Ավելի քան կես դար է՝ Հովհաննես Սարուխանյանը ճերմակ խալաթ է կրում: Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն իր օգտակար խորհուրդներով մշտապես կրտսեր գործընկերների կողքին է:
Ապագա բժիշկների համար նրա ներկայությունը ցանկալի է, թե՛ լսարանում, թե՛ վիրահատարանում
Անվանի վիրաբույժի և գիտնականի անուն-ազգանունը երախտագիտությամբ են հիշում սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել ստացած գիտելիքները, դառնալ պիտանի մասնագետներ: «Անցած ուղին եղել է բարդ, ժամանակ առ ժամանակ ծանր, բայց՝ երջանիկ»,- 4 տարի առաջ իր 75-ամյա հոբելյանի օրը բժշկական համալսարանում լրագրողների հետ զրույցում նշել է պրոֆեսոր Սարուխանյանը:
«Հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում եք»,- բժշկի՝ երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն է: 79-ամյա բարձունքից նայելով անցած ճանապարհին՝ վիրաբույժը խոստովանում է, որ տարիների ընթացքում ավելի ուշադիր է հիվանդների նկատմամբ, ավելի մեծ ոգևորությամբ է բուժում, մի խոսքով՝ ավելի ու ավելի…`
Հովհաննես Սարուխանյանը՝ բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչ
Հովհաննես Վազգենի Սարուխանյանը ներկայացնում է անվանի բժշկական ընտանիքի երկրորդ սերունդը: Ծնվել է 1938 թվականին, Երևանում:
«Հայրս վիրաբույժ էր, խորանալով այս մասնագիտության մեջ՝ սիրահարվեցի վիրաբուժությանը: Աշխատում էի տոպոգրաֆիկ անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում, որտեղ էլ հարստացրի իմ գիտելիքները»,- նշել է Հովհաննես Սարուխանյանը:
Սարուխանյանների բժշկական մեծ ընտանիքի առաջին ճյուղը սկիզբ է առնում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Սարուխանյանից:
«Հայրս լավ դպրոց է ստեղծել, իր գիտելիքները փոխանցել և բժշկական բարդ ոլորտ գործուղել շատ ու շատ պրոֆեսիոնալների: Ես ծնվել եմ բժիշկների ընտանիքում: Մայրս նույնպես բժիշկ էր: Ես և քույրս ընտրել ենք մեր ծնողների մասնագիտությունը: Քույրս` Կարինեն, բժշկական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` անեսթեզիոլոգ: Նրա դուստրը և տղան ևս բժշկական գիտությունների թեկնածու են: Կինս` Սվետլանա Սարուխանյանը, ընտանեկան բժիշկ էր»,- ընտանիքի բժշկական հարուստ կենսագրությունը ներկայացնելով` ասել է, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը:
ԵՊԲՀ շրջանավարտը մեծ ավանդ ունի վիրաբուժության զարգացման և կադրերի պատրաստման գործում
Հովհաննես Սարուխանյանը 1955-1961թթ. սովորել է ԵՊԲՀ-ի բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 1961-1963թթ. անցել է կլինիկական օրդինատուրա` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժնում:
1963-1988թթ. ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թորակալ վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում անցել է կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի պրոֆեսորի վաստակաշատ ուղին: 1965-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969-ին` դոկտորական թեզեր: 1988-ից մինչ օրս ղեկավարում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնը, բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի, գիտական մեծ խորհրդի և վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամ է, 1987-ից` վիրաբույժների հայկական ասոցիացիայի, 2000-ից` Հայկական վիրաբուժության 21 պրոֆեսիոնալների միության նախագահը:
Հովհաննես Սարուխանյանի՝ ավելի քան 200 գիտական աշխատություններում, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներում, 4 մենագրություններում, 8 ռացիոնալիզատորական առաջարկներում, 9 գյուտերում, նաև նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանած 6 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություններում ընդհանրացված են սրտանոթային, կրծքային, ստամոքսաղիքային, ենթաստամոքսագեղձի, էնդոկրին հիվանդությունների, երկարատև ճնշման համախտանիշի, սթրեսի, վնասվածքների էնդոտոքսիկոզի տեսությունն ու գործառությունը:
Վիրահատական նոր մեթոդների հեղինակ է
Նախկին Խորհրդային Միությունում պրոֆեսոր Սարուխանյանն առաջինն է մշակել զույգ թոքերի միանվագ տրանսպլատացիայի մոդել, կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող աղիքային լիտոտրիպսիա: Հայաստանում առաջինն է կատարել պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսագեղձի գլխիկի ուռուցքի և կեղծ ուռուցքային պանկրեատիտների ժամանակ, լյարդի ձախ բլթի մասնահատում` լյարդ-բջջային քաղցկեղի ժամանակ, աջ բրոնխի մասնահատում պլաստիկայով` թոքի քաղցկեղի ժամանակ, վիրահատություններ որովայնի խոռոչի էկտոպիկ ֆեոքրոմոցիտոմայի, հարվահանաձև գեղձի ադենոմայի, ինսուլինոմայի կապակցությամբ: Հովհաննես Սարուխանյանը մշակել է շատ այլ վիրահատությունների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր: Նա ուրախությամբ նկատում է, որ վերջին կես դարում Հայաստանում բժշկությունը զգալի առաջընթաց է գրանցել բոլոր ուղղություններում:
«Կորոնար անոթների վիրաբուժական եղանակը շատ է զարգացել: Այսօր կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք 25 տարի առաջ չէին արվում` և՛ սրտի, և՛ անհետաձգելի։ Այսօր շատ են խոսում եվրոպական, ամերիկյան կլինիկաների մասին, սակայն պետք է ասեմ, որ Հայաստանում վիրահատությունների 75 տոկոսը կատարվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն ցուցաբերելու ժամանակ: Մեր երկրում բարձր մակարդակի վրա են սրտի վիրահատությունները, կարդիոստիմուլյատորների տեղադրումը, ստենտավորումը: Սուր ինֆարկտների դեպքում դրանք ամենօրյա աշխատանք են»,-նկատում է մասնագետը:
Վաստակաշատ գիտնականն ու բժիշկն արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտարար ռացիոնալիզատոր» կոչումներին: Նա պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, «Մխիթար Հերացի», «Մարշալ Բաղրամյան» մեդալներով, արժանացել ՀՀ առողջապահության նախարարության «Ոսկե մեդալի», ՀՀ կառավարության շնորհակալագրի ու պատվոգրի:
Սարուխանյանների երկրորդ սերնդի ներկայացուցչի համոզմամբ` թեպետ հասարակության մեջ բժշկի դերը բարձրացնելու կարիք կա, այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում շատերը ճիշտ են ընկալել բժշկի դերը։ Այժմ էլ հիմնականում առկա է մեծ հարգանք բուժաշխատողի բարդ ու պատասխանատու աշխատանքի հանդեպ:
Հետադարձ հայացք նետելով անցած ուղուն` վիրաբույժը վստահեցնում է, որ բժշկի մասնագիտությունն Աստծո պարգև է:
«Ամենաթանկն առողջությունն է, որի վերականգնման, խնդիրների հաղթահարման առումով եթե կարողանում ես օգնել հիվանդին, ապա բժշկի համար դրանից մեծ երջանկություն չկա: Ուրախ եմ, որ երեք տասնյակից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ եմ պատրաստել: Նրանք հիմա ղեկավարում են բժշկական ամբիոններ, համակարգի տարբեր ստորաբաժանումներ, շատերն ավագ վիրաբույժներ են, ճանաչված մարդիկ. դա ինձ համար մեծ ուրախություն է»:
Բժշկի ուղին են ընտրել նաև վիրաբույժի որդիները
Հովհաննես Սարուխանյանի ավագ որդին` Վազգեն Սարուխանյանը ստոմատոլոգ է, զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, իսկ կրտսեր որդին` մանկաբույժ Հովհաննեսը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Նա Ռուսաստանի Դաշնության Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի գիտության գծով տեղակալն է, մի շարք հեղինակավոր մասնագիտական միավորումների անդամ:
Մոսկվայաբնակ մասնագետն ուրախությամբ է փաստում, որ անգամ հայրենիքից հեռու, Ռուսաստանում բնակվող և տարբեր ոլորտներում աշխատող բժիշկներին հաջողվել է պահպանել կապը միմյանց հետ, կիսվել գաղափարներով, համատեղ միջոցառումներ իրականացնել:
Առաջին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
2013թ. մարտի 27-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած գիտական խորհրդի հատուկ նիստը նվիրված էր ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ծննդյան 75-ամյակին և աշխատանքային գործունեության 50-ամյակին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով բժշկության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Անվանի բժիշկ-գիտնականն այսօր էլ ակտիվ մասնագիտական, գիտամանկավարժական ակտիվ գործունեություն է ծավալում: Պրոֆեսորը մինչև հիմա էլ տարեկան հարյուրից ավելի վիրահատություն է կատարում:
Բժշկի ջանքերի շնորհիվ շատերն իրենց երկրորդ կյանքն են ապրում: Հմուտ վիրաբույժը գտնում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրած յուրաքանչյուր մարդ պետք է խորությամբ ուսումնասիրի բժշկագիտությունը, որին էլ ինքը նվիրել է կյանքի գերակշիռ մասը:
Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Սարուխանյանների ընտանիքի անձնական արխիվից
և Կարեն Սերոբյանի