Բժշկական համալսարանում հանդիսավորությամբ նշվեց Հնդկաստանի անկախության 75-ամյա հոբելյանը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով բարեկամ երկրի անկախության տոնը, ընդգծեց․ «Յուրաքանչյուր ժողովուրդ իր քաղաքակրթության բարձրագույն ձեռքբերումը համարում է անկախ պետականության ձևավորումը։ Տրամաբանական է, որ քաղաքակրթության նման օրրան լինելով՝ Հնդկաստանը կարողացավ վերականգնել իր անկախությունը և դառնալ աշխարհի ամենահզոր պետություններից մեկը։ Անկախության տարիներին մեզ հաջողվեց ջերմ, սերտ փոխհարաբերություններ ձևավորել և, մասնավորապես, կրթական ծրագրեր իրականացնել ամենամարդասիրական բնագավառում՝ բժշկագիտության մեջ»։
Արմեն Մուրադյանի խոսքով՝ մեկդարյա բժշկական բուհը գործունեության 35 տարին անցել է հնդիկ շրջանավարտների, ուսանողների, դեսպանների, պետական պաշտոնյաների հետ մեկտեղ։
«Դժվար է պատկերացնել բժշկական համալսարանն առանց Հնդկաստանից ժամանած մեր ուսանողների և շրջանավարտների, առանց մեր գործընկեր, բարեկամ դեսպանների։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել այս տարիներին համագործակցության համար և հույս հայտնել, որ, այստեղ ուսում ստանալով, դուք կնպաստեք ձեր երկրի անկախության կայացմանը, բարգավաճմանը, ժողովրդի առողջացմանը», – շեշտեց ռեկտորը։
Բուհի ղեկավարը հատուկ նշեց, որ շատ շրջանավարտներ, հաջողված մարդասիրական, մասնագիտական գործունեություն են ծավալում այլ երկրներում։
«Փորձությունները, որոնք բաժին հասան ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ վերջին երկու տարվա համավարակը, անմասն չթողեցին ո՛չ Հայաստանը, ո՛չ Հնդկաստանը։ Եվ մենք կարողացանք, ուս ուսի տված (և’ այստեղ, և’ մեր շրջանավարտները Հնդկաստանում), ապացուցել, որ ոչ միայն բարեկամ ժողովուրդներ ենք, այլև ամենամարդասիրական մասնագիտությամբ նպաստ ենք բերում մեր ժողովուրդներին, աշխարհի մարդկությանը», – փաստեց Արմեն Մուրադյանը՝ մաղթելով, որ խաղաղությունն ու առողջությունը, մշակույթը և գիտությունն ուղենիշ դառնան հայ և հնդիկ ժողովուրդներին։
Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն իր ելույթում շեշտեց․
«Երբ մենք կարողացանք հարյուր հազարավոր հնդիկների զոհաբերության շնորհիվ ազատվել օտարների լծից, այդ ժամանակ մեր երկիրը դեռևս հզոր չէր։ Մենք ժառանգեցինք մի երկիր, որը բաժանված էր 2 մասի, տնտեսապես շատ տուժած էր, կրթության մակարդակն ընդամենը 12 տոկոս էր։ Սակայն մեր նախնիներն ունեին մեկ նպատակ և մեկ երազանք՝ միասնական դարձնել Հնդկաստանը։ Նրանց մեծ ջանքերի և զոհաբերությունների շնորհիվ մենք այսօր պատիվ ունենք տոնելու կայացած Հնդկաստանի անկախությունը»։
Հնդկաստանն այսօր, ըստ դիվանագետի, աշխարհի 6-րդ հզորագույն տնտեսություն ունեցող երկիրն է։
«Ունենք շատ նվաճումներ գիտության և ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում, զգալի նվաճումներ ենք արձանագրել ռազմարդյունաբերության ոլորտում», – ավելացրեց Կիշան Դան Դեվալը։
Դիմելով ԵՊԲՀ ուսանողներին և շնորհակալություն հայտնելով դեսպանատան բոլոր միջոցառումներին ակտիվ մասնակցության համար՝ նա ընդգծեց, որ նրանք մեկ մեծ ընտանիքի անդամ են։
Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյանն ընդգծեց, որ երեք տասնամյակից ավելի դասավանդում է հնդիկ ուսանողներին։
«Այս ընթացքում ես հնարավորություն ունեցա ծանոթանալու հնդկական մշակույթին, համոզվեցի, որ հնդիկները մեզ՝ հայերիս նման հայրենասեր են։ Հնդիկները բավականին շատ են պայքարել իրենց անկախության համար։ Հնդկաստանը կարողացել է մեծ առաջընթաց ապահովել բոլոր բնագավառներում։ Նույնիսկ Սիլիկոնային հովտում կան շատ հայտնի հնդիկներ։ Համոզված եմ, որ հայտնի հնդիկ բժիշկների ցանկը կշարունակեն համալրել այստեղ նստած ուսանողները», – հավելեց դեկանը։
Այնուհետև երկու երկրի օրհներգերի կատարմամբ մեկնարկեց մշակութային ծրագիրը՝ ուսանողների կողմից ազգային երգերի և պարային կատարումներով։
Հնդիկ ապագա բժիշկները բեմականացված դրվագների միջոցով ներկայացրին երկրի անկախության համար մղված պայքարը, ինչպես նաև Հնդկաստանի նահանգները՝ իրենց բնորոշ ազգային հագուստով և երաժշտությամբ։
Տոնական միջոցառման ավարտին հնդիկ ուսանողները դեսպանատան կողմից արժանացան շնորհակալագրերի։