Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկագիտության նվիրյալ Էմիլ Գաբրիելյանը կդառնար 90 տարեկան

Բժշկագիտության նվիրյալ Էմիլ Գաբրիելյանը կդառնար 90 տարեկան

ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» շարքի հերթական թողարկումը նվիրվում է անվանի բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի 90-ամյա հոբելյանին: Բժշկական բուհում բժշկագիտության նվիրյալներին չեն մոռանում: Ավագ ուսուցիչների թողած հսկայական ժառանգությունն այստեղ խնամքով պահպանվում և փոխանցվում է սերունդներին:

Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր (1971-1975թթ.),  առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն այն անհատն է, որի մասին խոսելիս բժշկագիտության ոլորտի շատ ներկայացուցիչների մոտ վառ ու ջերմ հիշողություններ են արթնանում:

Էմիլ Սամսոնի Գաբրիելյանը դարաշրջանի մարդ էր: Շատերն են նշում, որ  շնորհակալ են ճակատագրին՝ բժշկապետին ճանաչելու  և, անկախ տարիքից՝ նրա  ընկերությունը վայելելու համար:

Պատմական ակնարկ

Էմիլ Գաբրիելյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 31-ին Աշտարակում: Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ: Դեռևս ուսանողական տարիներին ի հայտ են գալիս ապագա գիտնականի մեծ հետաքրքրությունները և 3-րդ կուրսից սկսած նա մասնակցում է դեղաբանության ամբիոնի ուսանողական գիտական խմբակի աշխատանքներին: Ուսանողական գիտական կոնֆերանսներում ՝ Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Լենինգրադում նրա կարդացած զեկուցումներն արժանանում են բարձր գնահատականի՝ ԽՍՀՄ առողջապահության նախարարության պատվոգրի, Վրաստանի և Հայաստանի կոմերիտմիության կենտկոմների պատվոգրերի: Ուսանողական տարիներին 5 տարի անընդմեջ նա ղեկավարել է բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի կոմերիտական կազմակերպությունը, իսկ 1953-1954թթ. եղել է ինստիտուտի ուսանողական գիտական ընկերության նախագահի տեղակալ:

1954 թվականը նրա կյանքում նշանավորվեց երկու կարևոր իրադարձությամբ՝ ավարտեց ինստիտուտը և «անմեղ մեղավորների» շարքում աքսորից վերադարձավ հայրը՝ հետևում թողնելով տանջալի ապրումների 17 երկար ու ծանր տարիները: Նորավարտ բժիշկը գործուղվեց Արթիկ՝ որպես շրջանային բուժմիավորման վիրաբույժ և դատաբժշկական փորձագետ, իսկ 1955 թվականից սկսած՝ բուժմիավորման գլխավոր բժիշկ և վիրաբույժ: 1959 թվականին 5 տարի շրջանում աշխատելուց հետո Է. Գաբրիելյանը վերադառնում է Երևան և գործուղվում ինստիտուտի դեղաբանության ամբիոն: 1967 թվականին արժանանալով դեղաբանության ամբիոնի դոցենտի կոչման՝ 6 ամսով գործուղվում է Մեծ Բրիտանիա՝ վերապատրաստման: Արտասահմանյան գործուղման հաջորդ հասցեն Շվեդիան էր: 1969 թվականին Է. Գաբրիելյանը նշանակվում է բժշկական ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր և մինչև 1971 թվականը հաջողությամբ ղեկավարում է այդ բնագավառը: Ամփոփելով իր ուսումնասիրությունների արդյունքները՝ նվիրված ուղեղային արյան շրջանառության վրա խոլինոլիտիկ միջոցների ազդեցությանը, 1971 թվականին ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդում պաշտպանում է ատենախոսություն՝ արժանանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի: Նույն թվականին նա նշանակվում է բժշկական ինստիտուտի ռեկտոր: Էմիլ Սամսոնի Գաբրիելյանը բժշկական համալսարանը ղեկավարել է չորս տարի (1971-1975թթ.):  Ձգտելով պահպանել և ամրապնդել լավագույն ավանդույթները՝ միաժամանակ հնարավորության սահմաններում բարձրացնել բուհի հեղինակությունը, նա ուշադրության կենտրոնում է պահում ինստիտուտում տարվող գիտական ու մանկավարժական աշխատանքները՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց մակարդակը, երկրին տալ բարձրորակ բժիշկներ՝ նպաստելով հայրենական բժշկագիտության տարբեր բնագավառների զարգացմանն ու գիտության նորագույն նվաճումները գործնական առողջապահության մեջ ներդնելուն:

Նրա հիմնական պահանջներից մեկը վերաբերում էր կադրերի պատրաստման կարևոր հարցին: Նա խիստ դատապարտում էր այն ամբիոններին, որոնք, ունենալով մանկավարժական և գիտական բարձր մակարդակ ունեցող մասնագետներ, չեն մտածում վաղվա հերթափոխի պատրաստման մասին: Նա դեմ էր արատավոր այն սկզբունքին, որը արմատավորվել էր որոշ ամբիոններում, երբ գիտական կոչման էին ներկայացնում՝ առաջին հերթին հաշվի առնելով տվյալ դասախոսի աշխատանքային ստաժը՝ սահմանելով որոշակի հերթ: Գիտամանկավարժական և գիտական կադրերի պատրաստման գործում բացառիկ դեր հատկացնելով ասպիրանտուրային՝ նա միաժամանակ քննադատում էր առողջապահության նախարարության և ասպիրանտուրայի վերաբերյալ վերադաս մարմինների կողմից կիրառվող քաղաքականությունը՝ նշելով, որ վերջին տարիներին աստիճանաբար կրճատվում է ասպիրանտների թիվը, քանի որ այն կանխորոշվում է տվյալ մասնագիտությունների գծով միայն բուհի պահանջներից ելնելով: Նա գտնում էր, որ ժամանակն է ուղղել սխալը՝ նկատի ունենալով, որ ինստիտուտը պետք է գիտական կադրեր պատրաստի նաև հանրապետության առողջապահության այլ մարմինների և բժշկական հիմնարկների համար:

Գիտահետազոտական աշխատանքների ծավալման և արդյունավետության բարձրացման գործում զգալի դեր հատկացնելով գիտական տեղեկատվությանը նա 1972 թվականին ինստիտուտում հիմնադրեց  գիտաբժշկական տեղեկատվության բաժին, որն առաջինն էր հանրապետության բուհերում: Էմիլ Գաբրիելյանին հուզող հարցերի թվում հատուկ տեղ էին զբաղեցնում տեսական ամբիոններում գիտամանկավարժական աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ուսումնական գործընթացի մակարդակն ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցը: Նա ջանք ու միջոց չէր խնայում, որ ընդարձակվի ինստիտուտի ուսումնական բազան. արագացվեցին նորակառույց բազմահարկ շենքի նախագծման և շինարարությունը սկսելու աշխատանքները:

Նրա նախաձեռնությամբ ինստիտուտի բակում կանգնեցված պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը դարձել է յուրօրինակ ուխտատեղի:

ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքի ճեմասրահը որմնանկարներով պատելու գաղափարը Էմիլ Գաբրիելյանինն է

Իր կյանքի լավագույն, ստեղծագործ տարիները Էմիլ Գաբրիելյանը նվիրաբերեց  բժշկագիտության մայր բուհին՝ որպես ռեկտոր՝ ուսուցանելով, պատրաստելով բարձրակարգ բժիշկների: Ով ներկա է եղել նրա դասախոսություններին,  վստահաբար չի մոռանա հմուտ դասախոսին` իր ձայնով, նյութի ուրույն մատուցմամբ:

Քչերը գիտեն, որ Էմիլ  Գաբրիելյանի անվան հետ է կապված ԵՊԲՀ կենտրոնական մասաշենքի ճեմասրահի՝ նախասրահի առաստաղը որմնակարներով պատելու, նկարազարդելու գաղափարը, ինչն այսօր էլ տարիներ անց յուրահատուկ տեսք է հաղորդում պատմական շենքի ներքին ճարտարապետությանը:

«Որոշեցի արմատական վերակառուցման ենթարկել ինստիտուտի շքամուտքը։ Իտալիա կատարած իմ ուղևորության աﬔնավառ տպավորություններից ﬔկը  Վատիկանում  Միքելանջելոյի կողﬕց ստեղծած  Սիքստինյան կապելլայի հանճարեղ որմնանկարներն էին, որոնք անջնջելի դրոշմ էին թողել իմ հիշողության և  երևակայության շտեմարանում։ Բժշկական ինստիտուտի շքամուտքի նախասրահը հետաքրքիր ճարտարապետական լուծում ուներ, սակայն տեսքն անշուք էր։ Գմբեթից ﬕայն սարդոստայններ էին կախվում, որոնք ժամանակ առ ժամանակ տանջվելով մաքրում էին հավաքարարները։

Իհարկե, առաստաղը և ՛ իր չափերով, և ՛  իր ձևով շատ հեռու էր  Վատիկանի այդ շինության առաստաղից, բայց այն կարելի էր ծածկել բժշկական ինստիտուտին համապատասխան բովանդակություն ունեցող որﬓանկարներով։ Բժշկության կրթական տաճարն էլ պետք է ունենար ինտերիերային բովանդակություն։ Այս խնդիրը լուծելու համար հրավիրեցի իմ լավ բարեկամ, երիտասարդ, շնորհալի մոնուﬔնտալիստ  Ռուդոլֆ   Գարգալոյանին: Գիշեր-ցերեկ նա իր ստեղծագործական մոլուցքի ﬔջ էր։ Երեք աﬕս անց որմնանկարը պատրաստ էր։  Բացումը կատարվեց հանդիսավոր պայմաններում։ Հրավիրվել էին շատ հյուրեր։ Դրվատանքի շատ խոսքեր ասվեցին…»,- մեջբերումը՝ Էմիլ Գաբրիելյանի 2009 թվականին լույս տեսած «Բեկորներ անցյալի հուշերից» գրքից:

1975 թվականին նրա առջև բացվում են գործունեության ավելի լայն հնարավորություններ. Է. Գաբրիելյանը նշանակվում է հանրապետության առողջապահության նախարար՝ միաժամանակ զբաղեցնելով ինստիտուտի դեղաբանության ամբիոնի պրոֆեսորի և ուղեղի արյան շրջանառության դեղաբանության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնները:

Որպես առողջապահության նախարար իր բազմաթիվ ծրագրերից մեկը նա նվիրել էր գյուղական վայրերի բժշկական հիմնարկները կադրերով ապահովելուն, որոնք իրականացնելու համար ամեն տարի շրջաններ էր գործուղում ավելի քան 250 նորավարտ բժիշկներ, ովքեր կազմում էին բժշկական ինստիտուտի տվյալ տարվա շրջանավարտների գերակշիռ մասը:

1988 թվականից Է. Գաբրիելյանը համատեղության կարգով ղեկավարել է բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնը, երկար տարիներ եղել է ԽՍՀՄ դեղաբանների միության վարչության նախագահութան անդամ, ԽՍՀՄ բժշկական մեծ հանրագիտարանի դեղաբանության գծով խմբագիր, առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի գործող ծրագրի ղեկավար, դրա խորհրդատվական կոմիտեի 25 անդամներից մեկը:

Մինչև 1989 թվականը Է. Գաբրիելյանը ՀՀ առողջապահության նախարարն էր: Շուրջ 14 տարի հանրապետության առողջապահության նախարարության գործունեությունը ղեկավարելուց հետո առողջապահության անվանի կազմակերպիչը շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը, իսկ դեղաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը՝ մինչև 1994 թվականը:

1992 թվականին նա ձեռնամուխ եղավ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության ստեղծման աշխատանքներին: Նրա ջանքերով ստեղծվեց և ձևավորվեց մի կազմակերպություն՝ հզոր կադրային և նյութատեխնիկական ներուժով, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ժամանակին գնահատվում էր որպես ԱՊՀ երկրների ամենաառաջատար կազմակերպություններից մեկը:

Ընտրվելով հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և նախագահության անդամ՝ նա աշխատանքի անցավ ակադեմիայի համակարգում: Էմիլ Գաբրիելյանի գործունեությունը, մենագրությունները բարձր են գնահատվել աշխարհի նշանավոր գիտնականների կողմից:

Իր գիտական աշխատանքների արդյունքների մասին անվանի գիտնականը բազմիցս հանդես է եկել միջազգային տասնյակ գիտաժողովներում: Նա հեղինակ է 10 հայտնագործության, ընդգրկվել է միջազգային 10 հանրագիտարաններում, արժանացել բազմաթիվ մրցանակների, պարգևների, շնորհների: Ակադեմիկոս Է. Գաբրիելյանն առաջին հայ գիտնականն է, ով արժանացել է Միավորված Ազգերի կազմակերպության, գիտության, կրթության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային Կալինգայի մրցանակի:

Կենսագրական տվյալներ

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մի շարք ակադեմիաների և գիտական խորհուրդների անդամ էր (Անոթաբանների միջազգային քոլեջի գիտական խորհրդի անդամ, «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, Գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ֆրանսիայի դեղագիտական ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի բնական և բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիաների իսկական անդամ և այլն): 1996-1998թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղերի ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ: Շուրջ 15 տարի Է. Գաբրիելյանը ղեկավարել է առողջապահության նախարարությունը, և այդ տարիներին բացվել են բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ինստիտուտներ և լաբորատորիաներ, որոնցից ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում:

Է. Գաբրիելյանի անմիջական նախաձեռնությամբ 1988-ի երկրաշարժին հաջորդած ամիսներին Երևանում հիմնադրվել է «Սթրես» կենտրոնը: Նա նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերել «Արմենիկում» հրատապ ծրագրին: Նշենք, որ Է. Գաբրիելյանը հեղինակ է 420-ից ավելի գիտական հրատարակությունների, այդ թվում՝ 17 գրքի (մենագրություններ և դասագրքեր), ունի 10 հեղինակային վկայագիր: Լինելով դեղաբանների ընկերության նախագահ` ակադեմիկոս Գաբրիելյանը նաև «Առողջապահություն», ԳԱԱ «Փորձարարական և կլինիկական բժշկություն» խմբագրական կոլեգիաների, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի «Փորձարարական և կլինիկական դեղաբանություն» ամսագրի խմբագրական խորհրդի և մի շարք այլ ամսագրերի խմբագրական կոլեգիաների և խորհուրդների անդամ էր:

Աշխատանքների արդյունքների և մատուցած ծառայությունների համար նա արժանացել է մի շարք մրցանակների, կոչումների, պարգևների, այդ թվում Ասպետների համաշխարհային կոնֆեդերացիայի «Մարդասիրության ասպետ» ազնվական տիտղոսի, ԽՍՀՄ Կարմիր խաչի «Պիրոգովի անվան» մեդալի, «Սեչենովի անվան», «Կրակովի անվան» մեդալների, «Ոսկե սկավառակ»-ի (ԱՄՆ) և «Պլատինե սկավառակ»-ի (Մեծ Բրիտանիա)` գիտական բացառիկ նվաճումների համար, Տոկիոյի Կիտազատո համալսարանի ոսկե մեծ մեդալի, «Չիժևսկու անվան» ոսկե մեդալի, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի մեդալների, Միջազգային դեսպանի շքանշանի, UNESCO-ի «Կալինգա» մրցանակին: Գիտության բնագավառում մատուցված ծառայությունների համար Գաբրիելյանը ստացել է «Վ.Վերնադսկու անվան ոսկե աստղ» բարձրագույն շքանշանը: Հայաստանի Հանրապետության նախագահը 2000թ. Է. Գաբրիելյանին շնորհել է Մխիթար Հերացու մեդալ, իսկ 2008թ. Ամենայն հայոց կաթողիկոսը «Սուրբ Մաշտոց-Սուրբ Սահակ» շքանշանը:

Ուշագրավ է, որ ակադեմիկոսի կենսագրական տվյալներն ընդգրկված են տասից ավելի միջազգային և ազգային հանրագիտարաններում:

Ի հիշատակ մեծ ուսուցչի…

ՀՀ առողջապահության այդ տարիների նախարար, այժմ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի անմիջական նախաձեռնությամբ 2015 թվականի հունվարի 31-ին, Մոսկովյան 31 հասցեում Էմիլ Գաբրիելյանի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում, բացվեց ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակ, որի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է: Այսպիսով՝ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների, ընկերների, պարզապես նրան ճանաչող մարդկանց շրջանում  ձևավորվեց ավանդույթ՝ ամեն տարի ակադեմիկոսի ծննդյան օրը ծաղիկներ խոնարհել հուշատախտակի առաջ:

Նկարահանվեց նաև Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք…» փաստագրական ֆիլմը, որը  ՀՀ ԱՆ «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումն էր: Ֆիլմի անվանումը պատահական չէր ընտրվել. սա հենց անվանի բժիշկ-գիտնականի հեղինակած բանաստեղծությունից արված մեջբերում է.

Ամեն եղանակ իր համն ունի

Իր բույրը ուրույն, իմաստն իր խորին…

Ապրիր լիարժեք ամեն պահի մեջ՝

Իր հանգ ու չափով, իր համով, հոտով…

Հիշի՛ր, որ դու կաս, դիպված է միայն,

Մի վիճակախաղ՝ տիեզերական…

Դարերի ծոցում տխուր ակնթարթ,

Մի հևք անցողիկ, մի ցոլք աննշան…

Հենց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առաջին անգամ ցուցադրված ֆիլմում անվանի գիտնականին գործընկերները, ընկերներն ու ընտանիքի անդամները ներկայացնում են մանկավարժի, առողջապահության կազմակերպչի, ավագ գործընկերոջ, հոգատար հոր, պապի կերպարներում:

Էմիլ Գաբրիելյանի՝ ԱՄՆ-ում բնակվող  ընտանիքի աջակցությամբ ստեղծվեց նաև «Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամը:  Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է նաև այն, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2015 թվականի հունվարից, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ը հպարտորեն կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի պատվավոր անունը:

Նշենք, որ 2019-ի սեպտեմբերին բժշկական համալսարանում վերաբացվեց բուհի խորհրդանիշներից մեկը՝ 4-րդ լսարանը, որը Գիտական խորհրդի որոշմամբ՝ բժշկական կրթության զարգացման, առողջապահության ոլորտում մեծ ներդրման և ավանդի համար անվանակոչվեց բուհի նախկին ռեկտորի անունով:

2020 թվականին Էմիլ Գաբրիելյանի անունը կրող լսարանին կից բացվեց նաև ականավոր բժիշկ-գիտնականի հարթաքանդակը:  «Վերադարձ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ-ում կշարունակվեն բացվել ականավոր ուսուցիչների անունները կրող լսարաններ: Այս ծրագիրը հաստատում է սերունդների միջև կապը:

Լուսանկարները՝ Գաբրիելյանների ընտանիքի անձնական արխիվից