Կարիերայի կենտրոնի և Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի նախաձեռնությամբ ԵՊԲՀ-ում շուտով կմեկնարկի ՇՄԶ և առանց ՇՄԶ կրեդիտավորման դասընթացներ՝ ուսանողների, կլինիկական օրդինատորների, բժիշկների համար:
Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Մարգարիտա Խուդավերդյանի փոխանցմամբ` ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված համալսարանական այս ստորաբաժանումը եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով, ինչը թույլ է տալիս գործող և ապագա ստոմատոլոգների համար գործնական հմտությունները զարգացնելու և կատարելագործելու տարբեր հնարավորություններ ստեղծել:
Կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, ժամանակակից վարժասարքերով, անհրաժեշտ ստոմատոլոգիական գործիքներով, սարքերով և նյութերով:
Ինչը՞ դարձավ այս ծրագիրը ներդնելու առիթ:
«Մտածեցինք ստեղծել այդ հնարավորությունը բժիշկ-ստոմատոլոգների համար, որպեսզի տարբեր առարկաներով` օրթոդոնտիայի, մանկական, օրթոպեդիկ, թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիայի ուղղություններով նրանք դասընթացներ անցնելու հնարավորություն ունենան»,- նշում է կենտրոնի ղեկավարը:
Կենտրոն շատ են դիմում բժիշկներ, Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներ, որոնք վաղուց ավարտել են բուհը, սակայն կարևորում են ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների մասին գիտելիքների զինանոցը հարստացնելը և այդ գիտելիքները հանուն բուժառուների առողջության կիրառելը:
Այժմ կենտրոնում կազմակերպվում են տարբեր ծրագրերով ապագա և գործող բժիշկների (ՇՄԶ կրեդիտավորմամբ) վերապատրաստման դասընթացներ հետևյալ մասնագիտություններով՝ թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական ստոմատոլոգիա: Նախատեսում ենք կազմակերպել դասընթացներ օրթոդոնտիայի, պարօդոնտոլոգիայի և ատամնային իմպլանտացիայի թեմաներով: Վերապատրաստման դասընթացների տեսակները ընթացքում ընդլայնվելու են և ավելանան:
Ո՞րն է ակնկալվող արդյունքը:
Մարգարիտա Խուդավերդյանը բժիշկների համար դասընթացների ներդրումը կարևորում է շարունակական մասնագիտական զարգացման, իսկ սովորողների համար` գործնական հմտությունների ավելացման տեսանկյունից:
«Դասընթացի մասնակիցներն առաջին հերթին հնարավորություն կունենան կատարելագործվել մասնագիտության մեջ, կրճատել բժշկական սխալները: Պատրաստում ենք բժշկին ճիշտ հոգեբանական վիճակի, որպեսզի իր աշխատանքում կարողանա առավել վստահ մոտենալ հիվանդին, խուսափի բարդություններից և սխալներից` բարձրացնելով ստոմատոլոգիայի ոլորտում բժշկական օգնության որակը»,- ընդգծում է համալսարանական մասնագետը:
Նշենք, որ մեկնարկող կրեդիտավորման դասընթացները կլինեն շարունակական: Յուրաքանչյուր մասնագիտությամբ խմբում կներառվի առավելագույնը 12 մասնակից: Դասընթացներն իրականացվելու են ոլորտի առաջատար մասնագետների կողմից՝ անհատական աշխատանք վարելով յուրաքանչյուր մասնակցի հետ:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից հավաստագրված, մեկնարկող դասընթացի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ`