ծննդյան օրն է: Նա այս տարի կդառնար 77 տարեկան:
Բժշկագիտական դարբնոցի պատերի ներքո անցկացվող, իր մասնակիցներով ու բովանդակությամբ ուրույն այս միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես եկան Մանկաբարձության և գինեկոլոգիայի երեք ամբիոնների կլինիկական օրդիանտորները:
Ընտրված թեմաները խիստ արդիական էին, բարձրացվող փաստերն ապացուցահեն, ներկայացվեցին կլինիկական հետաքրքրիր դեպքեր, որոնց վարմանը զեկույցների հեղինակներն ունեցել են իրենց ակտիվ մասնակցությունը:
Գիտաժողվի ավարտին անցկացվեց մրցույթ, որի արդյունքում լավագույն ճանաչված զեկույցի հեղինակին Բեգլարյանների ընտանիքի կողմից սպասվում է ամանորյա հաճելի անակնկալ:
«Հուզիչ միջոցառում է, պարտավորեցնող: Շատ ուրախ եմ, մեզ համար կարևոր է, որ այս միջոցառումը շարունակական է, ես հուսով եմ, որ արդեն այդ էստաֆետը, որը փոխանցվում է երիտասարդ մասնագետներին, բժիշկներին, այն մեսիջն է բոլորին, որ գործերը չեն մնալու կանգուն, այլ լինելու են շարունակական։ Ողջունում եմ բոլորիդ համալսարանի անունից և հուսով եմ, որ այս ընթերցումները բոլորիդ համար հերթական խթանը կհանդիսանան լավարկելու ձեր գիտելիքը, բարելավելու ձեր ընկալումը մասնագիտական դաշտում և հասկանալու, թե ինչով է կարևորվում այսօրվա բժիշկ-հետազոտող հասկացողությունը, որովհետև ի վերջո դուք բոլորդ առնչվելու եք հետազոտություն գաղափարի հետ»,- ողջույնի խոսքով հանդես գալով՝ նշեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, «Բեգլարյան»
բժշկական կենտրոնի գիտական խորհրդի նախագահ, գիտության գծով խորհրդատու, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմինե Հարությունյանը կարևորեց «Բեգլարյանական» այս ընթերցումների խորհուրդը.
«Դեռևս Չինաստանում Կոնֆուցիոսի ժամանակներից գոյություն ուներ մի ավանդույթ, ըստ որի՝ կային կայսերական դռներ, որտեղ մեծ գիտնականի և հանճարեղ փիլիսոփայի մոտ այցի էին գնում կայսրերը, իսկ մյուս դուռը հատկացված էր լավագույն ուսանողի համար: Սա խորհրդանշում է երկրի պատրաստակամությունը գիտության և նրա ապագայի հանդեպ, սա ուսանելի մի երևույթ է: «Բեգլարյանական» այս ընթերցումները նման խորհուրդ ունեն, ձեր գիտելիքներն արժևորելով հանդերձ՝ խրախուսել ձգտելու առավելագույնին: Բժշկի կոչումն է հավատարիմ մնալ իր երդմանը, փրկել կյանքեր և երջանկացնել ընտանիքներ: Բժշկի մասնագիտությունը համարեք ձեր առաքելությունը, ձեր կյանքի իմաստը: Մեր նշանաբանն է՝ լինել առավելագույնը, ունենալ մասնագիտական անգերազանցելի որակներ, արժանանալ մարդկանց անթաքույց վստահությանը»:
Մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի պրոֆեսոր Կարինե Առուստամյանն իր հերթին ողջունեց ներկաներին՝ շեշտելով, որ նման միջոցառումները վառ կպահեն Բեգլարյանների ընտանիքի կոչումը և փորձը:
«Իմ կյանքի ընթացքում բախտ եմ ունեցել հանդիպել Արտաշես Բեգլարյանին՝ լինելով նրա ուսանողը և աշխատել Գագիկ Բեգլարյանի հետ, որից սովորել եմ և բժշկական հմտություններ, և փորձ եմ ձեռք բերել մարդկանց, պացիենտների, գործընկերների հետ շփման տեսակետից»,-ընդգծեց նա:
«Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Թոխունցի խոսքով՝ չափազանց հուզիչ է խոսել իր ուսուցչի մասին, որը Հայաստանում մանկաբարձության և գինեկոլգիայի սյուներից, հիմնադիրներից է:
«Շատ ողջունելի է այս միջոցառման անցկացումը, շատ եմ կարևորում, որ երիտասարդ մասնագետները շարունակում են պահպանել ամբիոնի լավագույն ավանդույթները»,-ասաց նա՝ ներկաներին խնդրելով ոտնկայս և ծափողջույներով հարգել Գագիկ Բեգլարյանի հիշատակը:
Ողջույնի խոսքերից հետո զեկույցներով հանդես եկան կլինիկական օրդինատորները:
Նշենք, որ բժշկական բուհում սահմանվել է նաև պրոֆեսոր Բեգլարյանի անվան կրթաթոշակ, որը Գիտական խորհրդի հաստատմամբ այս ուսումնական տարում կտրվի Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի կլինիկական օրդինատոր Լիլիթ Սարգսյանին, որը ևս այսօր ելույթ ունեցողների թվում էր։
Նախաձեռնողները կարևորում են նման հավաստագրված գիտագործնական միջոցառումների կրթական և մասնագիտական կատարելագործման բաղադիչը։