Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկի բարձր կոչմանն արժանանալը վնասվածքաբան-օրթոպեդը համարում կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը

Բժշկի բարձր կոչմանն արժանանալը վնասվածքաբան-օրթոպեդը համարում կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը

Վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Բաղդասարյանը բժշկի բարձր կոչմանն արժանանալը համարում է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Բժշկությունը, կոչելով առաքելություն, շեշտում է՝ ընտրել է բժշկի մասնագիտությունը՝ խորապես գիտակցելով դրա կարևորությունն ու ողջ պատասխանատվությունը:

«Բարությունը, մարդասիրությունն ու հիվադին օգնելու մեծ ցանկությունը բժշկին ստիպում են տարիների ընթացքում կուտակած գիտելիքներն ու փորձն ի գործ դնել, արդյունքում բժիշկը վայելում է առողջացած հիվանդի ժպիտը, աչքերում՝ երախտագիտությունը, իսկ ստացած աննկարագրելի էներգիան օգտագործում մասնագիտության մեջ կատարելագործվելու համար»,-ընդգծում է նա։

Բժշկի կարևոր առաքելությունն Արմեն Բաղդասարյանը կատարել է ոչ միայն նեղ մասնագիտության մեջ, այլև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում:

2020 թ. ամռանն աշխատել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ որպես հերթապահ բժիշկ. «Այս փորձառնությունը ևս մեծ դեր ունեցավ իմ՝ որպես բժիշկ կայացման գործում»։

Արմեն Բաղդասարյանը Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ևս ամուր թիկունք է եղել հայրենիքի պաշտպանների համար:

«2019-2021 թվականներին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում օրթոպեդիայի և վնասվածքաբանության օրդինատոր էի, հիշում եմ այդ օրը… Հերթապահության էի, որը փաստացի տևեց 44 օր։ Սեպտեմբերի 28-ի վաղ առավոտյան ընդունարանում դիմավորեցինք մի քանի տասնյակ տարբեր աստիճանի վիրավորումներով զինվորների ու հիվանդանոցի ողջ անձնակազմով անմիջապես սկսեցինք կազմապերպել նրանց առաջին բուժօգնությունը։ Մեկամսյա հերթապահությունից և տասնյակ վիրահատություններից հետո՝ հոկտեմբերի 25-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 7 մասնագետից կազմված խմբով  մեկ շաբաթով ուղևորվեցինք «Գորիսի» բժշկական կենտրոն, որտեղ վիրավոր զինվորների մի մասը տեղափոխվում էր անմիջապես կռվի դաշտից։ Բոլորս ունեինք որոշում կայացնելու մեծ պատասխանատվություն՝ զինվորների կյանքը փրկելու և հաշմանդամությունը կրճատելու հարցում։ Ծանր և պատասխանատու օրեր էին»,- դժվարին օրերն է վերհիշում նա:

Վնասվածքաբան-օրթոպեդը շեշտում է՝ յուրաքանչյուր րոպեն թանկ էր թե՛ վիրահատարանում գտնվող վիրավոր զինվորի, թե՛ բժշկի, և թե՛ հաջորդ վիրավորի համար, որը ևս կարիք ունի վիրահատական բուժման։

«Պատերազմի ընթացքում ձեռք բերեցի ահռելի փորձ, եղա մի իրավիճակում, որտեղ սկսեցի արագ և ճիշտ կողմնորոշվել, սովորեցի ավելի շատ գնահատել կյանքը և ևս մեկ անգամ գիտակցեցի բժշկի մեծ դերը մարդկության կյանքում»,-նշում է նա։

Վնասվածքաբան-օրթոպեդը  ազատ ժամանակ սիրում է սպորտով զբաղվել:

«Հոգ տանելով մարդկանց առողջության մասին, չպետք է մոռացության մատնենք սեփական առողջությունը՝ լավ օրինակ ծառայելով հիվանդներին»,-ամփոփում է նա: