Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Արթուր Ղազարյանի գնահատմամբ՝ ինքն ընտրել է ամենապատասխանատու և կարևոր մասնագիտություններից մեկը՝ բժշկությունը:
«Կյանքի մի շրջափուլում, երբ ժամանակն էր կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, երկար մտածելուց հետո որոշեցի, որ պետք է բժիշկ դառնամ: Հարազատների շրջանում մասնագիտությամբ հենց ես եմ առաջին բժիշկը: Ընտրության պահին հասկանում էի՝ ինչ մեծ պատասխանատվություն է ու ինչ դժվարություններ են ինձ սպասվում: Ուսումնառության տարիներին քիչ են եղել այն դրվագները, երբ մտածել եմ արդյոք ճիշտ ընտրություն էր, սակայն հիմա երբ հետհայացք եմ գցում՝ հասկանում եմ, որ միանշանակ ճիշտ եմ եղել: Այժմ բժշկությունից բացի այլ մասնագիտություն չեմ պատկերացնում»,-նշում է նա:
Անդրադառնալով նեղ մասնագիտությանը՝ նշում է, որ միշտ հետաքրքրվել է քիթ-կոկորդ-ականջաբանությամբ, հետևել է մի շարք վիրահատությունների, որոնք կատարվել են ավագ գործընկերների կողմից:
Արթուր Ղազարյանը 4-րդ կուրսից աշխատել է Հրազդանի բժշկական կենտրոնում որպես շտապ օգնության հերթապահ բուժակ, 6-րդ կուրսից աշխատել է նաև Երևանի շտապօգնության թիվ 4-րդ ենթակայանում որպես բուժակ.
«Կլինիկական օրդինատուրա ընդունվելու պահից մինչ այժմ շարունակում եմ աշխատել 4-րդ ենթակայանում: Մի քանի ամիս աշխատել եմ նաև Առողջապահության նախարարության շտապօգնության ծառայությունում՝ որպես բժիշկ»:
Ապագա քիթ-կոկորդ-ականջաբանն ակտիվ գործունեություն է ծավալել նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում: «Իրականացրել եմ հիվանդների ներտնային սպասարկում և տեղափոխում բուժհաստատություններ»,- նշում է նա:
Ըստ կլինիկական օրդինատորի՝ բժիշկը պետք է լինի աշխատասեր, ձգտող, ինչպես նաև որոշ չափով տիրապետի հոգեբանական հմտություններին. «Շատ հայտնի միտք պետք է ասեմ. հիվանդը կարող է բուժվել նաև բժշկի խոսքով: Ասվածի մեջ իմ անձնական փորձով բազմիցս համոզվել եմ: Թե ինչպես են հիվանդների ցավերն ու գանգատներն անհետանում բժշկի հետ մի քանի րոպե զրույց ունենալուց հետո: Դա զարմացնում և ուրախացնում էր»:
Կլինիկական օրդինատորն Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ևս համալրել է սպիտակ բանակի շարքը և մեկնել Արցախ՝ վիրավորներ տեղափոխելու:
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հերթական կանչից վերադարձա, ընկերներից տեղեկացա, որ լայնածավալ հարձակում է եղել թշնամու կողմից: Շատ ծանր ժամեր էին, անորոշություն… Ես, ինչպես իմ բոլոր ընկերները, առանց մեկ րոպե վարանելու մեկնել եմ Արցախ, եղել Վարդենիսում և Գորիսում: Շատ ծանր ժամանակաշրջան էր՝ մի կողմից Covid 19-ը համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը: Պետք էր հասցնել երկու ճակատում հավասարապես»,-պատերազմի օրերն է վերհիշում նա:
Սովորողի խոսքով՝ պատերազմի ժամանակ բարձրանում է ցանկացած մարդու, այդ թվում և բժշկի՝ սխալ որոշում կայացնելու հավանականությունը, ուստի յուրաքանչյուր բժիշկ պետք է փորձի սառնասիրտ լինել, որովհետև ցանկացած սխալ որոշում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ:
«Պատերազմի ժամանակ առաջնային են դառնում այնպիսի նեղ մասնագիտությունները, ինչպիսիք են՝ ռեանիմատոլոգիան, վնասվածքաբանությունը և ընդհանուր վիրաբուժությունը: Չչլինելով այդ մասնագետներից ոչ մեկը՝ ստիպված ես լինում շատ արագ յուրացնել բազմաթիվ նրբություններ և գիտելիքներ: Այլ կերպ ասած՝ դառնում ես բազմակողմանի զարգացած բժիշկ»,-նշում է Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ այդ օրերին հասկացել, թե ինչքան տխրություն և ինչքան ցավ է իր մեջ ընդգրկում պատերազմ բառը: