Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բժիշկը պետք է ամբողջ կյանքում սովորի». վստահեցնում է «Ուրոլոգիայի նահապետը»

«Բժիշկը պետք է ամբողջ կյանքում սովորի». վստահեցնում է «Ուրոլոգիայի նահապետը»

«Continuing medical education». Ժամանակակից աշխարհում շարունակական բժշկական կրթությունն է յուրաքանչյուր բժշկի մասնագիտական զարգացման ու առաջընթացի հիմքում: Այս համոզմանն է ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Իվան Աղաջանյանը: Մասնագիտական գործունեության հինգից ավելի տասնամյակները նա նվիրել է ուրոլոգիայի զարգացման, նաև երիտասարդ մասնագետների պատրաստման գործին:

«Բժիշկը պետք է ամբողջ կյանքում սովորի»,- զրույցի սկզբում ընդգծում է անվանի ուրոլոգը՝ հավելելով, որ ի տարբերություն այլ մասնագիտությունների, բժշկության դեպքում անընդհատ սովորելու մտքի հետ պետք է հաշտվել նախապես, դեռ ընտրություն կատարելիս:

Կան բժիշկներ, ովքեր շարունակ սովորելու գաղափարին հանգում են կամավոր, սակայն որպես կանոն, տվյալ երկիրն է սահմանում առողջապահության ոլորտում շարունակական մասնագիտական զարգացման իր կանոնները:

Մասնագիտական գիտելիքների զարգացումն ապահովելու գործում, Իվան Աղաջանյանի խոսքով, կարևոր առաքելություն ունեն նաև մասնագիտական միավորումները, որոնք ոլորտի նորարարությունների ներդրման, արտերկրի առաջատար փորձի հետ հաղորդակցվելու երաշխավորն են: Արդյունավետ փոխգործակցությունը հնարավորություն է տալիս քայլել միջազգային չափանիշներին համապատասխան:

Արագ, նպատակասլաց և անվախ

Բարդ վիրահատություններ կատարող բժիշկը համոզված է, որ վիրահատարանում ամենից շատ կարևոր են վճռական իրավիճակներում արագ կողմնորոշվելու, նպատակասլաց և անվախ լինելու կարողությունները:

Վիրահատարան մտնելիս հուզմունքը բնական է, բայց տարիների փորձը վիրաբույժին առավել վստահ և ռացիոնալ աշխատելու հնարավորություն է ընձեռում:

Պատասխանատվությունը ևս այն կարևոր հատկանիշներից է, որը վիրահատողին երբեք չպետք է դավաճանի:

Երկարամյա մասնագետն ուրախությամբ է նկատում, որ այսօր իր աշակերտները մեծ հաջողությունների են հասել ուրոլոգիայի բնագավառում: Ապագա բժիշկների շարքում ևս նա երիտասարդ և հեռանկարային մասնագետների է տեսնում: Բժշկի ուղին ընտրած մարդիկ, ովքեր համակողմանի զարգացած են, տիրապետում են մի քանի օտար լեզվի։

Պրոֆեսորը համոզված է, որ միայն կրթված վիրաբույժները կարող են, թե՜ խաղաղ, թե՜ պատերազմական իրավիճակներում անհրաժեշտ բուժօգնություն իրականացնել: Իվան Աղաջանյանի բնորոշմամբ՝ բժիշկը նույնպես զինվոր է, որը պայքարում է հիվանդի կյանքի համար:

Անդրադառնալով բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններին՝ նա նկատում է, որ պացիենտներն այսօր առավել գրագետ են մոտենում իրենց կամ հարազատի հիվանդության բուժման ընթացքին, վարմանը: Այս հարցում էական հետք է թողել համացանցը, ուր ցանկացած հիվանդության մասին առատ տեղեկատվության պակաս չի զգացվում:

Բժիշկն անկախ հիվանդի տրամադրվածությունից խորհուրդ է տալիս լինել համբերատար և համերաշխ:

Առաջինն է կատարել երիկամի փոխպատվաստում

Բժշկական գործունեության առաջին իսկ օրվանից Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի ուրոլոգիայի բաժանմունքի տնօրեն Իվան Աղաջանյանը զբաղվում է ուրոլոգիայի զարգացմամբ:

ԵՊԲՀ շրջանավարտն առաջինն ուրոլոգն է, որը 1987 թվականի նոյեմբերին կատարել է երիկամի փոխպատվաստում, նա ոլորտում նաև բազմաթիվ այլ նորարարություններ է ներդրել: Մինչև 1990 թվականը ուրոլոգը կատարել է երիկամի 14 փոխպատվաստում, հետագայում երիկամի փոխպատվաստման ծրագիրը փոխանցվել է «Արաբկիր» բժշկական կենտրոնին, ուր հաջողությամբ շարունակվում են իրականացվել այս բարդ վիրահատական միջամտությունները:

1981-99թթ. Աղաջանյանը Առողջապահության նախարարության գլխավոր ուրոլոգն էր, 1988-ից 2013թ. Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահն էր: 2014թ. ևս երկու տարի կրկին զբաղեցնում է ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգի պաշտոնը: Նա վիրաբուժական ակադեմիաների միջազգային ֆեդերացիայի, եվրոպական, ամերիկյան, վրացական ուրոլոգիական ընկերակցությունների անդամ է: Վերապատրաստվել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում, Վրաստանում: ԵՊԲՀ պրոֆեսորը 250 գիտական հոդվածի, 2 մենագրության հեղինակ է, 3 հայտնագործության համահեղինակ:

Անվանի բժիշկը պարգևատրվել է «Արցախի երախտագիտության, ՀՀ ԱԺ պատվո մեդալներով, նրան շնորհվել է «Վաստակավոր բժշկի» պատվավոր կոչում:

Ապագան՝ համալսարանական կլինիկաներինն է

Ուրոլոգիայի և առհասարակ բժշկության այլ ոլորտների զարգացումը հմուտ մասնագետը տեսնում է համալսարանական կլինիկաների ստեղծման ճանապարհով, որովհետև համալսարանական կլինիկաներում աշխատում են ուսուցիչներն ու նրանց աշակերտները՝ տեսական գիտելիքները համադրելով գործնական հմտությունների զարգացման հետ: Այդտեղ չեն կարող լինել մարդիկ, որոնք անտարբեր են գիտական հետազոտությունների և դասավանդման հանդեպ: Բժիշկ-գիտնականը վստահ է, որ ապագան համալսարանական կլինիկաներինն է, քանի որ բժիշկ պատրաստելու հարցում կլինիկական մտածելակերպը և կրթությունը չափազանց մեծ, եթե ոչ առաջնային նշանակություն ունեն: Պատահական չէ, որ նա ողջունում և մեծ հույսեր է կապում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ուրոլոգիական կլինիկայի հետ. կարևոր նախաձեռնություն, որն արդեն իրականություն է:

 

Ուսուցիչներին չի մոռանում

Երևանի պետական բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո Իվան Աղաջանյանը Վանաձորում շտապօգնության բժիշ է աշխատել: Երկու տարի անց Լեինինգրադի բժշկական ինստիտուտի ուրոլոգիական կլինիկայում, որը ղեկավարում էր պրոֆեսոր Աշոտ Գասպարյանը, ընդունվում է ասպիրանտուրա: 1967թ. պաշտպանում է թեկնածուական ատաենախոսությունը և վերադառնում Հայաստան՝ աշխատանքի անցնելով Բժիշկների կատարելագործման ինստիտուտի ուրոլոգիայի կլինիկայում: 1978թ. այստեղ հիմնվում է ուրոլոգիայի ամբիոնը, որը ճանաչում ուներ Խորհրդային Միությունում: Հետագայում ևս շարունակվում են Իվան Աղաջանյանի գիտական նվաճումները: 1983թ. նա պաշտպանում է դոկտորական ատենախոսությունը՝ «Ջերմուկի բուժական ազդեցությունը» թեմայով, այնուհետև Խորհրդային Միության բարձրագույն որակավորման խորհուրդը բժշկական գիտությունների դոկտորին շնորհում է պրոֆեսորի գիտական աստիճան: Իվան Աղաջանյանը 1992թ. Երևանում առաջինն է ստեղծել ուրոլոգիայի համալսարանական կլինիկան և ներդրել ուրոլոգիայի գծով եռամյա ռեզիդենտուրան:

Իվան Աղաջանյանի աշխատասենյակում փակցված են նրա ուսուցիչների ու գործընկերների լուսանկարները, որոնցից նա սովորել է, և հետագայում գիտելիքները փոխանցել կրտսեր սերնդին: Կյանքի տարբեր շրջափուլերում հանդիպած հետաքրքիր մարդկանց բժիշկն առ այսօր չի մոռանում, բոլոր հանդիպումների վայրն ու տարեթիվը անգիր է հիշում:

Կենտրոնական լուսնակարում ուսուցիչներն են՝ իր թեկնածուական ատենախոսության ղեկավար Աշոտ Գասպարյանը, որը Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի վարիչն էր, Լենինգրադի գլխավոր ուրոլոգը։ Հաջորդ լուսանկարում դոկտորականի ղեկավար ակադեմիկոս, Սոցիալական աշխատանքի հերոս Նիկոլայ Լոպատկինն է։ ՌԴ Ն.Ի.Պիրոգովի անվան ազգային ազգային հետազոտական բժշկական ինստիտուտի ներկայցուցիչը ուրոլոգիայի ոլորտի առաջատարներից է․ Նրա անունը հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ դաշնության սահմաններից դուրս:

 

Այսօր պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան օրն է, որը նա ձևավորված ավանդույթի համաձայն, կնշի ընտանիքի, ընկերների ու աշակերտների հետ հարազատ դարձած Դիլիջանում:

Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան
Լուսանկարները՝ Կարեն Սերոբյանի, և Իվան Աղաջանյանի անձնական արխիվից