Բժշկագիտության հիմնարար առարկաներից մեկը` մանրէաբանությունը, ավելի ստույգ դրա դասավանդման պատմությունը մեր երկրում, բժշկական բուհում ունի արդեն ուղիղ մեկդարյա պատմություն: ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում տեղակայված Բժշկական մանրէաբանության ամբիոնը հիմադրվել է հեռավոր 1923 թվականին և մինչ 1951 թվականը ղեկավարվել է գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Աբգար Իսահակի Իսահակյանի կողմից՝ տարիների ընթացքում կատարելագործելով դասավանդման մոտեցումները, զարգանալով ու քայլելով ժամանակակից գիտական նվաճումներին համահունչ:
Պատմական ակնարկ
Ամբիոնի հիմնադիր, պրոֆեսոր Աբգար Իսահակի Իսահակյանը (1885-1977թթ.) ծնվել է Շուլավերում (Վրաստան): 1911թ. ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել է նույն համալսարանի ընդհանուր ախտաբանության և մանրէաբանության լաբորատորիայում: 1914թ. զինվորական ծառայության է անցել Հայաստանում և գիտագործնական աշխատանքներ է կատարել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման միջոցառումների մշակման ուղղությամբ: Ակտիվորեն մասնակցել է սանհիգիենիկ գիտահետազոտական և անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտների հիմնադրմանը, տարիներ շարունակ ղեկավարել է առաջինի մանրէաբանական բաժանմունքը, իսկ երկրորդի՝ մանրէաբանության ամբիոնը: Նրա գրչին են պատկանում ավելի քան 40 գիտական աշխատանքներ:
Այնուհետև ամբիոնը ղեկավարել են պրոֆ. Բ.Գ. Ավետիքյանը (1951-54թթ.), պրոֆ. Վ.Գ. Միքայելյանը (1954-75թթ.), դոց. Լ.Ա. Ֆրանգուլյանը (1975-86թթ.), պրոֆ. Վ. Շեկոյանը (1986-2022թթ․), դոց․ Կ․Ղ․Մանուկյանը (2022թ․– ից),:
Շուրջ 20 տարի ամբիոնը ղեկավարել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վերգինե Գևորգի Միքայելյանը, որը մեծ ավանդ ունի Հայաստանում բժշկական կրթության, մանրէաբանության և իմունաբանության զարգացման գործում: 1927թ. առաջին 32 շրջանավարտների թվում ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը և անցել աշխատանքի գործնական առողջապահության համաճարակաբանական ծառայությունում՝ գործունեություն ծավալելով Հայաստանի մի շարք շրջաններում: 1932թ. աշխատել է բժշկական ինստիտուտում՝ սկզբում որպես համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ, այնուհետև 1938-44թթ. եղել է բժշկական ինստիտուտի ռեկտոր, 1951-54թթ. սննդի հիգիենայի ամբիոնի վարիչ, 1954-75թթ. ղեկավարել է մանրէաբանության ամբիոնը: 1940թ. պաշտպանել է թեկանածուական, իսկ 1948թ. դոկտորական ատենախոսություններ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 15 թեկնածուական և մեկ դոկտորական ատենախոսություններ, որոնք նվիրված են եղել ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և իմունաբանական հիմնահարցերի լուծմանը: Նա հանդիսացել է մանրէաբանների և ինֆեկցիոնիստների հանրապետական գիտական ընկերության նախագահ, համամիութենական նույնանուն ընկերության վարչության անդամ, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան երկու շքանշաններով և մեդալներով:
1986 թվականից շուրջ 36 տարի ամբիոնը ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործչ Վլադիմիր Արմենակի Շեկոյանը: 1964թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը և ավելի քան 58 տարի գիտամանկավարժական գործունեություն է իրականացնում բժշկական համալսարանում, անցնելով աշխատանքային հետևյալ ուղին՝ մանրէաբանության ամբիոնի ասպիրանտ, ասիստենտ, պրոֆեսոր և ամբիոնի վարիչ: 1979-81թթ. աշխատել է ինստիտուտի ԿԳՀԼ–ում որպես իմունաբանության լաբորոտորիայի վարիչ: 1967թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1978թ. Լենինգրադում՝ դոկտորական ատենախոսություններ: 1982թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: Երկար տարիների նրա գիտական գործունեությունը նվիրված է նյարդային և իմուն համակարգերի փոխազդեցության դերի ուսումնասիրությանը իմունաբանական պրոցեսներում: Հեղինակ է շուրջ 140 ուսումնագիտական հրապարակման, այդ թվում՝ մենագրության, երեք դասագրքի և մի շարք ուսումնական ձեռնարկների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են մեկ դոկտորական և ինը թեկնածուական ատենախոսություններ: Պրոֆեսոր Վ.Ա.Շեկոյանը ընտրվել է Հայաստանի հանրապետության Բժշկական Գիտությունների ակադեմիայի և Ռուսաստանի դաշնության բնական գիտությունների ակադեմիայի (Հայաստանյան մասնաճյուղի) ակադեմիկոս, պաշտպանական մասնագիտական և մի շարք գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է: 1979-82թթ. ընտրվել է ինստիտուտի արհկոմիտեի նախագահ, 1983-91թթ. բուժական ֆակուլտետի դեկան, իսկ 2002-2011թթ. աշխատել է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Բազմամյա ու բեղմնավոր կազմակերպչական և գիտամանկավարժական գործունեության համար 2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մ.Հերացու անվան մեդալով, 2010թ. նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Տարբեր տարիների ընթացքում ամբիոնում իրենց գիտամանկավարժական գործունեությունն են ծավալել Ա.Հ. Միրզաբեկյանը, Լ.Ա. Ֆրանգուլյանը, Մ.Ի. Ալավերդյանը, Ջ.Հ. Ամյանը, Մ.Հ. Մելքումյանը, Է.Գ. Շեկոյանը, Ջ.Ա. Ահարոնովան, Ռ.Հ. Մանուկյանը, Ն.Պ. Բաբայանը, Լ.Դ. Մխեյանը, Վ.Ս. Թովմասյանը, Ն.Ա. Թարվերդյանը, Մ.Ս. Հովհաննիսյանը, Կ.Ղ. Մանուկյանը, Ս.Ց. Չիլինգարյանը, Կ.Խ. Քալաշյանը, Դ.Մ. Մուրադյանը, Ս.Յու. Զալինյանը, Ք.Հ. Աբգարյանը, Գ.Մ. Պողոսյանը, Վ.Ա. Ասոյանը, Լ.Ա. Սարգսյանը, Զ.Հ. Գևորգյանը և ուրիշներ:
Բժշկական մանրէաբանության ամբիոնում դասավանդվում է բժշկական մանրէաբանություն, վիրուսաբանություն և իմունաբանություն առարկաները: Ուսուցումն իրականացվում է բոլոր ֆակուլտետներում՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական, (II և III կուրս) հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, ինչն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ գրականությունը համալրվել է վերջին տարիներին ամբիոնի աշխատակիցների կողմից՝ նշված լեզուներով, հրատարակված դասագրքերով և ուսումնական այլ նյութերով։ Անգլերենով դասավանդումն ամբիոնում սկսվել է շուրջ 3 տասնամյակ առաջ։ Այսօր անգլերեն դասավանդում են լեզվի և մասնագիտական բարձր որակավորում ունեցող մասնագետներ (4 դոցենտ և 4 դասախոս):
2011թ.-ից կազմակերպված է ուսուցում «Մանրէաբանություն» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների համար և երկարաժամկետ ու կարճաժամկետ վերապատրաստման և մասնագիտացման դասընթացներ բժիշկ մանրէաբանների և լաբորանտների համար: Համապատասխան ծրագրերով նախատեսված նյութը ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և բժիշկ մանրէաբաններին մատուցվում է դասախոսությունների, գործնական և լաբորատոր աշխատանքների ձևով:
Ամբիոնում մեծ աշխատանք է կատարվում ուսումնական գործընթացի կատարելագործման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Համակարգչային տեխնիկայի և ինտերնետ կապի հնարավորությունների կիրառմամբ ստեղծվել է էլեկտրոնային բանկ, որը ներառում է երեք լեզուներով մշակված և ունիֆիկացված դասախոսություններ ու թեստեր, մանրէների մորֆոլոգիան և ուլտրակառուցվածքը ներկայացնող էլեկտրոնային ատլաս, առարկայի տարբեր բաժինները ներկայացնող տեսաֆիլմեր, մուլտիմեդիաներ, լազերային սկավառակներ և այլ ցուցադրական նյութեր: Ամբիոնում մշտապես գործում է ուսանողական գիտական խմբակ, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական աշխատանքներին:
Կազմավորման սկզբնական շրջանում ամբիոնի գիտական հետազոտությունները վերաբերվել են արևադարձային տեղական վարակների ուսումնասիրությանը: Ա.Իսահակյանն առաջինն է Հայաստանում բացահայտել պապատաչի տենդը, լեյշմանիոզները, տզային հետադարձ տիֆը, նախակենդանիներով փոխանցվող աղիքային վարակները և մալթայան տենդը (բրուցելյոզ): Միաժամանակ ուսումնասիրվել են այդ հիվանդությունների հարուցիչները, տարածման ուղիները և դրանց դեմ պայքարի միջոցները: Հետագայում ամբիոնի աշխատակիցները զբաղվել են ՀՍՍՀ երկրամասային ախտաբանության՝ աիքային վարակների հարցերով (Բ.Ավետիքյան, Վ.Միքայելյան, Ա.Միրզաբեկյան, Ջ.Ահարոնովա, Լ.Ֆրանգուլյան, Է.Շեկոյան և ուրիշներ): Ուսումնասիրվել են նաև դիֆթերիայի հարուցիչը (Ջ.Ամյան), վերքային ինֆեկցիաների հարուցիչները (Բ.Ավետիքյան, Մ.Ալավերդյան) և պնևմոնիայի միկոպլազմաներով հարուցված հիվանդությունը (Ն.Բաբայան): Հետազոտվել են նաև հակաբիոտիկների, արդյունաբերական թույների, գյուղատնտեսական թունաքիմիկատների ազդեցությամբ օրգանիզմի իմունաբանական տեղաշարժերը, նյարդահումորալ մեխանիզմների դերը՝ մասնավորապես հարվահանագեղձի, օրգանիզմի իմուն պրոցեսների կարգավորման հարցում (Վ.Շեկոյան): Ամբիոնի գործունեության տարբեր տարիներին ուսումնասիրվել է նաև էլեկտրոստատիկ դաշտի ազդեցությունը առաջնային իմուն պատասխանի և մակրոֆագերի ակտիվության վրա (Վ.Թովմասյան), կարդիովիրաբուժական միջամտությունների ազդեցությունը իմունակարգավորման օղակի վրա և վերջինիս դերը թարախասեպտիկ բարդությունների առաջացման խնդրում (Լ.Մխեյան), անաէրոբ–աէրոբ մանրէների փոխազդեցության ասոցացված դերը վերքային ինֆեկցիաների պաթոգենեզում (Ն.Թարվերդյան), Երևան քաղաքի երեխաների և դեռահասների ֆիզիկական զարգացման և սեռական հասունացման տեմպերի և աղիների նորմալ միկրոբիոցենոզի վիճակը (Մ.Հովհաննիսյան), ռոտավիրուսային գաստրոէնտերիտով հիվանդացությունը Հայաստանում (Կ.Մանուկյան), աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության համաճարակաբնությունը ԼՂՀ–ում (Զ.Ասրիյան):
1986 թվականից բժշկական մանրէաբանության ամբիոնի գիտական գործունեությունը նվիրված է նյարդային և իմուն համակարգերի փոխազդեցության դերի ուսումնասիրությանը իմունաբանական գործընթացներում: Հետազոտությունների արդյունքները թույլ են տվել առաջին անգամ պարզաբանելու հիպոթալամուսի մոդուլացնող դերը մոնոնուկլեար ֆագոցիտար համակարգի բջիջների ֆունկցիոնալ ակտիվության գործում (Վ.Շեկոյան):
Հետագայում պարզաբանվել է ԳԱԿԹ–ի փոքր դոզաների իմունոխթանիչ ազդեցությունը բնական իմունիտետի կարևորագույն գործոնների (ֆագոցիտոզ, կոմպլեմենտի ակտիվություն) և առաջնային իմուն պատասխանի վրա, որն իրականացվում է մոնոնուկլեար ֆագոցիտար համակարգի բջիջների միջոցով (Վ.Շեկոյան, Դ.Մուրադյան): Բացահայտվել է ԳԱԿԹ–ի նպատակաուղղված օգտագործման հնարավորությունը, որպես իմունոմոդուլյատոր, իմուն պրոցեսների կարգավորման նպատակով նորմայում և տարբեր ախտաբանական պրոցեսներում՝ վերքային ինֆեկցիոն պրոցես (Վ.Շեկոյան, Ն.Թարվերդյան, Լ.Մխեյան, Կ.Մանուկյան) իմոբիլիզացիոն սթրես (Վ.Շեկոյան, Վ.Թովմասյան), սակավաշարժություն (Վ.Շեկոյան, Ս.Զալինյան, Ք.Աբգարյան, Գ.Պողոսյան): Վերջին տարիներին ուսումնասիրվել է սակավաշարժության պայմաններում իմունոգենեզի օրգաններում կառուցվածքային և իմունաբանական տեղաշարժերը:
Հետազոտության նպատակն է իմունոգենեզի օրգաններում 3,7,14,30 օր սակավաշարժության պայմաններում ուսումնասիրել ցիտոարխիտեկտոնիկան, IL-6 արտադրող B-լիմֆոցիտար պոպուլյացիայի կազմը, ԳԱԿԹ–ի բաշխման տոպիկ առանձնահատկությունները, TNF–α–ի, IL-2-ի և պրոլակտինի մակարդակները, ԳԱԿԹ–ի փոքր դոզաների համուղղող ազդեցությունը, ինչպես նաև ներկայումս հետազոտվում է սպիտակ առնետների հաստ աղու նորմալ միկրոֆլորան և դրա ներկայացուցիչների հնարավոր տրանսլոկացիան տարբեր ներքին օրգաններ և արյուն՝ տարբեր տևողության հիպոկինեզիայի պայմաններում:
Խոսելով ամբիոնի պատմության մասին` պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանը ընդգծում է, որ ամբիոնի կայացման գործում շատ մեծ ներդրում ունի հիմնադիրը` Աբգար Իսահակի Իսահակյանը.
«Չեմ գերագնահատում նրա դերը, որովհետև 1923 թվականին, այդ ծանր պայմաններում նրան հաջողվել է կազմակերպել ամբիոն, հետագայում գիտական աշխատանքներ անել, ուսումնական գործընթաց կազմակերպել: Ստեղծման օրվանից ամբիոնը շատ մեծ դեր է ունեցել Հայաստանում բժշկական մանրէաբանության զարգացման գործում, հատկապես գիտամանկավարժական կադրերի պատրաստման, մայրենի լեզվով դասագրքերի, ուսումնական, մեթոդական գրականության ստեղծման առումով, ինչը հնարավորություն է ապահովել բարձր մակարդակով կազմակերպել ուսումնական գործընթացը և համալսարանում բարձրորակ կադրեր պատրաստել: Հիմնադրման օրվանից` ուղիղ 100 տարի է, որ այս ամբիոնում կրթություն են ստանում բժիշկների տարբեր սերունդներ:Մանրէաբանությունը բժշկական կրթության հիմնարար, ֆունդամենտալ առարկաների շարքին է դասվում: Դասավանդվում է բոլոր ֆակուլտետներում: Բժշկական մանրէաբանության նպատակը պայքարն է ինֆեկցիոն հիվանդությունների դեմ»,- մանրամասնում է պրոֆեսոր Շեկոյանը` հավելելով, որ պայքարն իրականացվում է նպատակին համահունչ խնդիրների՝ ինֆեկցիոն հիվանդությունների մանրէաբանական ախտորոշում, հիվանդության պաթոգենետիկ ընթացքի և հիվանդության դինամիկայում ձևավորվող իմունաբանական մեխանիզմների վերլուծության հիման վրա էթիոպատիկ և սպեցիֆիկ բուժման ու կանխարգելման միջոցառումների առաջադրում, լուծման ճանապարհով:
Հարցին, թե որքանով են երիտասարդները ներգրավված ամբիոնի գործունեության մեջ, երկար տարիների նախկին ղեկավարը ուրախությամբ է փաստում, որ վերջին տարիներին ամբիոնական կազմը համալրվել է և ընդլայնվել:
Այս տարվա հունվարից մրցութային ընթացակարգով Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ է ընտրվել դոցենտ Կոստանդին Մանուկյանը, որն ամբիոնում մասնագիտական գործունեություն է ծավալում արդեն 25 տարի:
«Առարկայի դասավանդմանը զուգահեռ մշտապես ներգրավված եմ եղել ամբիոնական աշխատանքներում՝ ուսումնական գրականության ստեղծում, ուսուցողական և քննական թեստերի, մեթոդական հարցերի մշակում և այլն, սակայն ստանձնելով ամբիոնի ղեկավարի պարտականություններն արդեն հստակ պատասխանատվության խնդիր կա: Այսօր էլ թև ու թիկունք լինելով շարունակում ենք այդ աշխատանքը` ապավինելոով միմյանց: Միավորվածությունը, համախմբվածությունը կարևորագույն բաղադրիչներից է, որն առնվազն պետք է շարունակել, քանի որ մեր ամբիոնը մշտապես լավագույնններից է եղել տարիների պատմությամբ»,-ասում է Կոստանդին Մանուկյանը:
Համալսարանի առաջ ծառացած մարտահրավերներն այսօր առաջնահերթ վերաբերում են միջազգային ծրագրային հավատարմագրմանը և համալսարանական այս ստորաբաժանումը ևս անհրաժեշտ պահանջների կատարմամբ նշված կարևոր գործընթացների մասնակիցն է:
«Սա վերաբերում է ծրագրային խնդիրներին, նոր ձևաչափով կրթական նյութերի մշակմանը: Առաջին հանգրվանը, կարծես թե, հաղթահարված է: Հետագա հիմնահարցերը նույնպես արդեն միջազգային փորձագետների մասնակցությամբ լուծումներ կստանան»,- մանրամասնում է Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչը:
Բժշկական կրթությունն առանց գիտության պատկերացնել հնարավոր չէ, հետևաբար գիտության բնագավառում ևս առաջնահերթություններ կան: Արդեն մեկնարկել են մարդկանց միզուղիներից անջատված կաթնաթթվային բակետրային կուլտուրաների ազդեցության բացահայտմանն ուղղված հետազոտությունները կլինիկական նյութից անջատված միկրոօրգանիզմների վրա:
«Բուժառուներից անջատված ախտածին մանրէների կենսագործունեության նկատմամբ նշված կաթնաթթվային բակտերիաների մշտական և կայուն ճնշող, արգելակող ու կործանարար ազդեցության բացահայտումը կարևոր գործնական ելք կարող է ակնկալել որպես պրոբիոտիկ պրեպարատ դրանց առաջադրման տեսանկյունով»,- գիտական աշխատանքի ուղղությունը պարզաբանելով ասում է դոցենտ Մանուկյանը:
Հոբելյանը ամբիոնում նշում են ավանդական խմբակային լուսանկարով` ապագայի ծրագրերով զինված: