Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

100-ամյա բուհի 94-ամյա շրջանավարտը ողջ կյանքը նվիրել է ակնաբույժի մասնագիտությանը. Ֆոտոռեպորտաժ

100-ամյա բուհի 94-ամյա շրջանավարտը ողջ կյանքը նվիրել է ակնաբույժի մասնագիտությանը. Ֆոտոռեպորտաժ

ԵՊԲՀ մեկդարյա հոբելյանը հարազատ համալսարանի շուրջ է համախմբում Հայաստանում և հայրենիքի սահմաններից հեռու բնակվող հին ու նոր շրջանավարտներին։ Մեր ստեղծագործական թիմին առիթ ընձեռվեց հյուրընկալվելու բուհի ամենատարեց շրջանավարտներից մեկի՝ 1951 թվականին բժշկական ինստիտուտն ավարտած 94-ամյա Էլյա Հովհաննեսի Գրիգորյանի տանը։

Տասնյակ լուսանկարներում վաստակաշատ բժշկուհու մասնագիտական անցած ուղու մասին վկայող թանկ հիշողություններն են։ Առանձնակի ուշադրության է արժանի ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքի մոտ 1976 թվականին արված խմբային լուսանկարը, որն արվել է ինստիտուտի պատրաստած 28-րդ շրջանավարտների, բժիշկ-մասնագետների՝ բուհն ավարտելու 25-ամյակի առթիվ։ Տիկին Էլյան տարիների հեռվից մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ է հիշում այս օրը, խնամքով պահպանում օրվա առթիվ իրեն ուղարկված հրավիրատոմսի օրինակը,  ինչպես նաև «Ապագա բժիշկ» թերթի նույն թվականին հոկտեմբերյան համարում տպագրված գեղեցիկ հոդվածը։

 Մեր ակնարկի հերոսուհու համակուրսեցիներից շատերն, որոնց թվում էին անվանի բժիշկ-գիտնականներ, այլևս կենդանի չեն։ 

Հայրենիքին ու մարդկանց ծառայելը հարազատ բուհին գրեթե հասակակից բժշկուհի Էլյա Գրիգորյանի ամենօրյա աշխատանքն էր տասնամյակներ շարունակ։  Նա ծնվել է 1926 թվականին Երևանում։ Որպես նեղ մասնագիտացում ընտրել է ակնաբուժությունը, քանի որ ինչպես ինքն է ասում՝ շատ գեղեցիկ աչքեր ուներ։ Ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես ընդունված էր խորհրդային ժամանակներում գործուղվել է մարզ՝ Թալին։ Այնտեղ անհրաժեշտությունից ելնելով ոչ միայն ակնաբուժական, նաև այլ տեսակի բժշկական օգնություն է ցուցաբերել տեղի բնակչությանը, անգամ վիրահատել է։ Հավասարապես սիրել է բժշկության բոլոր ուղղությունները՝ բացի գինեկոլոգիայից։ Տարիների հեռվից տիկին Էլյան նկատում է, որ բժիշկը պետք է լինի բազմակողմանի զարգացած մասնագետ և չսահմանափակի գիտելիքներն ու փորձը միայն մեկ նեղ ուղղությամբ։

Թալինում մի քանի տարի աշխատելուց հետո Էլյա Գրիգորյանը վերադարձել է Երևան։ Հիշում է՝  ինքն է ցանկացել  մասնագիտական գործունեությունը շարունակել ոչ թե Հայաստանից հեռու, ինչպես շատ բժիշկների դեպքում էր պատահում, այլ՝ հենց ծննդավայրում։

Երկու տարի դպրոցական բժիշկ աշխատելուց հետո՝ նրա հիմնական ու միակ աշխատատեղն է դառնում Կիլիկիա թաղամասում տեղակայված Երևանի թիվ 7 պոլիկլինիկան։ Այստեղ փորձառու ակնաբույժն աշխատել է մինչև 2012 թվականը։ Այսօր էլ չի կարողանում թաքցնել հուզմունքն աշխատանքի վերջին օրը հիշելիս։ Եթե տարիքից ելնելով չունենար առողջական խնդիրներ, գուցե երկարաձգեր մասնագիտական բեղուն գործունեությունը։ Բայց հարազատ աշխատավայրում տիկին Էլյային չեն մոռանում։ Առայսօր նրա կրտսեր գործընկերներն այցելում են նրան, զանգահարում խորհրդատվության համար։ Մեծ է եղել ակնաբույժի ներդրումը պոլիկլինիկայի զարգացման գործում։  Սպասարկելով մեծահասակ բնակչությանը՝  նա պացիենտների պակաս չի զգացել։ Հարևաններն էլ  մշտապես օգտվել են Էլյա Գրիգորյանի մասնագիտական խորհուրդներից։  Նա պահանջված մասնագետ է եղել.  համատեղությամբ աշխատելու առաջարկներ է ստացել։ Խոստովանում է՝ շատ է սիրել ակնաբուժությունը։ 

«Երիտասարդները պետք է մասնագիտության մեջ հմուտ լինեն, ճիշտ ախտորոշեն, որպեսզի լավ բուժեն հիվանդին և արժանանան նրա գոհունակությանը»,- ընդգծում է ԵՊԲՀ շրջանավարտը։

Այսօր էլ նրա առօրյայից անմասն չէ մասնագիտությունը։  Հեռուստացույցով հետևում  է բժշկական հաղորումներին, ակնաբուժության ոլորտի նորարարություններին։ Տեսողական խնդիրներով պայմանավորված չի կարողանում ընթերցել և վերընթերցել գեղարվեստական գրականություն։ Ընտանիքի անդամները պատմում են, որ տարիներ առաջ գրի է առել Երևանի, կյանքի հիշարժան օրերի մասին հիշողությունները։

Բուհի 100-ամյա հոբելյանը տիկին Էլյայի համար ուրախալի իրադարձություն է։ Ցավում է, որ ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել գալիք տոնական միջոցառումներին։ Երկար տարիների փորձ ունեցող մասնագետի համար հոբելյանը նաև սեփական ուսուցիչներին շնորհակալության զգացումով հիշելու լավ հնարավորություն է։ Նրանցից է  Երևանի բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի և կլինիկայի նախկին վարիչ, ՀԽՍՀ ակնաբույժների ընկերության հիմնադիր- նախագահ Բաբկեն Մելիք-Մուսյանը, ով անփոխարինելի ներդրում ունի Էլյա Գրիգորյանի՝ որպես ակնաբույժ կայացման գործում։ Տիկին Էլյան յուրաքանչյուր կրթական հաստատության զարգացման համար  կարևոր է համարում լավ դասախոսների, լավ մասնագետների առկայությունը, որպեսզի բնակչությունը ստանա բարձրակարգ բժշկական օգնություն, սովորողներն էլ՝ գիտելիքներ։

Մեծ տատիկը, ինչպես նրան անվանում են թոռները, ունի երկու տղա, երեք թոռ և երկու ծոռ։ Թոռներից երեքն էլ բժիշկներ են։ Կրթություն են ստացել և մասնագիտական գործունեությունը շարունակում են ԱՄՆ-ում։

 

Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները՝ Էլյա Գրիգորյանի անձնական արխիվից, և Կարեն Սերոբյանի