ԵՊԲՀ 100-ամյակի և Բժշկական հոգեբանության ամբիոնի հիմնադրման 15-ամյակին նվիրված՝ անցկացվեց ուսանողական գիտական կոնֆերանս՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ: Այն կրում էր «Տոկունություն և հետտրավմային աճ» խորագիրը:
Կոնֆերանսի շրջանակում ուսանողները ներկայացրին զեկույցներ՝ «Հոգեմարմնական հիվանդություններ. բրոնխիալ ասթմա», «Հոգեբանական տարմա և հաղթահարման մեխանիզմները», «Սեր. զգացմունք, թե կախվածություն», «Կարոտախտ», «Կորստի վիշտ», «Սիրո հոգեբանություն: Ինչպես է մեր ուղեղն ընտրում՝ ում սիրել», «Հոգեմարմնական հիվանդություններ. շաքարային դիաբետ», «Մոտիվացնող մոտիվացիա», «Հիպնոս», «Մահվան հոգեբանություն», «Ինքնության դիսոցիատիվ խանգարում», «Հոգեսոմատիկա», «Հոգեբանական զենք», «Դեսոցիատիվ խանգարումներ» թեմաները:
Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ 15 տարվա ընթացքում ամբիոնն անցել է գործունեության բեղուն ճանապարհ: Վերջին տարիների գիտահետազոտական աշխատանքը նվիրված է «Հայոց ցեղասպանության հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցում» թեմային: Ամբիոնի կողմից հրատարակվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ և ավելի քան 100 գիտական հոդված: Այն հետևողական աշխատանք է տանում նաև «Բժշկական հոգեբանության ակումբ» գիտական ուսանողական խմբակի հետ, որի շրջանակում տարին երկու անգամ կազմակերպվում է ուսանողական կոֆերանս:
Անդրադառնալով այսօրվա հանդիպմանը՝ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը նշեց, որ տրավմային հետևանքների հաղթահարման համար շատ կարևոր է տոկունությունը: «Տոկունությունը մեր ներուժն է, ներքին պոտենցիալը, որով հանդես ենք գալիս այս կյանքում: Գոյություն ունեն մշակութային առաձնահատկություններ. յուրաքանչյուր ընտանիք ունի տրավմային դիմակայելու իր ձևերը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հասարակության առջև ծառացած ամենագլխավոր խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ոչ թե վերապրել տրավման, այլ ընտրել ապաքինման ճանապարհը, որը կօգնի հաղթահարել տրավմայի հետևանքները:
Նշենք, որ Բժշկական հոգեբանության ամբիոնում «Բժշկական հոգեբանություն» առարկայի ուսուցումն անցկացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Բակալավրիատում այն դասավանդվում է ստոմատոլոգիական, դեղագիտական, ընդհանուր բժշկության և ռազմաբժշկության ֆակուլտետների 2-րդ կուրսում, իսկ մագիստրատուրայում բոլոր ֆակուլտետներում` հիմնական և ընտրովի դասընթացների ձևով: Ուսումնառության գործընթացում կիրառվում են ինտերակտիվ մեթոդներ, ֆիլմերի, ներկայացումների դիտում և քննարկում, ինքնուրույն աշխատանք: