Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական օրացույցի երեք կարևոր օր՝ մեկ ամսաթվում

Բժշկական օրացույցի երեք կարևոր օր՝ մեկ ամսաթվում

Բժշկական օրացույցում հոկտեմբերի 12-ն այս տարի միավորում է Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը, Տեսողության համաշխարհային օրը և Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը։

Արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է 1996 թվականին Արթրիտի և ռևմատիզմի միջազգային կազմակերպության (ARI) կողմից:

Արթրիտի համաշխարհային օրը համաշխարհային առողջապահական իրազեկման միջոցառում է, որը կազմակերպվում է ռևմատիկ և հենաշարժական համակարգի հիվանդությունների, մարդու կյանքի վրա դրանց ազդեցության մասին իրազեկելու, ախտանշաններին ու կանխարգելիչ միջոցներին ծանոթացնելու համար՝ հետագա բարդությունները վաղ ախտորոշելու նպատակով:

Օրվա միջոցառումների թեման է «Ապրել ռևմատիկ և հենաշարժական հիվանդություններով կյանքի բոլոր փուլերում»:

Տեսողության համաշխարհային օրն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ 2000 թվականից սկսած, նշվում է հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի: Այս տարի օրը կնշվի հոկտեմբերի 12-ին։

Կազմակերպվող միջոցառումների նպատակն է անդրադառնալ կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով կառավարություններին, աողջապահության նախարարություններին և հասարակությանը համախմբել ուժերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ուղղությամբ:

ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%:

Տեսողության համաշխարհային օրն այս տարի անցկացվում է «Սիրեք ձեր աչքերն աշխատավայրում» խորագրի ներքո:

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը Հայաստանում նշվում է արդեն 15 տարի։ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին մեր երկիրը միացավ Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային:

2008 թվականից այս օրը Հայաստանում հայտարարվել է «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»:

Ծխախոտի դեմ պայքարի գործողությունների նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման ու ծխախոտի ծխի ազդեցության, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական կործանարար հետևանքներից: Պայքարի հիմնական գործիքներն են գովազդի, հովանավորչության և վաճառքի խթանման ամբողջական արգելքը, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակումը: