Բորոտության դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարի հունվարի վերջին կիրակի օրը: Այս տարի այն նշվում է հունվարի 28-ին:
Բորոտության դեմ պայքարի համաշխարհային օրվա 2024թ.-ի խորագիրն է՝ «Հաղթի՛ր բորոտությանը»: Այս թեման արտացոլում է օրվա երկակի նպատակը՝ արմատախիլ անել բորոտության հետ կապված խարանը և բարձրացնել հիվանդությունից տուժած մարդկանց արժանապատվությունը:
«Հաղթի՛ր բորոտությանը» թեման ծառայում է որպես հզոր հիշեցում բորոտության սոցիալական և հոգեբանական ասպեկտները դիտարկելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև մատնանշելու հիվանդությունը վերացնելուն միտված ջանքերը: Այն կոչ է անում ստեղծել մի աշխարհ, որտեղ բորոտությունն այլևս չի լինի խարանի աղբյուր, այլ ավելի շուտ հնարավորություն՝ կարեկցանք և հարգանք ցուցաբերելու բոլոր մարդկանց նկատմամբ:
Բորոտությունը հնագույն հիվանդություն է, նկարագրված է հին քաղաքակրթությունների գրականության մեջ: Բորոտության վերաբերյալ բավականին հետաքրքիր տեղեկություններ կան Մ.Խորենացու աշխատություններում, ըստ որոնց՝ դեռևս հին Հայաստանում 354թ.-ին գոյություն ունեին բորոտանոցներ: Տեղեկությունները Եվրոպայում առաջին բորոտանոցների մասին վերաբերվում են 570թ.-ին:
Բորոտությունը (բոր) քրոնիկ վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է Mycobacterium leprae-ի կողմից: Բակտերիաները փոխանցվում են հիմնականում օդակաթիլային մեխանիզմով՝ հիվանդների հետ սերտ, երկարատև և հաճախակի շփման միջոցով։ Հիվանդությունը չի փոխանցվում բորոտություն ունեցող անձի հետ պատահական շփման միջոցով, ինչպիսիք են ձեռքսեղմումը կամ գրկախառնությունը, միասին ուտելը կամ միմյանց կողքին նստելը: Ավելին, պացիենտը դադարում է փոխանցել հիվանդությունը, երբ սկսում է բուժումը: Բորոտությունը բուժվում է հակաբակտերիալ բարդ թերապիայի միջոցով:
Հիվանդությունը դրսևորվում է մաշկի, ծայրամասային նյարդերի, վերին շնչուղիների լորձաթաղանթի և աչքերի ախտահարման ախտանշաններով: Բորոտությունը բուժելի է, և վաղ փուլերում բուժումը կարող է կանխել հաշմանդամությունը: Բացի ֆիզիկական դեֆորմացիայից, բորոտությամբ տառապող մարդիկ բախվում են նաև խարանին և խտրականությանը:
Բորոտության մասին հաղորդագրություններ մեր օրերում ստացվում են ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններից. տարեկան նոր դեպքերի մեծ մասը գրանցվում է Հարավարևելյան Ասիայում:
Լինելով մոռացված արևադարձային հիվանդություն` բորոտությունը դեռ հանդիպում է ավելի քան 120 երկրներում և տարեկան գրանցվում է ավելի քան 200.000 նոր դեպք: Բորոտության վերացումը որպես հանրային առողջության խնդիր ամբողջ աշխարհում (սահմանվում է որպես 10.000 բնակչությունից 1-ից պակաս տարածվածություն) ձեռք է բերվել 2000թ.-ին (Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 44.9 բանաձևի համաձայն), իսկ շատ երկրներում՝ մինչև 2010թ.-ը: Նոր դեպքերի թվի նվազումն աստիճանական է եղել ԱՀԿ-ի գրեթե բոլոր տարածաշրջաններում։
2019 թվականի տվյալներով՝ Բրազիլիան, Հնդկաստանը և Ինդոնեզիան հայտնել են ավելի քան 10.000 նոր դեպքերի մասին, մինչդեռ 13 այլ երկրներ (Բանգլադեշ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եթովպիա, Մադագասկար, Մոզամբիկ, Մյանմա, Նեպալ, Նիգերիա, Տանզանիայի Միացյալ Հանրապետություն, Սոմալի, Հարավային Սուդան, Շրի Լանկա և Ֆիլիպիններ) հայտնել են մինչև 10.000 նոր դեպքերի մասին: Յուրաքանչյուրը հաղորդել է 1000-10.000 նոր դեպքի մասին: Քառասունհինգ երկրներ հայտնել են 0 դեպքերի մասին, իսկ 99-ը՝ 1000-ից պակաս նոր դեպքերի մասին:
Բոր հիվանդության դեպքեր Հայաստանում արձանագրվել են 20-րդ դարի սկզբներին, հաշվառվել է 100-ից ավելի հիվանդ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվում: