Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհը համալրվեց Մաքսենա Հարությունյանի անվան դասասենյակով

Բժշկական բուհը համալրվեց Մաքսենա Հարությունյանի անվան դասասենյակով

Բժշկական համալսարանի Մանրէաբանության ամբիոնում հանդիսավոր միջոցառում էր․ բուհի նախկին երկարամյա աշխատակից, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, անվանի հասարակական գործիչ Մաքսենա Թորգոմի Հարությունյանի անունով դասասենյակ անվանակոչվեց:

Բուհի «Վերադարձ» ծրագրի շրջանակում ընտանիքը նախաձեռնել էր ուսումնական սենյակներից մեկի վերանորոգումը, կահավորումն ու տեխնիկական զննումը: Ընտանիքի առաջարկը հաստատվել է Գիտական խորհրդի կողմից: 

Մաքսենա Հարությունյանը տասնամյակներ շարունակ աշխատել է համալսարանում, 23 տարի ղեկավարել է Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը` իր նպաստն ունենալով ուսանողների ուսումնադաստիարակչական և կրթական աշխատանքներում:

Ամբողջ Խորհրդային Միությունում Հասարակական մասնագիտությունների միակ ֆակուլտետի հիմնադիրն էր, որն աշխատեց 27 տարի՝ ունենալով 12 բաժին և ամեն տարի ընդունելով 1000-ից ավելի ուսանող։

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, ամբողջ համալսարանի և անձամբ ռեկտորի անունից ողջունեց բոլոր ներկաներին՝ հիշեցնելով, որ «Վերադարձ» ծրագրի շնորհիվ արդեն իսկ համալսարան են «վերադարձել» ակադեմիկոս, անվանի բժիշկ-գիտնական, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Էմիլ Գաբրիելյանը, Կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Լիլյա Չիլինգարյանը, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանը, Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը, այլք:

«Շատ ուրախ ենք, որ Դուք ևս «վերադարձաք»։ Անկախ նրանից, որ Ձեր կյանքի 30 տարիները նվիրել եք բժշկական համալսարանի կայացմանը և վարկանիշի բարձրացմանը, համոզված ենք, որ դեռ երկար տարիներ օժանդակելու եք մեզ բոլորիս, որպեսզի շարունակենք բարձր պահել միջազգայնորեն ճանաչված բուհի փառքն ու պատիվը։ Ձեր դրած կայուն հիմքի վրա մենք դեռ շատ հաջողությունների ենք հասնելու», – ընդգծեց պրոռեկտորը։

Հասարակագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր Սուսաննա Դավթյանի խոսքով՝ բժշկական համալսարանի այն ուսանողները, որոնք հակում, սեր ունեին արվեստի, մշակույթի նկատմամբ, գալիս էին տիկին Մաքսենայի ղեկավարած ֆակուլտետ։ «Կազմակերպչական հզոր ուժ ունի այս կինը, երկրորդ կարծիք չի կարող լինել։ Շատերն ավարտում էին այդ ֆակուլտետը և աշխատում տարբեր ոլորտներում», – հիշում է պրոֆեսորը։

Պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը նույնպես բարձր գնահատեց ավագ ընկերոջ ավանդը․ «Մաքսենա Թորգոմովնան  խստապահանջ դասախոս էր, օրինակելի հայ ընտանիքի մայր։ Հպարտ եմ Ձեզ նման ընկերներ ունենալու համար»։

Մաքսենա Հարությունյանի դուստրը՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի, վերարտադրողական էնդոկրինոլոգիայի վաստակավոր մասնագետ, Գինեկոլոգիական լապորոսկոպիայի ամերիկյան քոլեջի և Բժշկական ու կոսմետիկ վիրաբուժության համաշխարհային միության անդամ, Նյու Յորքում երեք կլինիկայի հիմնադիր Իռեն Կակոսյանը, երախտիքի խոսքով դիմեց ներկաներին․ «Սա իմ երազանքն էր, սիրելի մայրիկ, որ կատարվեց քո կյանքի օրոք։ Մայրս մարդ է, որը նվիրել է իր կյանքը կրթությանը, գործին և ընտանիքին․ սիրող մայր, նվիրյալ կին։ Ես տեսել եմ մորս երկար ժամեր աշխատելիս, ամբիոնի, ռեկտորատի  նիստերին, քննություններին պատրաստվելիս»։

Ավագ որդին՝ բժշկական գիտությունների թեկնածու, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Կարեն Կակոսյանը, որը բարեգործական մեծ նախաձեռնություն է սկսել՝ օգնելով Հայաստանի այլ բուհերի, շնորհակալություն հայտնեց ներկաներին գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու համար։

Մաքսենա Հարությունյանի թոռները՝ Կարեն և Իռեն Կակոսյանների որդիները՝ Սթիվեն Կակոսյանը և Մայքլ Քորը, իրենց խոսքը հղեցին՝ արժևորելով տատիկի ներդրումն ու կատարած աշխատանքը։

85-ամյա Մաքսենա Հարությունյանը նույնպես շատ հուզված էր․ «Այսօր մեծ էներգիա ստացա․ 20 տարով երիտասարդացա, հավատացնում եմ ձեզ»։

Նշենք, որ անվանի մասնագետը 1970 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտի գիտխորհուրդի որոշմամբ ստացել է դոցենտի կոչում։

1987 թվականից բժշկական ինստիտուտի Գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ Քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն էր։

1995 թվականից Երևանի պետական բժշկական ինստիտուտում սովորող արտասահմանցի ուսանողների ուսումնադաստիարակչական հարցերի կուրատորն էր (հասարակական հիմունքներով), 1983-1992թթ․՝ բժշկական ինստիտուտի ռեկտորատի անդամ։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներդրած մեծ ավանդի և մանկավարժական անբասիր գործունեության համար պարգևատրվել է շնորհակալագրով, որն, իր իսկ բնորոշմամբ, թանկ է իր համար։

Մաքսենա Հարությունյանը վայելում է նաև ուսանողության անսահման հարգանքը։

Նրա գործունեությունը հայրենիքի սահմաններից հեռու ևս լայն է: ԱՄՆ-ում նա Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ակնառու գործունեություն է ծավալել, հանդիպել անվանի մարդկանց, կազմակերպել միջոցառումներ:

Ունի երեք երեխա՝ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, առաջատար բժիշկ-ստոմատոլոգ Կարեն Կակոսյանը, Նյու Յորքում հարգված բժիշկ-գինեկոլոգ Իռեն Կակոսյանը, և ԱՄՆ ակնագործության ինստիտուտի շրջանավարտ, գործարար Արման Կակոսյանը։

Մաքսենա Թորգոմի Հարությունյանը ութ թոռների սիրված տատիկ է։

Նշենք, որ «Վերադարձ» ծրագրի շնորհիվ անվանի բժիշկ-գիտնականների ընտանիքների աջակցությամբ և Նոմինացիոն կոմիտեի առաջադրմամբ արդեն տարիներ շարունակ վերանորոգվում են ԵՊԲՀ-ի մեծ լսարաններ և դասասենյակներ, և սա անվանիներին յուրահատուկ հարգանքի տուրք մատուցելու, բուհում նրանց հիշատակը մշտարթուն պահելու հնարավորություն է: