Մասնագետների ուշադրության առանցքում հերթական կարևոր թեման էր: «Բնական աղետների հնարավոր ռիսկերը և դրանց կանխարգելումը» քննարկումը համախմբել էր ոլորտի գիտակներին, որոնք հանգամանալից անդրադարձան այս խնդրին՝ իրազեկելով բնական աղետների ժամանակ իրականացվող հիմնական քայլերը, խոսելով ռիսկի գործոններից, անելիքներից և ամենակարևորը` կանխարգելումից:
Բժշկագիտության տարբեր ոլորտների բժիշկ-գիտնականների մասնակցությամբ հրավիրված քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ բժշկական մայր բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Առատ տեղումների հետևանքով Լոռու մարզում ստեղծված աղետալի իրավիճակում մեր հայրենակիցներին օգնելու նպատակով նրա գլխավորությամբ` ուսանողների, աշխատակիցների և համալսարանական երեք հիվանդանոցի բուժանձնակազմի շուրջ 80 ներկայացուցչից կազմված կամավորական խումբը մեկնել էր Ալավերդի։ Բժշկական բուհի ղեկավարն աղետի գոտում մի քանի օր համակարգում էր համալսարանական կամավորական ջոկատի աշխատանքները, որոնք ընդգրկում են ոչ միայն տեղում անհրաժեշտ բուժօգնության տրամադրում, այլև աղետի հետևանքների վերացման գործում, մաքրման աշխատանքներում աջակցություն:
«Ալավերդիում մեր ուսանողները կարողացան իրականացնել բավականին մեծ ծավալի աշխատանք: Կարծում եմ, որ մենք խոսելու ենք այն փուլերի վերաբերյալ, որոնք կազմակերպիչների համար են առավել կարևոր, որպեսզի փրկարարական աշխատանքներն ավելի արդյունավետ իրականացվեն»,- ասաց ռեկտորը` հավելելով, որ նման թեմայի շուրջ քննարկումները պիտանի են` անկախ նրանից կան աղետներ թե ոչ:
Նա նշեց, որ նման աշխատանքների ականատես է եղել 1988 թվականին` ավերիչ երկրաշարժից հետո, երբ ամենակազմակերպված աշխատանքները ռազմական բժիշկների կողմից էին իրականացվում, որոնք հստակ գործելակարգերով էին առաջնորդվում, այն դեպքում, երբ այդ տարիներին դեռևս ապացուցողական բժշկությունն այդքան տարածված չէր մեզանում:
Արդյունավետության տեսակետից` հասկանալի է, որ կազմակերպված աշխատանքը նման իրավիճակում թույլ է տալիս ճիշտ օգտագործել եղած ռեսուրսները և հասանելի օգնություն ցուցաբերել տեղում` հաշվի առնելով նոր հնարավոր հեռակա բարդությունները, մասնավորապես` համաճարակները:
Այս դեպքին անդրադառնալով` նա շնորհակալություն հայտնեց ուսանողներին, քոլեջի ղեկավարությանը, ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտներին, տնտեսական վարչությանը, գործընկերներին, որոնք փաստացի բժշկական օգնություն ապահովեցին այն գյուղերում, որտեղ կապը ժամանակավոր ընդհատված էր: Նման աշխատանքները պետք է կազմակերպվեն պատկան մարմինների հետ համատեղ:
Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօր քննարկման արդյունքում կձևավորվեն հստակ առարկայական առաջարկներ, որոնք կարող են մեկտեղվել և կձևակերպվեն որպես մեթոդական առաջարկներ` ներկայացվելով համապատասխան գերատեսություններին:
«Միջոցառումը թելադրվել է վերջին խիստ անցանկալի իրադարձություններով, նպատակն է փորձել հասկանալ առաջիկա անելիքները և հնարավորինս պատրաստված լինել բնական աղետներին:
Առաջին 72 ժամը առանցքային է աղետի կառավարման առումով: Սա և’ խուճապի, և’ համակարգման առումով համարվում է ամենակարևոր շրջանը, երբ առաջին օգնությունը ցույց է տրվում պատշաճ մակարդակով և թիրախային», – նշեց «Հերացի» վերլուծական կենտրոնի տնօրեն, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը:
Նրա համոզմամբ՝ տարերային աղետների մասին պետք է մշտապես ունենալ նախնական պատրաստվածություն, այլ ոչ թե փորձել կառավարել աղետը առաջանալուց հետո.
«Պետք է պատրաստել որակյալ անձնակազմ, որը կարող է առաջին օգնություն ցույց տալ, իմանալ աղետի համատեքստը և չափերը, արձագանքման ներուժը ճիշտ գնահատել և իրականացնել այդ արձագանքումը, ֆինանսական միջոցների ճիշտ բաշխում իրականացնել: Ինչ վերաբերում է բռնկումներին, որոնք կարող են առաջանալ աղետներին զուգահեռ, դրանք կապված են հիմնականում բնակչության տարհանման հետ: Եթե չկա տարհանում, ապա համաճարակի ռիսկը անհամեմատ փոքր է: Հաջորդ ռիսկի գործոնը սանիտարական, խմելու, կենցաղային նպատակներով օգտագործվող ջրի դժվար հասանելիությունն է: Գերբնակեցումը և բնակչության գերշփումը, որը նույնպես վարակի փոխանցման առումով ռիսկային գործոն է հանդիսանում»:
Պրոֆեսորի խոսքով՝ ռիսկի գործոն են համարվում նաև բնակչության շրջանում ուղեկցվող հիվանդությունների առկայությունը, սակայն խոսքը գնում է ոչ վարակիչ հիվանդությունների մասին. սոմատիկ հիվանդությունների ռիսկը սթրեսի հետևանքով նույնպես բարձրանում է, խնդիր է նաև առողջապահական ծառայությունների դժվարամատչելիությունը:
Մերի Տեր-Ստեփանյանը ներկայացրեց նաև տարբեր տարերային աղետներից հետո համաճարակաբանական ռիսկերը՝ վարակների փոխանցման ուղիներից ելնելով, խոսեց մարդուց մարդ փոխանցման, ինչպես նաև ջրի և սննդի միջոցով վարակի փոխանցման մասին:
Զեկուցողի հավելմամբ՝ առավել ռիսկային վիճակ է համարվում պատերազմը և տարհանումը, որոնց հաջորդում է ջրհեղեղը և սովը:
Աղետների բժշկության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի ավագ դասախոս Նարինե Մուրադյանի փոխանցմամբ՝ Ալավերդիում առատ տեղումների հետևանքով բռնկված ջրհեղեղի գոտում ունեցանք 4 զոհ, մոտ 400 տարհանված մարդ, բազմաթիվ նյութական վնասներ։ «Երևանի պետական բժշկական համալսարանի կամավորները գործուղվեցին աղետի գոտի, որտեղ կատարվեցին բազմապիսի աշխատանքներ», – նշեց նա։
«Աղետային ջրհեղեղների բժշկամարտավարական բնութագիրը» զեկույցի շրջանակում մասնագետը բնորոշեց ջրհեղեղ հասկացությունը․ «Ջրհեղեղը տարերային աղետի տեսակ է, որը տեղի է ունենում ջրային ավազաններում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, որն, իր հերթին, հանգեցնում է ցամաքային տարածքի ջրածածկման։ Ջրհեղեղը կարող է լինել և՛ բնական, և՛ տեխնածին պատճառներով»։ Ջրհեղեղները, նրա փոխանցմամբ, սպառնում են մեր երկրագնդի գրեթե երեք քառորդին։ «UNESCO-ի տվյալներով՝ դեռ 1947-1967 թվականներին ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 200 հազար մարդ», – հայտնեց Նարինե Մուրադյանը։
Կարևորելով ինքնօգնության, փոխօգնության կարգը՝ համալսարանական մասնագետը ասաց, որ աղետային ջրածածկումների բժշկական հետևանքների վերացման դեպքում հիմնական խնդիրներն են տեղում առաջին բուժօգնության ցուցաբերումը, տարհանումը բուժկանխարգելիչ հիմնարկներ, տուժածների վերականգնումը։
«Որոշ առումով կարելի է կանխատեսել ջրհեղեղը։ Բնակչության իրազեկման առումով մենք առանձնացրել ենք, թե ինչ պետք է անել ջրհեղեղից առաջ, ընթացքում և հետո», – ընդգծեց բանախոսը՝ կետ առ կետ ներկայացնելով անհրաժեշտ միջոցառումների ցանկը։
Ելույթներին հաջորդեց ռիսկերի գնահատմանը, կանխատեսելի և ոչ կանխատեսելի աղետներին վերաբերող ինտերակտիվ քննարկում, որին մասնակցեցին «Մուրացան» հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը, «Մուրացան» հիվանդանոցի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան` ներկայացնելով հիմնարար տեսակետներ, պատասխանելով հարցադրումներին:
Լսելով համալսարանականների տեսակետները` ԵՊԲՀ ռեկտորը մեջբերելով ՄԱԿ-ի դրույթներից մեկը կրկին հրավիրեց ներկաների ուշադրությունը աղետներին պատրաստ լինելու կարևորության վրա:
Տեսակետներ հայտնեցին նաև Ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավար կազմը` ի դեմս ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի և Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Գալստյանի` տեղեկացնելով այս ուղղությամբ ֆակուլտետում անցկացվող միջոցառումների մասին:
Եվս մեկ անգամ ընդգծվեց համապատասխան դասընթացների, կամավորների վերապատրաստման, կամավորական խմբերի ձևավորման անհրաժեշտությունը: