Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական համալսարանի երախտավորներից Մադլենա Ակոպովան այսօր դառնում է 90 տարեկան

Բժշկական համալսարանի երախտավորներից Մադլենա Ակոպովան այսօր դառնում է 90 տարեկան

Նրան սաները հիշում են ժպտով, բնութագրում են որպես բարի ու մեծահոգի մանկավարժ, իմաստուն և բանիմաց, ժպտադեմ անձնավորություն: Նրա անունը կրթագիտական մեկդարյա դարբնոցում կապված է օտարերկրացի ուսանողների կրթության կազմակերպման հետ` նպաստելով միջազգայնացման գործընթացի զարգացմանը:

Արտասահմանցի ուսանողների լեզուների ուսուցման գործում նրա կատարած ներդրումն անգնահատելի է, քանզի ժամանակին իր և ամբիոնի հմուտ դասախոսների շնորհիվ մեր երկիր բժշկական կրթության համար ժամանած ապագա բժիշկները սովորում էին հայերեն և ռուսերեն գրել, կարդալ ու խոսել:

90-ամյա հոբելյարը Արտասահմացի ուսանողների համար լեզուների ամբիոնի վարիչ, դոցենտ Մադլենա Գեորգիի Ակոպովան է:

Տասնյակ տարիներ նա իր կյանքը նվիրել է օտարերկրացի ուսանողների հետ տարվող թե՛ ուսումնական, թե կազմակերչական-դաստիարակչական պատասխանատու աշխատանքին:

Նա կանգնած է եղել արտասահմանցի ուսանողների ուսուցման ակունքներում՝ նվիրելով այդ կարևոր գործին մանկավարժական գործունեության 50 տարին:

Սկսել է իր աշխատանքը արտասահմանցի ուսանողների հետ 1958 թվականին, երբ 5 սփյուռքահայ ուսանող ժամանել էին Հայաստան և ընդունվել Բժշկական ինստիտուտ:

Նրա աշխատանքային կյանքը կապված է եղել մեր բուհի հետ, և տիկին Ակոպովան իր գիտելիքները, աշխատասիրությունն անմնացորդ նվիրել է աշխատանքին, որը շատ բարձր են գնահատել բոլոր նրանք, ովքեր թե՛ մեր հանրապետությունում, թե՛ արտերկրում առնչություն են ունեցել այդ աշխատանքի հետ:

Արտասահմանցի ուսանողները Մադլենա Գեորգիևնայի ղեկավարած ամբիոնում կարճատև ժամանակահատվածում սովորում էին հայերեն և ռուսերեն խոսել, գրել և կարդալ, ինչը անհրաժեշտ էր բժշկական համալսարանում նրանց հետագա ուսուցման համար: Սա Մադլենա Ակոպովայի ստեղծած մեթոդաբանությունն էր, որը մեծ ուշադրության էր արժանացել և կիրառվել: Այս առիթով արժանի է հիշատակման այն փաստը, որ նա 1980-90-ականներին բազմիցս հրավիրվել է Գերմանիա՝ դասախոսություններ կարդալու և սեմինարներ կազմակերպելու Համբուրգի, Քյոլնի, Քիլի և մի շարք այլ քաղաքների բուհերում՝ լեզուների ուսուցման իր փորձը ներկայացնելու նպատակով:

Երկարամյա գործունեության ընթացքում Մադլենա Ակոպովան մեծ ավանդ է ներդրել ժողովուրդների բարեկամության և համերաշխության գործում: Նրա ղեկավարությամբ իրենց կրթությունն են ստացել օտարերկրյա ուսանողների բազմաթիվ սերունդներ, հաղորդակից են դարձել հայ մշակույթին և պատմությանը:

Կրտսեր գործընկերների փոխանցմամբ` աշխատանքում տիկին Ակոպովան միշտ առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով՝ արտասահմանցի ուսանողները ոչ միայն բժշկական գիտելիքի, այլև մեր լեզվի, մշակույթի, պատմության «դեսպաններն» են իրենց հայրենիքում:

«Խորհրդային բարձրագույն դպրոցում, երբ բոլորը ընկեր այսինչյան, ընկեր այնինչյան էին, Մադլենա Ակոպովայի ամբիոնում այլազգի ուսանողների գալուց հետո բոլորը մադամներ էին․ մադամ Մադլենա, մադամ Աննա, Սվետլանա, Ժասմին և այլն»,- պատմում են կոլեգաները:

Անսովոր դիմելաձևը շատ արագ դարձավ սովորական, քանի որ իրենք՝ ամբիոնի ղեկավարն ու աշխատակիցները, իրենց պահում էին այդ ձևաչափի մեջ, ավելին` անում էին ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի իրենց անձի հանդեպ արտասահմանցի ուսանողի վերաբերմունքը հիմքից զուրկ չլինի։

Դոցենտ Ակոպովայի ամբիոնը տարբերվում էր մյուս բոլոր ամբիոններից: Հատկապես՝ գեղագիտական յուրատիպ ճաշակով և մշակութային առատությամբ։

Հիշատակման են արժանի ապրիլի 24-ի առիթով ամբիոնի կողմից կազմակերպած ամենամյա միջոցառումները, որոնք աչքի էին ընկնում ցուցադրական նյութերի առատությամբ և մեծ հուզականությամբ։

Հանրապետական մրցույթներից, օլիմպիադաներից անպայման հաղթանակով էին վերադառնում այս ամբիոնի նախապատրաստած խմբերը: Ժամանակին մեծ շքեղությամբ անցկացվող ուսանողական փառատոներին հատուկ ընդլայնված ծրագրով արտասահմանցի ուսանողների պատրաստած համերգային բաժինը անցնում էր բուռն ծափահարությունների ուղեկցությամբ։

Առանձնահատուկ ցնծություն էր, երբ հնդիկները պարում էին իրենց ազգային պարը, և երբ նրանց կողմից հնչում էր հայերեն ասմունքը Թումանյանից, Սահյանից, Չարենցից…

դահլիճում գերէմոցիոնալ մթնոլորտ էր, և համատարած հուզմունքը դառնում էր այն ամենալավ ու ամենաբարձր գնահատականը, որը տրվում էր ամեն անգամ նոր ու թարմ ծրագրեր իրականացնողին՝ Մադլենա Ակոպովային և իր ամբիոնի աշխատակիցներին, ովքեր, ի տարբերություն մյուս ամբիոնների, ոչ միայն տվյալ առարկայի ուսուցումն էին կազմակերպում, այլև հստակ նպատակադրում ունեին՝ արտասահմանից եկած յուրաքանչյուրի մեջ սեր առաջացնել այն երկրի ու նրա ժողովրդի, նրա մշակույթի հանդեպ, որտեղ անցկացրել են իրենց կյանքի լավագույն ուսանողական տարիները։

Օտարերկրացի ապագա բժիշկները Ակոպովայի և նրա դասախոսական թիմի ջանքերի շնորհիվ նույնիսկ հայերեն շարականներ էին երգում:

Շնորհիվ այդ տեսակի մոտեցման և փայլուն կազմակերպչական աշխատանքի՝ ԵՊԲՀ-ն եղել է հանրապետության առաջատար բուհը և նախկին Խորհրդային Միության լավագույն բուհերից մեկը, որը գերազանց կազմակերպում էր արտասահմանցի ուսանողների ուսուցումը: Դրա վառ ապացույցը բազմաթիվ ծանրակշիռ պատվոգրերն են:

Բուհի երկար տարիների նախկին աշխատակցի կողմից առաջին անգամ մեր երկրում մշակվել է օտարերկրացիների համար լեզվի ուսուցման ինտեսնիվ մեթոդիկան, ինչպես նաև ստեղծվել են հայերեն և ռուսերեն «Ուսումնական ձեռնարկներ», եռալեզու բժշկական բառարաններ՝ նախատեսված արաբ, պարսիկ, հնդիկ ուսանողների համար, ժամանակակից օրացուցային պլաններ՝ կարճատև և երկարատև ուսուցման համար:

Նրա մասնակցությամբ խմբագրվում էին արտասահմանի ուսանողների համար նախատեսված տարբեր ամբիոնների կողմից ստեղծված դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, խմբագրվում էին մենագրություններ և հոդվածներ:

Տիկին Ակոպովան պատրաստել է հմուտ մանկավարժների մի մեծ բանակ, որոնք մեծ հաջողությամբ մինչ այսօր աշխատում են և՛ մեր հանրապետությունում և՛ նրա սահմաններից դուրս:

Կատարած հսկայական աշխատանքի համար ուսանողների, գործընկերների և համալսարանի ղեկավարության անունից բուհի երախտավորին մաղթում ենք ամուր առողջություն, երկար տարիների կյանք: Ձեր կենսախնդությունը թող երբեք չպակասի: