Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկագիտության լեզվի նվիրյալը

Բժշկագիտության լեզվի նվիրյալը

«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը». Հովհաննես Թումանյանի այս խոսքերն ավելի քան բնորոշում են այն համոզմունքները, որով երկար տարիներ առաջնորդվում է հնդեվրոպաբան, լեզվագետ, ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ,  բ.գ.թ., դոցենտ, Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսոր Հենրիետա Սուքիասյանը: ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 24-րդ մասը հմուտ մասնագետի ծննդյան օրվան ընդառաջ ընթերցողին կպատմի նրա անցած ճանապարհի մասին։ Նա մասնագիտական ողջ կյանքը նվիրել է հայոց լեզվի՝ աշխարհի հնագույն լեզուներից մեկի ուսումնասիրմանն ու տարածմանը։  

Բժշկականում շատերը կփաստեն, որ անհնար է պատկերացնել տիկին Սուքիասյանին առանց ստեղծագործական որևէ նոր նախաձեռնության։ Բոլոր ծրագրերի առանցքում ուսանողներն են ու նրանց շուրթերով հնչող հայերենը։ Հենրիետա Սուքիասյաի ներկայությամբ ոչ միայն ուսանողները, այլև թե՛ ավագ, թե՛ կրտսեր գործընկերները ակամա կարծես փորձում են ավելի գեղեցիկ խոսել հարազատ լեզվով։ Տարվա ընթացքում, խմբագելով տասնյակ բժշկագիտական մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժամանակակից տեխնոլոգիաներից  օգտվելով հանդերձ՝ տարիների փորձ ունեցող մասնագետը հավաստիացնում է՝ իր հիմնական զենքը գրիչն է, աշխատանքային նյութը՝ տպագիր թուղթը։

Կենսագրական տվյալներ

Հենրիետա Սուքիասյանը ծնվել է Գյումրիում։ Միջնակարգ կրթությունը Երևանում ստանալուց հետո 1959-1965թթ. սովորել է Երևան Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում։  1965-1967թթ. Մասիսի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր, 1965-1970թթ. ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ասպիրանտ՝ հնդեվրոպական լեզուների համեմատական քերականության գծով, 1970-1989թթ. նույն ինստիտուտում կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, իսկ 1989-1995թթ., 2014թ. առ այսօր լեզվի ինստիտուտում համատեղությամբ ավագ գիտաշխատող։  1989թ. Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի ավագ դասախոս, ապա դոցենտ, 1995թ. առ այսօր Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, միաժամանակ ի պաշտոնե համալսարանում հրատարակվող բժշկագիտական գրականության, «Բժշկություն, գիտություն և կրթություն» գիտատեղեկատվական հանդեսի լեզվաբան-խմբագիր, բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկման ծրագրի ղեկավար։ 2000թ. ԵՊԲՀ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ արժանացել է համալսարանի «Ոսկե մեդալի»։  2005թ. Ստեփանակերտում հայ գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին զեկուցումով հանդես գալու համար համալսարանի ղեկավարության կողմից ստացել է շնորհակալագիր։ 2010թ. ԵՊԲՀ հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ արժանացել է «Ոսկե կրծքանշանի»։  2014թ. ԵՊԲՀ «Բարձրագույն բժշկական կրթության ներկան և ապագան» խորագրով XX ուսումնամեթոդական գիտաժողովին ակտիվ մասնակցելու և բանավոր զեկուցումով հանդես գալու համար շնորհվել է հավաստագիր։ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Օշականում մայրենի լեզվին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար ստացել է շնորհակալագիր, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից արժանացել է վկայականի՝
2015թ. դասախոսների վերապատրաստմանը մասնակցելու համար։

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կողմից 2016թ մեծանուն լեզվաբան Հր. Աճառյանի ծննդյան 140–ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցելու համար ստացել է շնորհակալագիր:

2019թ հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան 150 – ամյակին նվիրված «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» միջազգային գիտաժողովին ակտիվորեն մասնակցելու համար շնորհվել է հավաստագիր:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված Հյուսիսային համալսարանի կողմից պարգևատրվել է «Թումանյան 150» հուշամեդալով, «Աշխարհի գույները» խորագրով 5-րդ երաժշտական փառատոնին «Վերնատուն» երգչախումբը, ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ԵՊԲՀ  հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը  «Հանդես» փրոդաքշնի կողմից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ստացել են մրցանակներ և պատվոգրեր:

Պատմական ակնարկ

Նախքան հայոց լեզվի ամբիոնի հիմնադրումը 1989-1992թթ.. դասավանդել է բժշկական ինստիտուտի արտասահմանցիրների համար ռուսաց լեզվի ամբիոնում գործող հայոց լեզվի և գրականության դասընթացում: Սկզբնական շրջանում հայոց լեզվի և գրականության դասընթացը նախատեսված էր միայն ռուսական կրթություն ունեցող ուսանողների համար: Հայոց լեզվի ամբիոնը հիմնադրվել է 1992թ. արտասահմանցիների համար ռուսաց լեզվի ամբիոնում գործող հայոց լեզվի և գրականության դասընթացի հիման վրա: Գործունեության վաղ շրջանում ամբիոնում աշխատել են Մ. Հ. Դարբինյանը, Հ. Վ. Սուքիասյանը. Ա. Շ. Դանիելյանը, Ա. Շ. Ավետիսյանը, Ա. Գ. Ավետիսյանը, Ս. Խ. Թորոսյանը, Հ. Գևորգյանը, իսկ հետագայում ամբիոնը համալրվել է նոր մասնագետներով՝ Լ. Խ. Թորոսյան, Ն. Ա. Թոռունյան, Գ. Ա. Դավթյան, Մ. Լ. Աթաբեկյան, Ա. Ա. Ավետիսյան, Մ. Հ. Բաբայան, Ն. Հ. Եղիազարյան, Ա. Բ. Սիսյան, Ս. Ա. Լալայան, Ս. Ս. Մինասյան, Դ. Գրիգորյան, Ա. Ստեփանյան, Մ. Ասատրյան, Ս. Մալխասյան, Ա. Ղարիբյան և այլք:

Կարևոր դեր է ստանձնել ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնը բժշկական լեզվի կանոնարկման, մշակման, դասավանդման աշխատանքներում: Այժմ ամբիոնի հիմնական գործառույթներից մեկը տեղացի ուսանողներին հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն դասավանդելն է: ԵՊԲՀ-ում դասընթացը կոչվում է հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն:

Ամբիոնի դասախոսական անձնակազմի նպատակն է՝

  • տեղայնացնել դպրոցում ձեռք բերած հանրակրթական լեզվական գիտելիքները,
  • խորացնել հայոց լեզվի իմացության մասնագիտական ուղղվածությունը,
  • հայերենի իմացության այն անհրաժեշտ հիմքը դնել, որի վրա հնարավոր լինի շարունակել բժշկագիտական լեզվի յուրացումը մյուս բոլոր դասընթացների միջոցով:

Տեղացի ուսանողներին առարկան դասավանդվում է 1-ին կուրսում շաբաթական 2 ժամով:

Երկարամյա փորձ ունեցող մասնագետի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է.   հնդեվրոպաբանություն, հայ լեզվաբանության պատմություն, բժշկագիտական լեզվի և տերմինների կանոնարկում։  1984թ. նա պաշտպանել է «Ածականը հայերենում» թեմայով թեկնածուական թեզ՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1990թ. ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից շնորհվել է դոցենտի կոչում՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։ 2019թ Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ գիտության բնագավառում ձեռքբերումների և Հյուսիսային համալսարանի հետ բազմամյա համագործակցության համար  Հենրիետա Սուքիասյանին շնորհվել է «Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսորի» կոչում: Զեկուցումներով հանդես է եկել Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից կազմակերպված լեզվաբանների միջազգային գիտաժողովներում։ Խմբագրել է 250-ից ավելի ուսումնամեթոդական ձեռնարկներ և դասագրքեր, 100-ից ավելի գիտական հոդվածներ: Մենագրությունների, բժշկագիտական ուսումնական ձեռնարկների և շուրջ 100 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք լույս են տեսել Հայաստանում և արտերկրում։ 1991թ. մասնակցել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին։ Մասնագետը նաև ԵՊԲՀ ուսումնամեթոդական կենտրոնական խորհրդի անդամ է և հումանիտար առարկաների ուսումնամեթոդական խորհրդի նախագահ։  

Շուրջ 20 տարի եղել է «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարի հեղինակն ու վարողը

Միջինից բարձր սերնդի հեռուստադիտողը տարիներ անց էլ չի մոռանում  տասնամյակներ առաջ մայրենիին նվիրված նրա հաղորդումները, հմայիչ ու գերգրագետ խոսքը։ Այսօր էլ նա հայոց լեզվին նվիրված տարբեր հաղորդումների, միջոցառումների սպասված հյուրն է։

Օտարերկրացիները հայերենով են ճանաչում Հայաստանը

Հայոց լեզվի ամբիոնի վարիչը վստահ է՝ հայ մարդը որտեղ էլ լինի, ուսանի և ուսուցանի անկախ մասնագիտությունից պիտի պահի ու պահպանի իր հայեցի նկարագիրը, գնահատի և ճանաչի հայրենիքի պատմամշակութային արժեքները:

«Բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնն օտարազգի ուսանողների ուսուցման երկարամյա փորձ ունի: Հնդիկ, արաբ, պարսիկ, հորդանանցի, ինչպես նաև ԱՊՀ, սփյուռքահայ ուսանողներին հայերենի ուսուցումը նպատակ ունի սովորողներին հնարավորինս հաղորդակից դարձնելու մեր Մայրենիին, ազգային ոգու ակունքներին, ազգային ու համամարդկային արժեք ունեցող գործերին»,- ասում  է Հենրիետա Սուքիասյանը: Հայերենին չտիրապետող ուսանողներին հայոց լեզու դասավանդելն ունի ոչ միայն ուսումնական, այլև ճանաչողական նշանակություն:

Նրա գնահատմամբ օտարերկրացիները հայերենով են ճանաչում Հայաստանը: Այդ նպատակով անհրաժեշտ է օտարերկրյա ուսանողների մեջ հետաքրքրություն առաջացնել մեր հնագույն լեզվի և մշակույթի նկատմամբ: Եվ որպեսզի համալիր ուսուցումը նպատակին ծառայի, օտարախոս ուսանողները պետք է զգան հայոց լեզվի առանձնահատկությունն ու հնչեղությունը։ Այսպիսով, ամբիոնում դասավանդող դասախոսների նպատակն է մշակել այլազգի ուսանողների բանավոր խոսքի մենախոսության, երկխոսության, բազմախոսության կաղապարները, զարգացնել նրանց բանավոր խոսքի մշակույթն այն նկատառումով, որ կարողանան ճիշտ հայերենով շարադրել իրենց մտքերը, տիրապետեն խոսակցական լեզվին, զրույցներ վարեն առօրյա թեմաներով:

 «Վերնատունը» համախմբել է հայ և օտարերկրացի ապագա բժիշկներին

Եթե երբևէ ականատես լինեք, թե ինչպես են հնդիկ, արաբ, պարսիկ, այլազգի քաղաքացիները ոչ միայն  խոսում, այլև երգում են մեր լեզվով՝ հայերենով, ապա չզարմանաք՝ ամենայն հավանականությամբ Դուք այցելել եք բժշկական համալսարան, Հայոց լեզվի ամբիոն, որտեղ ազգային շունչը հենց մուտքից է զգացվում ու տարածվում։ Դա պատահական չէ, քանի որ  Հենրիետա Սուքիասյանի ղեկավարությամբ ամբիոնում 2001թ.-ից գործում է «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնը, որին հաջողվում է համախմբել ու հայոց լեզվի հանդեպ սեր սերմանել, ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի ապագա բժիշկներին:  

«Վերնատան» անդամները ոչ միայն բժշկական բուհում, այլև այլ համալսարաններում կազմակերպվող մշակութային միջոցառումների սպասված հյուրն են։

Ուշագրավ են 2015-2016թթ. ԳԱԱ-ում ակադեմիկոսներ Գ. Բ. Ջահուկյանի 95, Հր. Աճառյանի 140, 2017-2018թթ. պետական մանկավարժական համալսարանում անվանի լեզվաբաններ, պրոֆեսորներ Վ. Քոսյանի 85, Ա. Ա. Աբրահամյանի 100, 2019թ. Հյուսիսային համալսարանում  Հ. Թումանյանի 150 ամյակներին բժշկական համալսարանի «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի, «Վերնատուն» համույթի հնդիկ, պարսիկ, հորդանանցի, սիրիացի, ԱՊՀ ուսանողների հայեցի խոսքը և երգը:

Տարիներ ի վեր Երևանի պետական բժշկական համալսարանում ավանդույթ է դարձել բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելը, և այդ միջոցառումները շարունակ կազմակերպել է ԵՊԲՀ «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնը: Արդեն 17 տարի է՝ կենտրոնը կատարում է հայրենանվեր գործ՝ բազմաբնույթ հետաքրքիր ու բավանդակալից հոբելյանական միջոցառումներով հարստացնելով համալսարանական առօրյան:  «Հ. Սահյան-90», «Բարեկամության կամուրջներ», «Անուշ» պոեմի 100-ամյակին նվիրված միջոցառումներ:

Ուշադրության են արժանի հատկապես գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումը Արցախում (Գանձասար, Շուշի, Ամարաս), Մայրենի լեզվի օրը, Մայիսյան հաղթարշավները, Մեծ եղեռնի տարելիցը:

Կենտրոնի գործունեությունը չի վրիպում նաև  ԶԼՄ-ների ուշադրությունից։  Նախորդ տարի «Վերնատունը» Հենրիետա Սուքիասյանի ղեկավարությամբ Հանրային հեռոստաընկերության «Երգերգոց» հաղոդման հյուրն էր։   

Երևանի պետական բժշկական համալսարանի և Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի համատեղ ջանքերով անցկացվեց «Թումանյան-150» միջոցառումը, որի ընթացքում «Վերնատուն» երգչախմբի ուսանող-սաները Թումանյանի ստեղծագործությունները կարդացին հայերենով ու կատարեցին Կոմիտասի ու այլ հեղինակների ստեղծագործություններ:  Դասականներից բացի, նաև ժամանակակից ստեղծագործություններ են կատարում։ Համո Սահյանի հեղինակած խոսքերի և Սասուն Պասկևիչյանի երաժշտության հիման վրա  գրված «Մեր լեզուն» ստեղծագործությունը ընդգրկված է նրանց հիմնական երգացանկում։

Գիտամշակութային կենտրոնի գործունեության շրջանակում կազմակերպվում են նաև ուսանողական միջամբիոնական գիտաժողովներ, տեղացի և արտասահմանցի ուսանողների միջխմբային և ներխմբային բանավոր խոսքի, հայրենագիտական թեմայով մրցույթներ:  «Վերնատունը» հայոց լեզվի ամբիոնի, վարիչ Հենրիետա Սուքիասյանի ստեղծագործական աշխատանքների մի մասն է:  Ամբիոնում տարվա ընթացքում նախաձեռնում ու կազմակերպում են նորանոր միջոցառումներ: Բոլոր նախաձեռնությունների առաջին ու առաջնային նպատակը մեկն է՝ հանրահռչակել ու պահպանել հայերենը, կամ ինչպես բնորոշել է անգլիացի բանաստեղծ Ջորջ Բայրոնը՝ Աստծո հետ խոսելու միակ լեզուն։

 

 

Հեղինակ՝  Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները՝   Հենրիետա Սուքիասյանի անձնական արխիվից