Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Շվեդիայի Յոնշոփինգի շրջանի պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էին Յոնշոփինգի շրջանի նախագահ Ռաքել դե Բասոն, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, նույն շրջանի ավագ ռազմավարական խորհրդական, առողջապահության անվանի կազմակերպիչ Գոռան Հենրիքսը, «Ռիհով» հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի ղեկավար Սիմոն Ռունդքուիստը, Յոնշոփինգի հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքի վարիչ Մարիա Էքլունդը:
Ողջունելով հյուրերին՝ Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը երախտագիտություն հայտնեց մեր երկրի համար դժվարին ժամանակահատվածում Հայաստան այցելելու համար։ «Մենք գնահատում ենք այն հանգամանքը, որ Հայաստանն ունի բարեկամներ եվրոպական երկրներում, որոնք պատրաստակամություն են հայտնում օգնելու։ Մեր համագործակցությունն ունի երկար պատմություն, և մենք միշտ պատրաստ ենք համագործակցության խորացման», – շեշտեց պրոռեկտորը՝ հիշեցնելով, որ Յոնշոփինգի շրջանը Հայաստանին աջակցություն է ցուցաբերել դեռևս 1988 թվականին՝ ավերիչ երկրաշարժից հետո։
Երվանդ Սահակյանը շվեդ գործընկերներին ներկայացրեց բժշկական բուհի հիմնադրման պատմությունը, ֆակուլտետների և հիվանդանոցների գործունեությունը։ «Այս պահին համալսարանում կրթություն ստացող ուսանողների 1/3-ն օտարերկրացի ապագա բժիշկներ են աշխարհի 33 երկրից։ Օտարերկրացի ուսանողների թիվը մեր բուհում ավելանալու միտում ունի։ Դա պայմանավորված է ոչ միայն կրթության որակով, այլև մեր երկրում անվտանգ և ապահով զգալու փաստով․ այստեղ չկա ազգային, ռասայական, կրոնական խտրականություն», – ընդգծեց պրոռեկտորը։
Անդրադառնալով հետբուհական կրթությանը և կարևորելով դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերը՝ Երվանդ Սահակյանը հայտնեց, որ ԵՊԲՀ շրջանավարտներն աշխատանքային գործունեություն են ծավալում աշխարհի 40 երկրում։
Յոնշոփինգի շրջանի նախագահ Ռաքել դե Բասոն, խորապես տպավորված լինելով հայ մասնագետների հաջողություններով, նույնպես կարևորեց հայ-շվեդական փոխգործակցությունն ակադեմիական դաշտում։ «Ուրախ ենք լինել այստեղ՝ Հայաստանում, իսկ հուշագրի վերաստորագրումով համագործակցությունն է՛լ ավելի կխորանա։ Մենք կարող ենք սովորել միմյանցից», – նշեց Ռաքել դե Բասոն։
Հանդիպման ավարտին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Յոնշոփինգի շրջանի միջև վերաստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որը նոր շունչ կհաղորդի բժշկագիտության ոլորտում հայ և շվեդ մասնագետների փոխշահավետ գործակցությանը։