Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Աննա Բալյան. կենսասիրություն վարակող բժիշկը

Աննա Բալյան. կենսասիրություն վարակող բժիշկը

Աննա Բալյանը փոքրուց գիտեր, որ իր հետագա զբաղվածությունն առնչվելու է երեխաների հետ: Մանկավարժություն, թե բժշկություն երկընտրանքը տարիների մեջ հղկվեց, ձևավորվեց և հաջողությամբ մեկտեղվեց իր ամենօրյա աշխատանքում տասնամյակներ շարունակ:

«Սովորեցնե՞լ, թե՞ բժշկել. այս հարցի շուրջ էի երկար մտածում: Երեխաների հետ հոգիս վերափոխվում է, երբ տեսնում եմ նրանց անկեղծ, անկաշկանդ, մաքուր, զրնգուն ծիծաղը, որը որպես մասնագետ, իհարկե, կարող ես տեսնել նրանց օգուտ տալով»,- պատմում է նա` հավելելով, որ մասնագիտության ընտրության հարցում իր` որպես Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը գերազանցությամբ ավարտած շրջանավատի, հիշարժան են ուսմասվարի խոսքերը, որոնք կարծես կանխորոշում են ապագան:

«Մեր ուսումնառության տարիներին հայտնի մանկավարժ Կլարա Մեֆոդևնան ինձ խորհուրդ տվեց ցանկացած ոլորտի ընտրության դեպքում էլ դասավանդել, ինձ համար այս խոսքերը վճռորոշ են դառնում: Եվ այդպես էլ եղավ, տասը տարի դասախոսել եմ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնում զուգահեռ պրակտիկ գործունեությանը: Այսօր էլ պոլիկլինիկայում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներին, կլինիկական օրդինատորներին, երիտասարդ գործընկերներիս փորձս փոխանցելու հնարավորություն ունեմ»,- ասում  է   «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը, որին նվիրված է «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը:

 

Կենսագրական տվյալներ

Երևանի պետական բժշկական ինստիտուտի նախկին Մանկաբուժական ֆակուլտետի շրջանավարտ է: Ինստիտուտն ավարտելուց հետո 4 տարի աշխատել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի ամբուլատորիայում: Այնուհետև «Մուրացան» պոլիկլինիկայում` նախկինում 4-րդ մանկական հիվանդանոցում մեկ տարի աշխատել է որպես տեղամասային բժիշկ, հաջորդիվ՝ բաժանմունքի վարիչ: 17 տարի եղել է նույն բուժհաստատության պոլիկլինիկայի ղեկավարը: Արդեն 12 տարի մասնագիտական գործունեությունը որպես մանկաբույժ և առաջնային բժշկական օգնության օղակում որպես առողջապահության կազմակերպիչ իրականացնում է ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի պոլիկլինիկայում:

Անդամակցում է մասնագիտական միավորումների, ակտիվ մասնակցում է կատարելագործման դասընթացների, համաժողովների և գիտաժողովների: Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական հանձնաժողովի անդամ է:

Երկարամյա գործունեության ընթացքում պարգևատրվել է  բազմաթիվ շնորհակալագրերով  և պատվոգրերով, այդ թվում ՀՀ ԱՆ պատվոգրով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ԵՊԲՀ «Ոսկե կրծքանշան»-ով:

Մասնագիտական մկրտություն Վարդենիկում

Ինչպես Աննա Բալյանն է բնորոշում՝ մասնագիտական մկրտությունը ստացել է Վարդենիկում՝ տեղի ամբուլատորիայի գլխավոր բժիշկ Գարսևան Մելոյանի ղեկավարությամբ:

Բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո` նախկին մանկաբուժական ֆակուլտետի շրջանավարտներ Աննա Բալյանը և Ռուբեն Արաբյանն արդեն ընտանիք կազմած, Խորհրդային միության տարիներին ընդունված ավանդույթի համաձայն, մեկնում են մարզ աշխատելու, ինչը նրանց փորձ, փորձառություն, գիտելիքներ ստանալու համար հրաշալի հնարավորություն է դառնում, որը տարիներ անց զույգը հիշում է ջերմությամբ, երախտագիտությամբ, հպարտությամբ:

Ակնարկաշարի հերոսը շնորհակալ է բոլոր իր ուսուցիչներին, գործընկերներին, որոնցից միշտ սովորել է և շարունակում է սովորել, ընդօրինակել լավն ու դրականը:

Բժիշկ ամուսինները երկու դուստր ունեն: Բնավորությամբ տարբեր են, բայց կարողանում են միմյանց լրացնել և փոխըմբռնման շնորհիվ պահպանել երկար տարիների ընտանեկան ամրությունը:

Ռուբեն Արաբյանը ևս ավելի քան մեկ տասնամյակ է համալսարանական մեծ բժշկական թիմի կազմում է:  «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում է աշխատում որպես ռեանիմատոլոգ:

«Ամուսինս ինձ համար օրինակելի բժշկի կերպար է»,- նշում է բժիշկ Բալյանը:

Հոգու սննդի շարունակական փնտրտուքում…

Ոչ միայն փոքրիկների, այլև մեծահասակների առողջությամբ մտահոգ բժիշկը հայտնի ասույթը փոփոխելով ցանկանում է, որ մարդիկ նախ հոգով լինեն առողջ, քանի որ հոգեկան առողջությունն է ապահովում նաև առողջ մարմին: Առհասարակ հոգու և հոգու սննդի մասին էր մեր զրույցի առանցքը:

«Եկեղեցիներում փոքրուց շատ էի լսել «խաղաղություն ամենեցուն» բառակապակցությունը, որի իմաստը լավ չէի հասկանում, այժմ, կարող եմ հստակ ասել, որ այս տողերը կարևոր իմաստ ու խորհուրդ ունեն, քանի որ հոգու հանգստությունը և խաղաղությունը ուղիղ համեմատական են առողջությանը»,- նկատում է Աննա Բալյանը:

Հոգու սնունդ նա փնտրում է ամեն օր և ամենուր: Կյանքը փորձում է զգալ և ընկալել գեղագիտորեն` շեշտադրելով իր շուրջը գույները, տրամադրությունը, գեղեցիկը:

«Մայրս անկողնային հիվանդ էր: Ես և աղջիկներս խնամում էինք նրան մոտ ինն ամիս: Մի օր նա մեզ ասաց՝ չէր պատկերացնում, որ այդքան սիրում ենք իրեն»,- հուզմունքը չթաքցնելով հիշում է տիկին Բալյանը` ընդգծելով, որ չնայած միշտ է կարևորել հարազատներին սեր խոստովանելը, այդ դեպքից հետո առավել շատ ու առավել ուժեղ է  գնահատում սիրելու, սերը փոխանցելու անհրաժեշտությունը:

Նրա համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ունենան կարեկցելու զգացում, երբեք գործարք չանեն խղճի հետ: Իրենք իրենց, բնության հետ լինեն ներդաշնակ:

Շնորհակալ, ներողամիտ, ինչու ոչ նաև ինքնաքննադատ լինելն իր կյանքի սկզբունքներից են:

Նրա մշակած փիլիսոփայությամբ աշխատավայրում, տանը, շրջապատում փորձում է ամեն վայրկյանը օգտագործել դրականը ստեղծելու և այն տարածելու համար, և օբյեկտիվորեն պետք է նշենք, որ դա նրան հաջողվում է:

Որպես կին, մայր, տատիկ չունի բարդույթներ և այդ ներքին ազատությունը, ներքին ուրախությունն այն է, ինչն ապրելու և արարելու ուժ է տալիս:

Մտաբերում է մի դրվագ: Տարիներ առաջ, երբ գլխավոր բժշկին էր փոխարինում համալսարանական հիվանդանոցում, սիրիահայ մի պացիենտ ավտովթարի էր ենթարկվել, տևական ժամանակ հոսպիտալացված էր: Աննա Բալյանը հիվանդանոցային ամենօրյա շրջայցին աղջնակի համար երգում էր` սրտի կանչով, ինչն անմիջականորեն խաղաղություն, դրական լիցքեր էր փոխանցում, թե՛ բուժառուին, թե՛ նրա մայրիկին:

«Ուզում եմ փոխանցել այն «մեսիջը», որ մարդուն, առավել ևս կյանքի դժվարին իրավիճակում հայտնվածին, կարևոր է նայել աչքեր մեջ, բռնել ձեռքը,  ժպտալ և ասել՝ «Հանգիստ եղի՛ր»: Հիվանդին նաև հոգեբանորեն սատարելու այս բաղադրիչն աշխարհի շատ երկրներում է կիրառվում և  առանց ամաչելու ինքս էլ պատրաստ եմ այն կյանքի կոչել»,- ասում է մանկաբույժը, որն անկաշկանդ երգում, ուրախանում, զրուցում, որևէ հետաքրքիր իրով ուրախացնում կամ զարմացնում է իր փոքրիկ այցելուներին:

Այստեղ տեղին է ասել, որ հաճախ ջերմ խոսքը դեղից էլ ազդեցիկ կարող է լինել: Կենսուրախությունը, կենսասիրությունը, սերը դեպի կյանքը փորձառու մանկաբույժի դեպքում վարակիչ են:

Երաժշտական երկխոսություն Բոստոնում

Աննա Բալյանի վերապատրաստումների, աշխատանքային հանդիպումների շրջանակը լայն է. Անգլիա, Շվեդիա, Թուրքիա, Ավստրիա, Դանիա, ԱՄՆ, ՌԴ:

Տիկին Բալյանին ճանաչողները գիտեն, որ մարդ-տոն է, բառի ինչպես փոխաբերական, այնպես էլ ուղիղ իմաստով:

Հիշում է՝ ինչպես 2011 թվականին Բոստոն էր գործուղվել համալսարանական գործընկերների հետ: Տեղի հայազգի բժիշկ-գիտնականների, գործընկերների հետ հանդիպման ընթրիքին` նա հալեցրեց պաշտոնական միջոցառումներին բնորոշ սառույցը:

Նրա մեկնարկով հայերեն երգերից մեկին դահլիճի մեկ այլ անկյունից հաջորդեց մեր հայրենակիցներից մյուսի կատարումը, հետո մեկ այլ ծայրից մեկ այլ հայկական երգի հնչյուն, որը հիշեցնում էր միջոցառմանը մասնակից պատվիրակության անդամներին մանկությունը, հայրենիքը, կարոտը:

Օվկիանոսից այն կողմ երաժշտական այս հետաքրքիր երկխոսության օրինակը Աննա Յուրիի Բալյանի կյանքում տասնյակ դեպքերից է, որը հիշարժան է, ջերմացնող:

«Ուրախության այս «Coaching»-ը`ուսուցանումն ապացուցում է, որ դեպի յուրաքանչյուր մարդու սիրտ հնարավոր է գտնել բանալի, հալեցնել սառույցը: Ինձ մոտեցան և ասացին շնորհակալ ենք Ձեզ, մենք մեր երեխաներին սովորեցնում ենք հայերեն երգեր, բայց ինքներս չենք երգում, իսկ այսօր մենք երգեցինք հայերեն, սրտաբուխ երգելու հնարավորություն ունեցանք»,- պատմում է համալսարանական բժիշկը:

Ապագա մանկաբույժներին կարևոր հորդոր ունի. սիրել երեխաներին, սիրել այն գործը, որն անում ես, նվիրվել ամբողջապես, սրտով:

Երեխաների աշխարհը մաքուր է, ազնիվ, հենց այդ աշխարհում է բժշկագիտության ոլորտում և կյանքում թրծված մասնագետը գտնում իրեն, անկախ դժվարություններից ու փորձություններից, որոնք առկա են այս ուղին ընտրած մարդկանց առաջ:

Կանանց էլ մաղթում է զգալ մայրության բերկրանքը, որը կյանքի շարունակականության և անվերջանալի սիրո խորհրդանիշ է:

  

Բժշկի աշխատասենյակում հյուրընկալվեց Տաթևիկ Գրիգորյանը

Լուսանկարները` Աննա Բալյանի անձնական արխիվից և  Մարի Գալստյանի