Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մասնակցում է Եվրոպական Միության COST-Action CA22127 «Ներառական և մշակութային առումով համապատասխան hամատեղ մշակված գնահատման գործիք՝ պալիատիվ խնամքի կրթության համար» ծրագրին։ Բուհը ծրագրի շրջանակում ներկայացնում են Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանը և Անեսթեզիոլոգիայի ամբիոնի դասախոս Աշոտ Գյուլբուդաղյանը։
Արտաշես Թադևոսյանի խոսքով՝ Եվրոպական Միությունն ունի ֆինանսավորվող ծրագրերի մի քանի խոշոր ուղղություն՝ ԷՐԱԶՄՈՒՍ․ հիմնականում կրթական ծրագրերն են, ՀՈՐԻԶՈՆ․ հետազոտական ծրագրերն են, և COST – Collaboration of Science and Technology, որը վերաբերում է տեղեկատվության տարածմանը, հասարակության իրազեկվածության բարձրացմանը, համագործակցության և կապերի ստեղծմանը։
Տվյալ ծրագրի կոորդինատորը Զալցբուրգի Պարացելսիուսի անվան բժշկական համալսարանն է։ Ծրագրի մեկնարկը տրվել է 2023 թվականի սեպտեմբերին, այն կտևի 4 տարի՝ ավարտվելով 2027 թվականի սեպտեմբերին։
«Այն ժամանակ, երբ գրվում էր ծրագիրը, 20-21 համալսարան էր համագործակցում։ Բայց, ի տարբերություն մնացած ծրագրերի, այստեղ կարելի է անընդհատ անհատական մակարդակով միանալ։ Ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, բայց առաջին 2 տարվա ընթացքում անհատները ևս կարող են միանալ։ Այս պահի դրությամբ՝ ծրագիրը ներառում է 27 երկրի ներկայացուցչի։ Մեզ համար շատ պատվաբեր է, որ տարածաշրջանից միայն մեր երկիրն է մասնակցում ծրագրին», – հպարտությամբ նշում է Արտաշես Թադևոսյանը։
Առաջին հանդիպումը, նրա տեղեկացմամբ, տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 30-31-ը՝ Զալցբուրգում (Ավստրիա), երկրորդ աշխատանքային հանդիպումը տեղի կունենա Հայաստանում՝ բժշկական բուհի հյուրընկալ տանիքի ներքո՝ հունիսի 24-25-ը։
«Սա շատ հետաքրքիր և կարևոր միջոցառում է, որովհետև Հայաստանում պալիատիվ խնամքի ծառայությունը՝ որպես այդպիսին, առաջին քայլերն է կատարում։ Պահանջարկն իրականում շատ մեծ է, որովհետև Հայաստանում տարեկան մոտ 18-20 հազար պալիատիվ խնամքի ծառայության շահառու կա։ Եթե հաշվի առնենք, որ պալիատիվ խնամքն ամբողջ ընտանիքի համար է, մոտավորապես 100 հազար շահառու կունենանք և պիտի կարողանանք ապահովել այդ ծառայության տրամադրումը։ Մեր խնդիրն է գնահատել կրթական ծրագրերը, չափորոշիչները, որոնք կիրառվում են ծրագրի հաստատման համար, նույնիսկ այն երկրներում, որտեղ ծրագիրն արդեն գործում է (եվրոպական երկրները նույնպես խնդիրներ ունեն), լավագույն փորձը բերելով՝ խթանել նոր, համակարգված, ունիֆիկացված կրթական ծրագրերի և բնակչության իրազեկման ծրագրերի մշակմանը», – ընդգծում է պրոֆեսորը՝ հավելելով, որ այս հարցում շատ մեծ նշանակություն ունեն հոգեբանական, պատմական առանձնահատկությունները, սովորույթները, և կրթական բոլոր նյութերը ոչ միայն պետք է թարգմանվեն, այլև տեղայնացվեն, որպեսզի համահունչ լինեն հայկական ազգային առանձնահատկություններին։